Արցախի ընտրություններում այսօր բեկումնային օր է

- in Ընտրություններ

Կիրակին Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Ստանդարտ իրավիճակներում սա բացառիկ օր է համարվում, որովհետև թեկնածուները վերջին ճիգերն են գործադրում՝ քարոզչական աշխատանքների բացերը փակելու համար։ Ցավոք, Արցախում և ամբողջ աշխարհում այսօր այդ վիճակը չէ։

Արցախի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է, սակայն դա, ըստ էության, քաղաքական ինտրիգ չէ․ չեն քննարկվում հարցեր, որոնք վերաբերում են թեկնածուների հնարավորություններին, ընտրական կամպանիայի սցենարներին կամ նրանց ծրագրերին։ Հիմա՝ թեև ընտրությանը մնում է ոչ ամբողջ երկու օր, օրակարգում է դրանք հետաձգել-չհետաձգելու հարցը։ Այս խնդիրն է, որը քաղաքական ուժերին, հասարակությանը երկփեղկել է Հայաստանում և Արցախում։

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս պայմաններում համապետական ընտրությունների անցկացումը շատ մեծ ռիսկեր է պարունակում․ ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է Արցախի նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանը՝ նշելով, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու և ընտրությունները հետաձգելու իր կոչին արձագանքած Արցախի նախագահի թեկնածուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Համատեղ հայտարարությանը միացել են նախագահի թեկնածուներ Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Աշոտ Դադայանը և Մասիս Մայիլյանը:

Այս ցանկում ուշագրավ է, անշուշտ, Մասիս Մայիլյանի անունը, ով համավում է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը ու նաև՝ թեկնածու, որը վայելում է Հայաստանի իշխանության գոնե որոշակի շրջանակների աջակցությունը։ Հետաքրքիր է, սակայն, որ նրա դաշնակից Սամվել Բաբայանը, որի կուսակցությունը նույնպես մասնակցում է Արցախի խորհրդարանական ընտրություններին, կտրականապես դեմ է ընտրությունների հետաձգմանը։

Մյուս կողմից՝ ընտրությունների հետաձգմանը կողմ են նաև այլ թեկնածուներ՝ Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, Հայկ Խանումյանը ու առանց վարանելու, կարելի է պնդել, որ նախագահի 14 թեկնածուների մեծ մասը հակված է դրան։

Սակայն ընտրական կամպանիայի ակնհայտ ֆավորիտներից մեկը, որի հանդեպ լոյալ վերաբերմունք կա Երևանում՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, կտրականապես դեմ է ընտրությունները հետաձգելուն՝ մատնանշելով, որ Արցախում կարող է սահմանադրական ճգնաժամ առաջանալ ու բացի այդ՝ չկա որևէ երաշխիք, որ համաճարակային վիճակը շաբաթներ անց կարող է ավելի բարենպաստ լինել, իսկ գոնե այս պահին Արցախում կորոնավիրուսով վարակման պաշտոնական դեպք արձանագրված չէ։

Արցախում, ինչ-որ իմաստով, ձևավորվել է «կոնսենսուս՝ մինուս Արայիկ Հարությունյան» բանաձևը, սակայն այս իրավիճակում խնդիրն ամենևին էլ այն չէ, որ նախկին վարչապետը մերժվում է հասարակության կողմից։ Մի կողմից կարելի է ենթադրել, որ մյուս թեկնածուները խոստովանում են Արայիկ Հարությունյանի ակնհայտ ֆավորիտությունը, մյուս կողմից՝ նախկին վարչապետը թերևս կարծում է, որ այսօրվա ստատուս-քվոն ամենանպաստավորն է իր հաղթնակի համար։

Ընտրությունները հետաձգել-չհետաձգելու վերջին խոսքը պատկանում է հեռացող նախագահ Բակո Սահակյանին, ով, անշուշտ, այդ որոշումն առնվազն պետք է համաձայնեցնի պաշտոնական Երևանի հետ։ Բակո Սահակյանն առայժմ հետևողականորեն գնում է ընտրությունները մարտի 31-ին անցկացնելու սցենարով՝ այդ խնդրով երեկ խորհրդակցություն անցկացնելով երկրի ոստիկանությունում, ինչպես նաև հեռախոսազրույց ունենալով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այնուամենայնիվ, Արցախի ընտրություններում այսօր բեկումնային օր է, ու մենք կշարունակենք օպերատիվ հետևել իրադարձությունների զարգացմանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments