Արմեն Սարգսյանը ներկայումս «իրենց մոտ ծառայության» չէ, ինչպես ակնկալվում էր այն ժամանակ

- in Ով ով է ...

Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով այն քննադատությունների մասին, որոնք կապված են Սահմանադրական հանրաքվեի որոշումը ստորագրելու հետ:

Ընդհանրապես, ՍԴ հարցի առումով Արմեն Սարգսյանը հայտնվել է նախկին իշխող համակարգի քննադատության, կոշտ քննադատության տարափի տակ, որի նոր առիթն էլ սահմանադրական հանրաքվեի օրը նշանակելու վերաբերյալ նրա որոշումն էր: Արմեն Սարգսյանը հայտնել է, որ այդ քննադատները լավ չեն կարդում Սահմանադրությունը, այլապես տեղյակ կլինեին, որ անգամ իր չստորագրելու դեպքում հանրաքվեն միևնույն է նշանակվելու էր՝ երեք օր հետո: Այդպիսին է Սահմանադրությունը, այն Սահմանադրությունը, որն ընդունել են ներկայումս կոշտ ընդդիմության դիրքերում գտնվող նախկին մեծամասնության ներկայացուցիչները:

Նախագահ Սարգսյանը սակայն մի հարցում սխալվում է: Իրեն քննադատողները թերևս լավ գիտեն Սահմանադրությունը, կարդալու կամ լավ կարդալու խնդիր չունեն, բացառությամբ գուցե որոշ առանձին ներկայացուցիչների: Պարզապես, նրանք խնդիր ունեն այն իրողության հետ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայումս «իրենց մոտ ծառայության» չէ, ինչպես ակնկալվում էր այն ժամանակ, երբ նրան սահմանադրական իրենց գծած լիազորություններով կամ ավելի շուտ էական լիազորությունների պակասով ընտրում էին նախագահի պաշտոնին: Այն ժամանակ ակնկալվում էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը լինելու է կառավարող մեծամասնության գեղեցիկ, տպավորիչ, արհեստավարժ քողը, որը մի կողմից հանրային տրամադրություններն է մեղմելու իր բարի ժպիտով, չվարկաբեկված կենսագրությամբ և քաղաքական արհեստավարժությամբ, մյուս կողմից ծածկելու է կառավարող համակարգի դեմքն արտաքին տիրույթում՝ իր միջազգային կենսափորձով, ձեռք բերած հեղինակությամբ, կապերով:

Այլ կերպ ասած, նախագահ Սարգսյանն այդ համակարգի համար դիտարկվում էր հովանոցի կամ անձրևանոցի կարգավիճակով, որը ներսում, թե դրսում կպաշտպանի արևից ու անձրևից: Սակայն, իրականությունը բոլորովին այլ եղավ, իրադարձությունների զարգացումը հանգեցրեց բոլորովին այլ տրամաբանության և իրադրության և նախկին իշխող համակարգն այժմ ուզում է, որ Հայաստանի հանրապետության փոխարեն, նախագահ Սարգսյանը շարունակի ծառայել իրեն, ու քանի որ նախագահ Սարգսյանը փաստորեն հրաժարվում է դրանից, հայտնվում է քննադատության տարափի տակ: Սահմանադրությունն այստեղ որևէ կապ չունի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments