Արցախը ճանաչելու Վաշինգտոնի ուղիղ առաջարկը

- in Հրապարակ
USA

Ադրբեջանական մեդիատիրույթում նկատելի տարածում ունեցավ Հայաստանում տարբեր շրջանակների տարածած տեղեկությունը հայկական դիվանագիտության ձախողման եւ ադրբեջանական ջանքերի հաջողության մասին, որը վերաբերում էր Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնության չեղարկմանը:

Ըստ օրերս Հայաստանում տարածված տեղեկության եւ մեկնաբանությունների, Սպիտակ տունը որոշել է չեղարկել Արցախին տարիներ շարունակ տրամադրվող մարդասիրական ուղիղ աջակցությունը: Ադրբեջանական քիմքին հաճո էր եկել այն, որ Հայաստանում այդ հանգամանքը դիտարկվել էր որպես Ադրբեջանի ջանքի արդյունք եւ հայկական քաղաքականության անհաջողություն:

Այն, որ 2016-ի ապրիլից, ու հատկապես 2018-ի ապրիլ-մայիսից հետո Բաքուն ունի իր հանրությանն այդօրինակ «հաջողություն» մատուցելու էական սղություն եւ հետեւաբար ամենափոքր իսկ իրողությունն այդպիսին դիտարկելու կարիք, անկասկած է: Ըստ այդմ հասկանալի է, որ Բաքուն օգտվելու է սեփական հանրությանը համոզելու ցակացած առիթից:

Այլ հարց է, թե ամերիկյան քաղաքական կյանքում տեղի ունեցողը գործնականում ի՞նչ առիթ է ծառայում Հայաստանի ներքին կյանքի տարբեր մասնակիցների համար: Ի՞նչ են ուզում համոզել Հայաստանում, կամ ի՞նչ էին ուզում համոզել:

Ըստ երեւույթին, կա երկու հանգամանք՝ Արցախում նախագահի ընտրական գործընթաց, որին մասնակցում է նաեւ արտաքին գործերի նախարարը, որն այդ պաշտոնում է, ի դեպ, 2017 թվականի հոկտեմբերից: Նրա թեկնածության եւ հնարավոր հաջողության հավանականության դեմ գործնականում խմբվել է Հայաստանում իշխած նախկին համակարգի մի զգալի սեգմենտ, Արցախի իր շարունակությամբ: Նախ թիրախավորվեց ռուսական ուղղությունը, կեղծ տեղեկությամբ, թե կա Ռուսաստան մուտքի արգելք:

Այժմ վաշինգտոնյան տեղեկությունը ծառայում է ամերիկյան թիրախավորման համար, իհարկե նուրբ տողատակով, որովհետեւ անմիջական հասցեականությամբ թիրախավորելը բարդ է: Բայց, էական է նաեւ ազդել հանրային տրամադրության վրա:

Լուծվում են, կամ փորձ է արվում լուծել իհարկե խնդիրներ ավելի լայն իմաստով, որքան կստացվի:

Իրականում, տեղի է ունենում այն, ինչը բացարձակապես նոր երեւույթ չէ: ԱՄՆ Հայ Դատ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հայտնել է այդ մասին եւ նշել, որ ներկայիս վարչակազմը ընդամենը շարունակում է դեռեւս Բիլ Քլինթոնի վարչակազմից եկող մոտեցումը: Նա հայտնել է նաեւ, որ հայկական կազմակերպությունները ձգտելու են ավանդականի պես պատկերը փոխել Կոնգրեսում, երբ օտարերկրյա օգնությունների բյուջետային հարցը գա այնտեղ:

Այդուհանդերձ, խոշոր իմաստով, կհաջողվի՞ փոխել այս անգամ էլ, թե ոչ, ներկայիս աշխարհքաղաքական հանգամանքներում էապես կորցրել է իր վճռորոշ նշանակությունը: Այդօրինակ հարցերով կարող է իհարկե գոհանալ Ադրբեջանը, որովհետեւ Բաքվին հաջողվել է 2016-ի հունիսից հաջողությամբ չեզոքացնել Արցախին ցուցաբերված կամ ցուցաբերվելիք ամերիկյան մեկ այլ ուղիղ աջակցություն:

Խոսքը Վիեննայի օրակարգի կամ հրադադարի պահպանման ու հետաքննության մեխանիզմների տեղակայման վաշինգտոնյան առաջարկն է, որ ներկայացվեց 2016-ի մայիսի Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: Ադրբեջանը ուղիղ հայտարարել է, որ դա ստատուս-քվոյի ճանաչման առաջարկ է: Առիթ եմ ունեցել մի շարք հրապարակումներում խոսել, որ ամերիկյան այդ առաջարկը գործնականում Արցախի դե ֆակտո եւ անգամ դե յուրե միջազգային սուբյեկտություն սահմանող, ճանաչող առաջարկ է:

Մարդասիրական ուղիղ օգնության ճակատագրով մտահոգ որեւէ խումբ կամ շրջանակ որեւէ էական եւ առանցքային մտահոգություն չի արտահայտել այն կապակցությամբ, որ 2016-ի մայիսին ներկայացված օրակարգը նույն թվականի հունիսի Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից սկսած ենթարկվել է թիրախավորման, դուրս մղվելով առարկայական քննարկումներից:

Մինչդեռ, Հայաստանն ու Արցախը ունեն ամերիկյան հենց այդ ուղիղ աջակցությունը օրակարգում արդիականացնելու անհրաժեշտություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments