Արցախում  մարտի 31-ին կայանալիք ընտրությունները չեն չեղարկվի։ Թեկնածուներն առ այս պահը շարունակում են քարոզարշավը՝ խուսափելով փակ տարածություններում մարդկանց հետ շփումներից։

Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, և չնայած թեկնածուներից Վիտալի Բալասանյանն առաջարկել է արտակարգ դրություն հայտարարել, իսկ մեկ այլ թեկնածու Վահան Բադասյանը՝ հետաձգել ընտրությունները, քաղաքական կյանքը շարունակվում է իր բնականոն հունով, փոփոխություններ չկան։

Թերևս հիմնական խնդիրը կառաջանա բուն ընտրությունների անցկացման օրը՝ առանց դիտորդների ներկայության։ Համաճարակի պատճառով Արցախում հավանաբար դիտորդներ չեն լինի, և արդյոք նման պայմաններում ընտրությունները կանցկացվե՞ն ազատ ու թափանցիկ։

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ներկայությունը մեծամասամբ ոչինչ չի փոխում ընտրությունների լեգիտիմության տեսանկյունից. «Ինձ առհասարակ զարմացնում է ընտրությունների վերաբերյալ մեր հասարակության մեծամասնության, ինչպես նաև որոշ լրատվամիջոցների տարրական գիտելիքների բացակայությունը։ Շատ երկրներ ընտրություններն անցկացնում են առանց դիտորդներ հրավիրելու, և դա շատ նորմալ է»։

Ըստ Օհանջանյանի՝ դիտորդները կարող են իրենց զեկույցներում պարզապես մատնանշել այս կամ այն թերությունը, խորհուրդներ տալ, թե հաջորդ ընտրություններն ինչպես անցկացնել, որ ավելի լավ ստացվի. «Եվ ընդամենը այդքանը։ Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների լեգիտիմությանը, դա որոշում է հենց ինքը՝ ժողովուրդը, իր ակտիվ մասնակցությամբ ու ընտրությամբ։ Իսկ Արցախում իշխանություններն ու հասարակությունը շահագրգռված են ազատ ընտրությունների անցկացմամբ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իրենց համար չափազանց կարևոր է համոզված լինել, որ արդար ընտրություններ են անցկացրել, որի արդյունքում էլ նոր իշխանություն է ձևավորվել. «Բացի այդ՝ մեր երկրում գործում է հարյուրից ավելի ոչ կառավարական կազմակերպություն, որոնք ունեն մոնիթորինգ անցկացնելու և ընտրությունների ժամանակ դիտորդություն անելու փորձ։ Այնպես որ՝ մտահոգվելու առիթ չկա։ Ես համոզված եմ, որ ընտրություններն արդար են լինելու, և դրա արդյունքում ձևավորվելու է հետխորհրդային տարածքի  ամենալեգիտիմ իշխանությունը»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր չկան, և առաջին հերթին այն պատճառով, որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել: «Ընտրությունները լավ կլինի, որ կայանան, բայց կա երկու խնդիր։ Հայաստանի կառավարությունը պետք է  հաշվի առնի այն հանգամանքը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություն է իրենից ենթադրում։ Եթե Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, ձևավորվել են այնպիսի իրավիճակ և այնպիսի քաղաքական, սոցիալական հարաբերություններ, որոնք արտահայտում են ժողովրդի իշխանության էությունը, նույնը պետք է ամեն կերպ լինի Արցախում։ Հայաստանի իշխանությունը պարտավորություն ունի Արցախում ամեն կերպ, ցանկացած օրինական մեթոդներով ձևավորելու այդպիսի հարաբերություններ, որևէ ուժի հնարավորություն չտալ Արցախում շարունակելու այն բարքերը, որոնք Հայաստանում եղել են մինչև 2018 թվականը։ Երկրորդ հերթին՝ հենց Արցախում գոյություն ունեցող քաղաքական հասարակական միավորները, սոցիալական ուժերը պետք է հաշվի առնեն, որ Արցախը Հայաստան է, որտեղ ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն։ Ցանկացած այնպիսի միավոր, որը համարում է, որ ինքը պետք է շարունակի  իրեն դրսևորել ավտորիտար համակարգի մեջ, Արցախում գոյության իրավունք չպետք է ունենա»,- ասաց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկրորդ փուլ անցնելու շանսեր ունեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը. «Իհարկե հնարավոր է, որ դա իրականություն չդառնա՝ հաշվի առնելով այն, որ մենք հիմա տեղում չենք, և  վերլուծությունն արվում է համաձայն երկրորդային աղբյուրների։ Մնացած առումով կարծում եմ, որ ընտրությունները պետք է որ կայանան համաձայն ժողովրդավարական արժեքների, և այստեղ կարևոր է  ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի իշխանությունների դերը չափազանց կարևոր է։ ՀՀ իշխանությունները պետք է կոշտ կերպով Արցախից պահանջեն ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համահունչ և այնպես անել, որ Արցախի ժողովրդի կամարտահայտումը ստանա իրավական ձևակերպում։ Ցանկացած այլ զարգացման դեպքում Արցախի հարցում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, որոնք հետագայում շատ ավելի լուրջ խնդիրների են բերելու, քան հիմա Հայաստանի իշխանությունների կոշտ միջամտությունն է»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •