Արցախում կորոնավիրուս չկա, բայց … կա ընտրությունները հետաձգելու միտում. Ինչո՞ւ …

Արցախում հետաքրքիր իրավիճակ է: Կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել այնտեղ, սակայն ընտրությունները հետաձգելու կոչ է հնչում:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 16-ին, երբ Հայաստանում արտակարգ իրավիճակ սահմանվեց, ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարերց, թե անգամ ՀՀ իշխանությունների կողմից կոչի դեպքում Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները չպետք է հետաձգվեն: Մինչդեռ այսօր նա կանգնել է Ստեփանակերտի իր գրասենյակի դիմաց ու խչոխտ դեմքով կոչ է անում ԼՂ հեռացող իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռք առնել ու անհապաղ արտակարգ դրություն հայտարարել Արցախում:

Ինչո՞ւ հանկարծ նման բանի կարիք զգաց Վիտալի Բալասանյանը: Մասնավորապես այն դեպքում, երբ հայաստանյան մերժված ու անհայտ քաղաքական գործիչներն ու գործիքները սկսեցին երգչախմբային ետին պլանի տարբերակով ձայնակցել Բալասանյանի դայլայլին:

Քանի դեռ Արցախ չի ներթափանցել կորոնավիրուսը, թերևս՝ կարիք չկա համապետական ընտրությունները հետաձգել, մանավանդ, որ դա թերևս ոչինչ չի տա առաջադրված թեկնածուներին ու, մասնավորապես՝ Վիտալի Բալասանյանին, որովհետև նախընտրական քարոզարշավը վաղուց հատել է հասարակածն ու այսօր էլ ավարտվել է ինքնաբացարկի հնարավորության ժամանակահատվածը: Թերևս Վիտալի Բալասանյանը փոշմանել է առաջադրված թեկնածուների թվում իր, կամ իր հովանավորյալների կողմից ներդրվածների առկայությանն ու ավելորդ մասնակցությանը ԼՂՀ նախագահական ընտրություններին, թեև՝ նույն հաջողությամբ նա կամ նրանք կարող էին այսօր ինքնաբացարկ հայտնել:

ԼՂՀ նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանն է այսօր տեսանյութ հրապարակել ու տարածել, որով փորձել է իր ուսերից հեռու վանել Մարտունիի դիպվածն ու տեղի քաղաքապետի պահվածքը: Նա էլի դրսի կամ ներսի դրածո ու գործող ուժերին է հղում կատարում ու արդարանում, որ իր ցուցումով, հորդորով, խնդրանքով որևէ բան չի նախաձեռնվել, այլ այդ ամենը եղել է ինքնաբուխ:

Արայիկ Հարությունյանը արդարացրել է իր ընկերոջ՝ Մարտունու քաղաքապետի, ճանապարհ փակելը։

Արայիկ Հարությունյանը արդարացրել է իր ընկերոջ՝ Մարտունու քաղաքապետի, ճանապարհ փակելը և ակտիվիստներին անվանել է դրսից ուղղորդվող դավադիր ուժեր։Youtube: https://youtu.be/T3NkEwBdC6I

Posted by Artsakh1.am on Thursday, March 19, 2020

ԼՂՀ նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը թերևս միակն է, ով փորձում է գաղափարական ընտրապայքար տանել, դրանք քֆուր-քյաֆարից մտցնել ծրագրային դաշտ, սակայն ապարդյուն, որովհետև ինչպես Հայաստանում, Արցախում էլ քաղաքական դաշտը կայացած չէ այնքան, որ գաղափարաբանական ընտրություններ տեղի ունենան դրածոների ու գործիքների տիրույթում:

ԼՂՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանն ընտրողների հետ զրույցում նրանց հիշեցնում է կամ՝ անտեղյակների համար տեղեկացնում, որ Ազգային ժողովն իր բնականոն աշխատանքը կազմակերպելու համար իբրև աշխատասենյակներ, տարածքներ է վարձում հարևան Արմենիա հյուրանոցից, մինչդեռ ինքն առաջարկել է աշխատասենյակ վերցնել մի քանի քայլ այն կողմ գտնվող Երիտասարդական պալատի շենքում: Գործող խորհրդարանի ղեկավարությունը չի գնացել այդ քայլին, որովհետև, ըստ Հայկ Խանումյանի, ալարել են մի քանի մետր ավելի քայլել:

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կորնավիրուսի վտանգով պայմանավորված ու քանի որ հնարավոր չէ դահլիճային կամ հոծ խմբերով հանդիպումներ կազմակերպել, ուստի նախընտրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում արցախյան ընտրողների հետ հարց ու պատասխանի տարբերակը.

Ուղիղ եթեր։ Հարցեր և պատասխաններ։

Posted by Masis Mayilian / Մասիս Մայիլյան on Friday, March 20, 2020

Երևի նկատեցիք, որ բոլոր բաժիններում առանձնացրել ենք ընդամենը կամ միայն ԼՂՀ նախագահի թեկնածուներին, որովհետև խորհրդարանական ընտրությունները բացի Սամվել Բաբայանից թերևս մյուսներին առանձնապես չեն հետաքրքրում: Միայն նա է շահագրգռված խորհրդարանում հայտնվելու համար, մյուսների առաջնորդները կամ ուզում են դառնալ ԼՂՀ նախագահ, կամ՝ խորհրդարանականն այնքան էլ չեն կարևորում:

Վերջում հորդոր Արցախի համապետական ընտրությունների մասնակիցներին՝ պահպանել խաղաղությունն ու չտրվել սադրանքներին, արհեստական արտակարգ դրություններ չսահմանել ու հնարավորություն չտալ հայաստանյան մերժվածներին իրենց ուժերը վերադասավորելու ու նորովի պայքարի նետվելու համար: Նրանք ու նրանց թեկնածուն վաղուց մերժված են, իսկ Հայաստանից ժամանած առանձնակի արբանյակիկների ապօրինի գործունեությամբ պետք է, որ զբաղվեին ԼՂՀ իրավապահները, ինչի մասին հրապարակմամբ առայժմ զբաղվում են, հուսանք մինչև ընտրությունները կլինեն հանգուցալուծումներ:

Ալբերտ Թունյան, ԼՂՀ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments