Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող 27-ամյա քաղաքացին կրակել է իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ

- in Իրավունք
Atrchanak

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը:

Քրեական հետախույզները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են Վ. Կիրակոսյանին, որի մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ: Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կողմից 2019 թ.-ի նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով: Վ. Կիրակոսյանը կալանավորվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments