Արմեն Սարգսյանը աշխույժ շփումների մեջ է արտաքին տիրույթում

- in Ով ով է ...

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ: Հեռախոսազրույցի թեման բնականաբար եղել է կորոնավիրուսի դեմ պայքարը, երկու երկրներում առկա վիճակն ու համատեղ ջանքի կարևորությունը:

Այստեղ հատկանշական է երկու հանգամանք: Անկասկած է, որ կորոնավիրուսը փոխում է համաշխարհային հարաբերությունների տրամաբանությունն ու հոգեբանությունը և այս տեսանկյունից ներկայումս իրավիճակը այսպես ասած եռաչափ է՝ առողջապահական շերտ, տնտեսական շերտ և միջազգային քաղաքականության շերտ: Այդ իմաստով հատկանշական է Հայաստանի նախագահի այս օրերին ստանձնած դերակատարումը:

Արմեն Սարգսյանը աշխույժ շփումների մեջ է արտաքին տիրույթում, ինչը կարող է լինել Հայաստանի պետական քաղաքականության հետաքրքիր բալանսի դրսևորում՝ երբ կառավարությունն անմիջականորեն զբաղված է ներքին իրավիճակի կառավարմամբ և խնդիրների օպերատիվ ու ռազմավարական դիտարկումով, նախագահը՝ որն այդ հարցերում չունի անմիջական լիազորություն, իր գործառույթները իրացնում է արտաքին դաշտում տեղի ունեցողի զարկերակին հետևելու և այդ թվում իր միջազգային կենսափորձի ու կապի շնորհիվ Հայաստանի համար հաղորդակցության ապահովման ուղղությամբ:

Կատարի Էմիրի հետ զրույցն անշուշտ այդ շարքից հերթականն է, որը նաև ունի այլ էական նշանակություն: Կատարը կարող է լինել նաև Հայաստանի տնտեսության որոշակի դոնոր, լինելով հսկայական կապիտալ տնօրինող մերձավորարևելյան պետություններից մեկը: Միաժամանակ, այդ համատեքստում լինելով նաև քաղաքական իմաստով ռեգիոնի կարևոր կետերից մեկը, Կատարը բավականին ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, ինչի վկայությունն են դեռևս 2017 թվականից երկրների միջև սերտացած հարաբերությունն ու փոխայցերը բարձր մակարդակով:

Ըստ այդմ, տնտեսությունն այստեղ կարող է դառնալ նաև քաղաքական և անվտանգային համատեղ շահերի սպասարկման գործիքներից մեկը: Այն, ինչ կատարյան կապիտալի տեսակարար կշռում կարող է լինել ոչ շատ շոշափելի, Հայաստանի պարագայում կարող է դառնալ էական ներդրում կամ ներարկում, զգալիորեն ազդեցութուն ունենալով տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կենսունակությունը պահելու գործում: Հայաստանն այդ իմաստով ունի ոչ միայն ներքին տնտեսական վերակազմակերպման, այլ նաև արտաքին գործընկերների և դաշնակիցների հետ շփումների սերտացման անհրաժեշտություն: Համաշխարհային մեծ վերափոխումը չի ների որևէ ուշացում կամ հապաղում, ըստ այդմ վաղվա ծրագրերը պետք է գործընկերներին ներկայացնել արդեն այսօր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments