Արցախում վխտում են գործիքներն ու գործակալները, որտե՞ղ են իրավապահներն ու անվտանգության ուժերը

LGHH

Թագավիրուսներից մինչև թագապատնեշներ, գաղափարախոսությունից մինչև գաղափորափոսություն, վերածնունդ և կիսակրիմինալիստ նախագահներ: Բայց Արցախում այսօր, առավել քան երբևէ անվտանգության և նախագահական ու խորհրդարանական ընտրակեղծարարության խնդիրներն են: Հիմա ամեն բան հերթով, նախ՝ նախագահացուներից ով ինչ է ասում ու անում, ապա հաղորդագրություն Արցախի ուժայինների համար:

Մի կողմից եղանակային անբարենպաստ պայմաններն են կորոնավիրուսի համար պահպանման ու ներթափանցման աղբյուր, մյուս կողմից նորաթուխ ղեկավարներն են փորձում պատնեշել իրենց տարածք իբր ապօրինաբար մուտք գործող անձանց: Բայց այս անգամ ավտոմեքենաների մուտքը փակում են ոչ իհարկե կորոնավիրուսի կանխարգելման համար: Այստեղ մարդկանց ո’չ տեղազննում են, և ո’չ առավել ևս ջերմաչափում:

Դիմակներ կրելու անհրաժեշտություն էլ ամենևին չկա: Քանզի անիվավոր փոխադրամիջոցի դիմաց ելնող զայրացած ղեկավարի դիմակը ոչ ավել, ոչ պակաս ամենազարհուրելի մուլտհերոսին է հիշեցնում: ԼՂՀ Մարտունի քաղաքում ցուրտ և ձյունախառը անձրև է, բայց մթնոլորտը կրկին շիկանում է, երբ իբրև թե բողոքավոր երիտասարդները փորձում են սարքել ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի գլխին իսկ դրան նպաստում է Մարտունու քաղաքապետը:

Պարզվում է, Մարտունու քաղաքապետը կանխել է Արցախի հեղափոխական կուսակցության հետ անցանկալի բախումը. «Ազատ հայրենիքը» ներկայացնում է միջադեպի մանրամասները.

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել Մարտունի քաղաքում՝ քաղաքապետ Հայկ Սարգսյանի և ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչների միջև։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ քաղաքապետը փակում է դեպի քաղաք մտնող ճանապարհը՝ արգելելով քարոզարշավ իրականացնող Արցախի հեղափոխական կուսակցության անդամների մուտքը։ Քաղաքապետն, ըստ տեսանյութի, պնդել է, որ ինքը Արայիկ Հարությունյանի ընկերն է։

Վահրամ Պողոսյանը նշեց՝ հիշյալ միջադեպից մեկ օր առաջ նույն հեղափոխական տրամադրություններով կուսակցության անդամները սադրիչ գործողություններ են իրականացրել Մարտունիում, ապա նշել, որ հաջորդ օրը նորից են գալու։ Ըստ Վահրամ Պողոսյանի՝ նրանք քաղաքապետարանից հավաք անցկացնելու թույլտվություն չեն ունեցել, իսկ քաղաքապետն իր գործողություններով փորձել է կանխել Մարտունու քաղաքացիների ու տվյալ կուսակցության անդամների միջև բախումը, անցանկալի հետևանքներից խուսափելու համար. «Այդ կուսակցության ներկայացուցիչները սադրում են, աղավաղում իրականությունը, առանց ձայնագրության տեսանյութ են հրապարակում, իրենց ցանկալի տեքստ են կարդում։ Հերթական սադրանքն է՝ ուղղված մեր քաղաքական ուժի ու թեկնածուի նկատմամբ։ Մարտունու քաղաքապետն «Ազատ հայրենք» կուսակցության անդամ է՝ հայտնվել է այդ տարածքում բախումը կանխելու համար»։

Մինչ այս որևէ քաղաքական ուժ խնդիր չի ունեցել Մարտունիում նախընտրական քարոզարշավ անցկացնելու հետ կապված. «Իսկ այդ կուսակցության ծայրահեղական մոտեցումները բոլորին են հայտնի, բնակիչների մոտ դա դժգոհություն է առաջացրել, դա կարող էր բերել անցանկալի հետևանքների, որը, ի պատիվ քաղաքապետի, կանխվել է»։ Հիշյալ կուսակցության ղեկավարը, նշենք, հանդիսանում է Արթուր Օսիպյան անունով քաղաքացի»։

Իսկ ահա Պահպանողական կուսակցության կողմից ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Բաբայանի համար մարող հույսերի վերջին կանգառը սկսվում է առողջ գաղափարախոսությունից և ավարտվում անառողջ գաղափարափոսությամբ: Փոխարենը՝ անհատին սիրաշահելու ամենակարճ ճանապարհն անցնում է հենց ստամոքսով: Այդ դեպքում ինչու մարդկանց սնել ոգու փիլիսոփայությամբ: Հիմա Արցախյան Հայաստան, թե” Հայաստանյան Արցախ: Համենայն դեպս` ոչ … Խանքենդի:

Իսկ նրանց համար այսօրվա Արցախը կիսակրիմինալիսների երկիր է: Մի երկիր, որտեղ չկա ազատ խոսքի իրավունք և իրավական երկրի ճակատագիրը կառուցելու ո’չ մի հնարավորություն: Իսկ նրանք չունեն ո’չ ձայն բերողներ, ո’չ հանցագործներ, ո’չ ավազակներ ու վախեցնողներ: Պարզապես ցանկանում են արցախյան գյուղերը փրկել ոչ միայն կործանումից, այլև կործանիչներից` Արայիկ Հարությունյանից ու նրա նմանակներից: Ահա այսպես է պարզապանում Ազգային վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված, ԱրՊՀ գիտական ընկերության նախկին նախագահ Արամ Թադևոսյանը: Արայիկի հեքիաթները լսելու ժամանակ ունենալու փոխարեն, ժամանակ ունեցեք տեսնելու, թե ինչու Օգանովսկու 21 տարեկան տղան արդեն միլիոնատեր է, ավելին` իր անունով ՀԷԿ ունի, մինչդեռ մարդիկ չեն կարողանում մուծել իրենց կոմունալ ծախսերը: Գլուխգովան Արայիկին հավատալու փոխարեն, ում կարծիքով նա առաջին և’ արտ ցանողն էր, և’ խաղող աճեցնողը: Այնինչ` նա ցանում էր, նա էլ հնձում: Իսկ մեզ ի”նչ օգուտ: Այսօր իշխանական բիզնեսով ոչ մեկին չես զարմացնի: Իսկ ավելի կոնկրետ, նրա տնտեսության ամենաակնառու Աղդամի /Ակնայի/ խոպան հողերը շահագործվում են Ավետարանոցի առավել աշխատասեր գյուղացիների կողմից: Այնպես, որ ժամանակն է փոխել մաշված սկավառակը:

Ինչ վերաբերում է Կորոնավիրուսին, ապա Արայիկ Հարությունյանը չգիտես ինչու հանդես է գալիս իշխանություններին պաշտպանության օգտին.

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի` Արցախ ներթափանցման ու տարածման ռիսկերը` «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը աջակցություն է հայտնում հանրապետության իշխանություններին: Տարածված հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Գիտակցելով իրավիճակի բարդությունը` մեր քաղաքական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու պետական մարմիններին՝ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում: Դաշինքի անդամները պատրաստ են կամավորականության սկզբունքով ակտիվ ներգրավվելու հանրությանը իրազեկման և համապատասխան աջակցության ցուցաբերելու այլ աշխատանքներում:

Ցավոք, Արցախում ինչքան էլ սկավառակը մաշվի, միևնույն է, հին օրերի տանգոն հա’մ երգում են, հա’մ պարում: Հայաստանի նախկին իշխանությունների նվագի տակ հավեսով պարում են հովանավորչություն ու ֆինանսավորում ստացած նախագահի որոշ թեկնածուներ, համոզված է ԱՀ նախագահի թեկնածու Վահան Բադասյանը: Այստեղ հայկական հնչուններն անգամ չեն օգնի ոչ’ Մայիլյանին իր Նոր Արցախ դաշինքով, ո’չ Արայիկին, և ո’չ էլ առավել ևս Վիտալիկին, իսկ Վահան Բադասյանը գուժում է. «Հայաստանի իշխանությունները չե՞ն տեսնում, որ ընդդիմադիր դաշտը գրավելու համար Հայաստանի ռեւանշիստները՝ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ընդդիմության անվան տակ ում են ֆինանսավորում: Եթե դիտորդները Արցախում ներկա են, շատ լավ տեսնում են, որ «Ադեկվատներ» անունով հայտնի այդ խումբը մեկ Վիտալի Բալասանյանի հետ է շրջում, մեկ՝ Մասիս Մայիլյանի: Հայաստանի ինչքան մերժված երգիչ- երգչուհիներ կան՝ Շուշան Պետրոսյանից սկսած, Վիտալի Բալասանյանի հետ են շրջում ամեն օր, համերգներ, շոուներ կազմակերպում: Եթե գաք Ստեփանակերտ՝ կտեսնեք, թե միլիոնների հասնող թանկարժեք պաստառները ովքեր են դրել»:

Ո՞վ է Վիտալի Բալասանյանը՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ հայտնի սեպ խրող, Քոչարյանի նկարով Արցախում ման եկող: Հիմա ի՞նչ՝ ՀՀ իշխանությունները մենակ չե՞ն թողել արցախցուն այս նախկին օլիգարխների փողերի դեմ,- շարունակում է գուժել Վահան Բադասյանը,- Հիմա արցախցի ընտրողն ի՞նչ մտածի: Ընտրողը խաբնվում է՝ այս մարդկանց մասամբ հաջողվում է գրավել ընդդիմադիր դաշտը:

Որտե՞ղ է Արցախի ոստիկանությունն ու անվտանգության մարմինները, երբ իբրև թե Վիտո Բալասանյանի օգտին ԼՂՀ-ում քարոզչություն են իրականացնում Հայաստանից ժամանած ՌոբաՄիշիկաՍերժական թաշկինակներն ու ակտիվ քարոզարշավ իրականացնում, ընտրակաշառք բաժանում Հադրութում, Ակնայի մոտակա գյուղերում ու այլ բնակավայրերում՝ Վիտալի Բալասանյանի օգտին: Արդյո՞ք անվտանգության խնդիր չէ, երբ ընտրելու և առաջադրվելու իրավունք չունեցողները իբրև թե հասարակական գործունեության տակ ներգրավված են Արցախում ընտրակեղծարարություններին: Նույն կերպ գուցե ադրբեջանամետ ուժե՞ր էլ ներթափանցեն Արցախ ու գումար բաժանելով՝ գործակալներ վարձեն: Իրավապահները գիտե՞ն, թե հասարակականի անվան տակ հանդես եկող քաղաքական – քրեականներն ի՞նչ են անում Արցախում: Թե՞ փափուկ ականջում, գուցե այդ գումարներից գրոշներ վաստակելով՝ նիրհում են արցախյան ուժայինները: Ու խոսքն ամենևին էլ միայն օսիպյանների մասին չէ, այլ Հայաստանից ժամանած ոմանց:

Ինչ վերաբերում է ընտրությունների հետագա ընթացքին, Վահան Բադասյանը գտնում է, որ եթե հիմա արցախցիները քարոզարշավներին իրենց բացակայության փաստը փաթաթում են կորոնավիրուսի գլխին, ապա ո՞ւմ վզին պիտի փաթաթեն Հայաստանից Արցախ ժամանած դիտորդների մուտքը կասեցնելու և Արցախում անարդար ու անազնիվ ընտրություններ իրականացնելու հարցը:

Իսկ ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շարունակում է ընդգծել իր դիվանագետ լինելու հանգամանքը ու հրապարակում դրվագներ. Դրվագներով է ամբողջանում կերպարը … Դրվագներ՝ ժողովրդի հետ անմիջական շփումներից. «Երբ նախագահդ նաև դիվանագետ է»:

Ի՞նչ կլինի մարտի 31-ին դեռևս հայտնի չէ: Բայց ինչպես ասում են, յուրաքանչյուրը լսում է այն, ինչ հասկանում է, հետևաբար՝ ամեն թռչուն իր ձվերի վրա պիտի թուխս նստի:

Նարե ՀԱԿՈԲՅԱՆՑ, Արցախից անկախ լրագրող

Հ.Գ. – Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի:

Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից, հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ հասարակական կարգի ցանկացած բնույթի խախտումներ կատարելուց, որոնցով անհամաչափորեն սահմանափակվում են նաեվ այլոց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, այլապես ոստիկանության կողմից կխափանվեն նման իրավախախտումները, իսկ կարգազանց անձինք՝ կենթարկվեն պատասխանատվության:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments