Արցախը կատարել է իր ընտրությունը. հեռացնել այն նենգափոխած համակարգը

LGHH

Մարտի 31-ը Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրության օրն է: Ընտրությունն աննախադեպ է մի քանի առումով՝ առաջին անգամ այն կատարվելու է առանց Երեւանից իջեցված սցենարն իրականացնելու հանձնարարականի, եւ աննախադեպ է կորոնավիրուսի համաշխարհային ճարակի պատճառով: Ընտրությունը հետաձգելու քաղաքական որոշում չկայացվեց, կամ ավելի շուտ կայացվեց չհետաձգելու քաղաքական որոշում:

Մարտի 29-ին, քարոզչության վերջին օրը Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հավաքվել էին նախագահի բոլոր թեկնածուները: Հիմնական հավակնորդներից բացակայում էր արտգործնախարար, ինքնառաջադրված Մասիս Մայիլյանը, որը հավաքական բանավեճի այդ ձեւաչափը համարել է անարդյունավետ՝ ընտրողին ծրագիր եւ հայեցակարգ ներկայացնելու կամ հասցնելու տեսանկյունից:

Բանավեճի ընթացքը հաստատեց այդ գնահատականը: Համենայն դեպս, ակնառու եղավ մի բան, որ թեկնածուներից որեւէ մեկը չփորձեց էլ առարկայական քննարկում ծավալել Արցախի համար հիմնարար նշանակության հարցի՝ միջազգային բարդ իրավիճակում Արցախի սուբյեկտությանն առնչվող հարցերի շուրջ: Այդ առնչությամբ հնչեցին միայն ավանդաբար կրկնվող ստանդարտ հայտարարություններ: Գուցե պատճառը ձեւաչափն է, ինչ խոսք: Սովորաբար նախընտրական բանավեճերը լինում են թեմատիկ, փուլերով, որպեսզի թեկնածուները կարողանան բացվել:

Բայց, փաստն այն է, որ եզրափակիչ եւ միակ հեռուստաբանավեճի ընթացքում չի բացվել հիմնարար նշանակություն ունեցող թեման՝ Արցախի քաղաքական, քաղաքակրթական տեղն ու դերը նոր աշխարհակարգում:

Մյուս կողմից, այստեղ թերեւս մի հանգամանք է, որի առնչությամբ Արցախը կատարել է իր ընտրությունը: Այդ ընտրությունը կատարվել է մոտ երեք տասնամյակ առաջ, քաղաքական ու ռազմական պայքարի արդյունքում արձանագրված ինքնորոշմամբ, դրա իրավունքի իրացմամբ, խաղաղություն պարտադրելով:

Այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո՝ ընդհուպ 2016 թվականի հունիս, երբ հայկական կողմը չկարողացավ պահել Վիեննայի օրակարգը՝ Արցախի անկախության դե ֆակտո ճանաչման օրակարգը, դա եղել է հայ ժողորդի միասնական ջանքով Արցախի հայության կատարած ընտրության արդյունքի համակարգային խեղում ու նենգափոխում: Ի վերջո, դրա հետեւանքով է, որ 2016-ի ապրիլին այդ ընտրությունը հայտնվեց խոցելի վիճակում եւ պաշտպանվեց միայն բանակի եւ հանրության կամավորական անձնուրաց ջանքով:

Մեծ հաշվով, Արցախի հանրության համար մարտի 31-ի առանցքային խնդիրը երեք տասնամյակ առաջ քաղաքական ու ռազմական պայքարի գնով կատարած ընտրությունը խաղաղ պայմաններում վերահաստատելն է: Դա ենթադրում է այն համակարգի քաղաքական չեզոքացումը, որի տարիների գործունեությունը սկզբունքորեն նենգափոխել էր Արցախի ժողովրդի կատարած ընտրությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments