Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց:

Մասնավորապես, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ, կոնորավիրուսի հետ կապված, իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձեւավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը եւ ռազմավարությունը պետք է լինի հետեւյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք եւ ձեւավորենք, այսպես ասած, ազատ եւ անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաեւ հետեւելով իրադարձություններին», – ասաց Փաշինյանը: Վարչապետի այս հայտարարությունը կարող է երկիմաստ ընկալվել՝ կա՛մ խոսքը պարզապես կորոնավիրուսային իրավիճակին է վերաբերում, կա՛մ էլ հենց արտակարգ դրությանը:

Ամեն դեպքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տեւել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,-ասվում է հոդվածում: Միեւնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, եւ կրկին՝ 30-օրով»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments