Zinvor

Ռուսական թերթերի այսօրվա վերնագրերն ի ցույց են դնում Պուտինի քաղաքականության առաջնահերթությունները. «РТС-ի ինդեքսը ցածր է 1000 կետից», «Ռոսնեֆտը դադարել է ամենաթանկ ընկերությունը լինել», «Կրեմլ. մայիսի 9-ի շքերթի պատրաստությունը շարունակվում է»:

Մոսկվան փորձում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակը որոշում կայացնողների ակումբ վերադառնալու ցատկահարթակ դարձնել: Բայց այդ փորձը խամրել է Թրամփի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցից հրաժարվելու եւ կորոնավիրուսի պատճառով պանդեմիա հայտարարելու ֆոնին:

Պանդեմիայի պայմաններում բոլորը «ծածկվում են» կորոնավիրուսով: Առաջին համաշխարհային պատերազմն սկսվեց թագաժառանգի սպանությունից, ներկայիսը՝ «թագա»-վիրուսից:

Այս պատերազմում բոլորը գործում են ըստ իրենց իմպերատիվների: Պուտինն անհաջող փորձում է առաջ տանել նոր Յալթայի գաղափարը, ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, ուզում է կանգնեցնել Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը եւ 5G-ի վրա վերահսկողությունը, Թուրքիան հույս ունի վերադարձնել օսմանյան ժառանգության գոնե մի մասը: Այս բոլոր երկրները հմտորեն օգտվում են կորոնավիրուսի թայմ-աութից՝ իրենց նպատակներն առաջ տանելու համար:

Հայաստանը դեռ չի հայտարարել իր իմպերատիվների մասին, չնայած հիմա դա անելու իսկական ժամանակն է: Առաջին համաշխարհային պատերազմից ու գործող աշխարհակարգի կառուցումից անցել է 100 տարի: 100 տարի առաջ, երբ կործանվեցին 4 կայսրություններ՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Ռուսաստանն ու Օսմանյանը, տասնյակ ազգեր կարողացան պետականություն ստեղծել ու ինքնիշխան դարձան: Հայաստանի ճակատագիրը որոշվեց ռուս-թուրքական պակտով, որը մինչ օրս ուժի մեջ է մնում: Այն ուժի մեջ է, որովհետեւ Հայաստանը չի հայտարարել, որ կապ չունի այդ պակտի հետ եւ չի ճանաչում այն:

Հիմա ժամանակն է հայտարարել Հայաստանի ազգային իմպերատիվների մասին, եւ համաշխարհային տերությունները Երեւանից հենց դա են սպասում: Աշխարհում քչերին է հետաքրքիր ժողովրդավարության մակարդակն ու դատարանների անկախությունը, դա կարեւոր է մեր երկրի քաղաքացիների համար: Աշխարհին այլ բան է հետաքրքրում՝ Հայաստանը կարո՞ղ է 100 տարի անց հայտարարել իր իրավունքների մասին ու ձեւակերպել իր տեսլականը որպես պետական ազգ:

Այս տարի լրանում է Մոսկվայի ու Կարսի տխրահռչակ պայմանագրերի 99-ամյակը, որով օկուպացվեցին հայկական տարածքները: Երեւանը պետք է ցույց տա, որ պատրաստ է դուրս գալ ռուս-թուրքական պայմանավորվածության օբյեկտի վիճակից ու սուվերեն միավոր դառնալ: Իր ազատությունը պաշտպանած Արցախը եւ դրա ընկալումն աշխարհում վկայում են, որ աշխարհն այդ լեզուն է հասկանում: Ինչպես Նիկոլ Փաշինյանը կարողացավ մեկ հարվածով կոտրել տխրահռչակ մադրիդյան սկզբունքները՝ հայտարարելով, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնել Արցախը, այնպես էլ եկել է ռուս-թուրքական մատրիցան կոտրելու ժամամակը: Աշխարհը դա է սպասում մեզնից:

Spread the love