LGHH

«Իշխանություններին աջակցության փուլի ավարտի մասին հայտարարության ժամանակ էլ ենթադրվում էր, որ երկրի ինքնիշխանությամբ ու ազգային անվտանգությամբ հետաքրքրված բոլոր ուժերը ցանկացած արտակարգ իրավիճակի ժամանակ պետք է ամեն ինչ անեն՝ թույլ չտալու քաոս, նաև օգտագործեն իրենց բոլոր հնարավոր ռեսուրսները արտակարգ ռեժիմի խնդիրների արագ ու արդյունավետ լուծման համար»,- այս մասին ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Այս կոնտեքստում տեղին չէ հիշատակել մեր նախկին հայտարարությունը։ Մենք մեր հայտարարություններով նպատակ ենք ունեցել վարակի տարածման կանխման համար արդյունավետ քայլեր հուշել, այդ քայլերի կատարումը պահանջել կառավարությունից։ Եթե նկատում եք՝ կա որոշակի ուշացում։ Եթե հետ գնանք մեր մարտի մեկի երթի չեղարկման հայտարարությանը, տեսնում ենք՝ մոտ 25 օրվա ժամանակի ուշացում ունենք իշխանությունների գործողությունների հետ։ Ամեն դեպքում ողջունում ենք, որ կառավարությունը վերջիվերջո սկսեց արտակարգ միջոցներ կիրառել, ու այս պահին մեր գործողությունները լինելու են արտակարգ ռեժիմի պահպանման արդյունավետության նկատմամբ մոնիթորինգի ուղղությամբ։ Հասկանում ենք նաև, որ մեկ օրում թղթի վրա հայտարարված ռեժիմը չի կարող իրականություն դառնալ։ Բոլոր ի հայտ եկող սխալների մասին իշխանություններին հուշելը ու նաև պահանջելը մնում է մեր առաջնահերթությունը»։

Վահագն Ավագյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ իրենց համար մտահոգության առարկա են մնում Արցախում մարտի 31-ին անցկացվելիք ընտրությունները. «Քանի որ աբսուրդ է մտածել, թե կարելի է մեկ մարզում, որտեղ, ենթադրենք, այս պահին վարակ չկա, կարելի է ընտրություններ անցկացնել։ Մաթեմատիկան ու վարակի տարածման ցուցանիշներն այլ երկրներում մեզ հուշում են, որ հնարավոր չէ, որ վարակն այնտեղ մինչ այսօր թափանցած չլինի։ Եթե նկատեցիք, վարչապետն էլ աշխարհագրության ընդլայնման մասին խոսեց՝ բնականաբար չնշեց Արցախը, բայց գիտությունն այստեղ մեզ օգնելու է գալիս։ Ֆիզիկայից որոշակի հասկացողություն ունեցող մարդիկ հաստատ գիտեն, որ այնտեղ էլ է տարածվել։ Աբսուրդ կլինի այժմ հայտարարել, թե մենք արտակարգ ռեժիմ ունենք, քանի որ ամենամեծ մարզը արտակարգ ռեժիմով չի ապրում։ Քանի դեռ դա այդպես է՝ մեր պաշտպանական համակարգը, որ ռեսուրսների մեծ մասը Արցախում է, վտանգված է։ Միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ է նման սպառնալիք եղել մեր պաշտպանական համակարգում։ Այսինքն՝ եթե մենք արտակարգ ռեժիմը ժամ առաջ չենք տանում Արցախ, շատ ցածր մակարդակի ենք իջեցնում գործողությունների արդյունավետությունը, որ արել ենք Երևանում և մյուս քաղաքներում, նաև հաստատուն սպառնալիք ենք առաջացնում պաշտպանական համակարգում»։

Դիտարկմանը, թե Հայաստանը նույնիսկ չի էլ ճանաչել Արցախը, ինչպես կարող է նման որոշում կայացվել, Վահագն Ավագյանը պատասխանեց. «Ոչ միայն մենք չենք ճանաչել, այլ նաև որևէ այլ պետություն դա չի արել։ Արցախը ՀՀ մարզ է, ու աշխարհն այդպես գիտի։ Այն բոլոր փաստաթղթերը, որոնք Արցախը Հայաստանից անջատման մասին են վկայում՝ դրանք աշխարհի կողմից չճանաչված են, միջազգային փաստաթղթեր չեն, ռուս-թուրքական օկուպացիայի հետևանքով առաջացած երկկողմանի պայմանագրերի հետևանքներն են, և աշխարհն այդպես էլ վերաբերվում է։ Որևէ մեկը երբեք Արցախը որպես հանրապետություն չի ճանաչելու։ Աբսուրդ է, որ աշխարհում որևէ մեկի կողմից չճանաչված հանրապետությունում վարակի համաճարակի գագաթնակետի վրա ընտրություններ են կազմակերպում, որը որևէ մեկը չի ճանաչելու։ Հենց արտակարգ դրությունների ժամանակ շատ ակնհայտ է դառնում և կարևոր է, որ ժողովուրդը ֆիքսի, որ ժողովուրդների պաշտպանվածության թույլ կետերը ակնառու են դառնում։ Եթե Արցախը չի դիտարկվում որպես Հայաստանի մի մարզ և այնտեղ չեն իրականացվում նույն արտակարգ միջոցները, մենք ունենում ենք ազգային անվտանգության խնդիրներ՝ թե՛ վարակի տարածման առումով քաղաքացիական շրջանակներում, և՛ թե՛ պաշտպանության, անվտանգային համակարգի լուրջ սպառնալիք ու դրանից բխող ռիսկեր»։
Spread the love