Արտաշատում օրը ցերեկով տղամարդը ատրճանակը ձեռքին հետապնդել ու մարդկանց աչքի առաջ սպանել է իր եղբորը սպանողին

- in Իրավունք
Atrchanak

1998 թվականին Արտաշատում Հրանտ Ջ.-ն սպանել էր  համաքաղաքացի, մարզական հեռանկարներ ունեցող Մ.-ին: Հրանտը դիտավորյալ սպանության համար մեղադրվել ու դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:

2005 թ. մարտին նա պայմանական-վաղաժամկետ ազատ է արձակվել ու վերադարձել հայրենի քաղաք: Երևի չգիտեր, որ սպանված Մ.-ի եղբայր Արմենը երդվել էր վրեժխնդիր լինել եղբոր սպանության համար:

Արմենը տարիներով պահել էր եղբորից մնացած ատրճանակը, որպեսզի հատկապես դրանով լուծի եղբոր վրեժը: Հրանտի՝ պայմանական-վաղաժամկետ ազատումը ավելի էր բորբոքել Արմենի՝ վրեժխնդիր լինելու մղումները:

Եղբոր սպանությունից հետո Արմեն Մ.-ն մեկնել էր Ռուսաստան: Պերեսլավլ քաղաքում նա հանցավոր արարք էր կատարել ու ենթարկվել քրեական հետապնդման:

2005 թվականի հունիսի 29-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Արմենն ու ծանոթը՝ Միքայելը, ներխուժել էին Պերեսլավլ քաղաքի «Լուզա» ակումբ: Միքայելը դանակ էր ցուցադրել ու այն գործադրելու սպառնալիքներ տվել ակումբում գտնվող Տատյանային և Արտյոմին: Ինչպես գրված էր ռուսաստանյան մեղադրական եզրակացության մեջ՝ Միքայելը կովկասյան առոգանությամբ ասել էր՝ ուբյու, զառեժու, բայց չէր սպանել ու չէր մորթել, երեք ապտակ էր հասցրել Տատյանային, իսկ երբ վերջինս ընկել էր, Միքայելը նրա գրպանից հանել էր հազար ռուբլի արժողությամբ հեռախոսը:

Արմեն Մ.-ն այդ ընթացքում մի քանի անգամ ձեռքով ու ոտքով հարվածել էր Արտյոմին, նրա գրպանից հանել էր սեյֆի բանալին: Ապա Արտյոմին ու Տատյանային փակել էին ակումբի զուգարանում, բացել էին սեյֆը, հափշտակել գումար ու խաղային ժետոններ՝ 119 հազար 837 ռուբլու չափով: Երբ «հաջողության ջենթլմենները» ցանկացել էին հեռանալ ակումբից, պարզվել էր՝ մուտքի մոտ նրանց արդեն սպասում են իրավապահները:

2005 թվականի հուլիսի 21-ին Պերեսլավլի շրջանային դատարանը Արմենին ու Միքայելին մեղավոր էր ճանաչել, դատապարտել 6 տարի ազատազրկման, կիրառել պայմանական դաապարտություն, սահմանել 5 տարի փորձաշրջան ու նրանց ազատ էր արձակել:

Մինչ դատախազը կբողոքարկեր դատավճիռը, Արմենն  ու Միքայելը հասցրել էին վերադառնալ Հայաստան:

2006 թվականի դեկտեմբերի 29-ի և 2007  թվականի հունվարի 17-ի որոշումներով Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը Արմենի ու Միքայելի ռուսաստանյան հանցավոր արարքների որակումները համապատասխանացրել էր հայաստանյան օրենսդրությանը, նրանց մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, չնայած՝ եթե Արմեն Մ.-ն կալանքի տակ առնվեր այդ օրը, հավանաբար մի քանի օր անց Արտաշատում չէր կատարվի այն, ինչ կատարվեց…

Արմեն Մ.-ն հասկանում էր, որ ռուսատանյան արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու: Ինչո՞ւ չիրագործեր նաև եղբոր սպանության համար երդումով խոստացած վրեժխնդրությունը: Չէ՞ որ եղբորը սպանողը պատժից վաղաժամկետ ազատվել ու նույն քաղաքում ապրում էր իր համար…

2007 թվականի հունվարի 23-ին, իր նկատմամբ դատարանի կայացրած որոշումից 6 օր անց, Արմեն Մ.-ն ատրճանակը ձեռքին փակել էր Հրանտ Ջ.-ի ճամփան…

2007 թվականի հունվարի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Հրանտ Ջ.-ն իր 10-ամյա դստերը տարել էր ատամնաբույժի մոտ: Բժիշկը հեռացրել էր երեխայի շարժվող ատամը: Հայր ու դուստր տուն էին վերադառնում, երբ մեկը ձայն է տվել Հրանտին: Հրանտը շրջվել է: Արմենն էր: Գոռացել է՝ սատկացնելու եմ, ու մի քանի մետրից կրակոց է արձակել: Հրանտը թևից վիրավորվելով՝ հասցրել է երեխային հեռացնել՝ «Փախի, բալես», իսկ ինքը վազել է հակառակ ուղղությամբ, որ երեխային հեռու պահի հարձակումից: Երեխան լաց լինելով տուն է վազել, ոչ ոք երեխային չի կանգնեցրել, չի հարցրել՝ ի՞նչ է պատահել:

Փողոցում Հրանտի վրա արձակված առաջին կրակոցից  հետո ոչ ոք չի ահազանգել իրավապահներին: Վրիժառուն ատրճանակը ձեռքին  քաղաքի փողոցներով վազում էր զոհի հետևից, ու քաղաքում ասես ոչ չկար, որ ահազանգեր, միգուցե մարդկային կյանք փրկվեր…

Վիրավոր Հրանտը մի բակ է մտել, Արմենը՝ նրա հետևից: Հրանտը նետվել է հարևան այգի, ձեռքն է առել այգում ընկած կացինը, որը, սակայն, ատրճանակի դեմ պաշտպանիչ դեր չէր կարող խաղալ: Արմենը վրա է հասել ու մի քանի կրակոց արձակել Հրանտի կրծքին: Փամփուշտները վերջացել են, նա ատրճանակը գցել է: Այդ պահին մահացու վիրավոր Հրանտը կացինը ձեռքին առաջ է քայլել, Արմենը կարծել է՝ հարձակվում է: Նա կացինը խլել ու կացնով ևս հարվածներ է հասցրել մահացող Հրանտին:

Համոզվելով, որ զոհը մահացել է, նա կացինը նետել, մի քանի մետրի վրա կանգնած մարդկանց ասել է՝ տուն մտեք, ինքն էլ գնացել է իրենց տուն: Ասել է, թե շորերը փոխելու համար է տուն գնացել, որ մաքուր շորերով ներկայանա ոստիկանություն, բայց ոստիկանները ավելի շուտ էին նրանց տուն հասել:

Նախաքննական մարմինը, բացի ռուսաստանյան հանցավոր արարքից, Արմեն Մ.-ին մեղադրանք էր առաջադրել նաև անչափահաս երեխայի ներկայությամբ առանձին դաժանությամբ կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը 2007 թվականի ապրիլի 18-ի դատավճռով վերաորակել է Արմեն Մ.-ին առաջադրված մեղադրանքները: Ռուսաստանյան ավազակային հարձակումը որակվել է որպես կողոպուտի փորձ, իսկ երեխայի ներկայությամբ առանձին դաժանությամբ հայաստանյան սպանությունը՝ որպես «հասարակ»՝ վրեժի դրդապատճառով սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դատարանը եզրահանգել է, թե բուն սպանությունը կատարվել է ո՛չ երեխայի ներկայությամբ, երեխայի ներկայությամբ միայն առաջին  կրակոցն էր արձակվել, որից Հրանտը միայն թևի շրջանում վիրավորվել էր…

Արմեն Մ.-ն հայտնել է, թե եղբոր սպանության վրեժը լուծելու համար մի քանի օր ատրճանակը գրպանում ման է եկել քաղաքում: Եթե մտադրություն ունենար Հրանտին հարազատների ներկայությամբ սպանելու, նրանց տուն կմտներ ու կկրակեր: Մի քանի օր հետևել էր Հրանտին, հանդիպել, բայց չէր կրակել, որովհետև նրա հետ մարդ էր եղել: Իսկ դեպքի օրը Արմենը, իր խոսքով, չէր նկատել, որ Հրանտը երեխայի հետ է, ինքը նույնիսկ չգիտեր, որ Հրանտը ընտանիք ու երեխա ունի… Գիտեր միայն, որ պատիժը ամբողջությամբ չկրած՝ ազատ է արձակվել…

Դատարանը Արմեն Մ.-ին դատապարտեց 10 տարի ազատազրկման:

Նույն պատիժն էր ստացել նաև ժամանակին Հրանտ Ջ.-ն, ու 10 տարի ազատազրկումն այն ժամանակ Արմենը մեղմ պատիժ էր համարել սպանության համար, իր խոսքով՝ նաև պատժի մեղմության պատճառով էր երդվել, որ ինքն է հաշվեհարդար տեսնելու…

Իսկ երբ դատարանը սպանության համար իրեն դատապարտեց 10 տարի ազատազրկման, Արմենն այդ պատիժը բոլորովին էլ մեղմ  չհամարեց…

Այս դատավճիռը բողոքարկվեց արարքի վերաորակման ու պատժի մեղմության առումով, սակայն վերաքննիչ քրեական դատարանը բողոքները մերժեց՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments