Արցունքներ Ռուսաստանի հայերի աչքերին. ովքեր եւ ինչի համար են բերվել առաջին պլան

«Մոսկվայում կա մետրոյի կայարան՝ այն կոչվել է Բագրատիոնիի անունով: Երբ ես անցնում եմ դրանով, իմ աչքերին արցունք է առաջանում՝ դրանք հպարտության արցունք են: Ես հպարտանում եմ, որ մեծ զորավարն իմ հայրենակիցն է: Եվ հիմա, երբ ես նայում եմ դատապարտյալների նստարանիn, իմ աչքերին արցունք է: Բայց դա այլ արցունք է՝ դա ամոթի արցունքն է: Ինձ ամոթ է, որ ես վրացի եմ»:

Շատերը թերեւս կհիշեն Դանելիայի հին ու բարի ֆիլմը՝ Միմինոն, դրվագը դատարանում: Իր վրացի լինելուց ամաչում էր մոսկվաբնակ կոռուպցիոները:

Դանելիայի ֆիլմի դրվագն է հիշեցնում մեկ այլ՝ «փաստագրական ֆիլմ», որ երկու տաղանդավոր հայի մասին նկարել է Նավալնին: Խոսքը ֆինանսական հնարքների հարցում տաղանդավոր Մարգարիտա Սիմոնյանի եւ նրա ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մասին է: Նավալնին ցույց է տվել, թե նրանք ՌԴ ամենաբարձր ղեկավարության թողտվությամբ ու հովանու ներքո ինչպես են պետական փողից սեփական գրպան տեղափոխում հարյուրավոր միլիոն ռուբլիներ:

Ռուսաստանի պատմությունն ունի բազմաթիվ հայեր, որոնց համար հնարավոր է հպարտանալ, եւ այդ հպարտությունը կարող է արցունք առաջացնել աչքերին:

Ի՞նչ է առաջացնում հայերի աչքին Նավալնու ներկայացրած ֆիլմը պրոպագանդիստ «մակաբույծների» մասին: Հաստատ ոչ հպարտություն: Սակայն բանն իհարկե հպարտությունն ու ամոթը չէ, այլ խնդրի շատ ավելի խորքային կողմը, երբ ռուսաստանցի ընդդիմադիրն իր հակակռուպցիոն հետաքննությունների շարքում ցույց է տալիս, թե ինչպես է հայկական ազգանունով մարդկանց՝ առաջամարտիկ պետական պրոպագանդիստների ընտանիքը գրպանում հանրային ռեսուրսը:

Եվ այստեղ շատ կարեւոր է, թե այդ հանգամանքը, ազգանվան վերջին երեք տառերն ինչ են առաջացնում ռուսաստանցիների մոտ: Եվ եթե նկատի առնենք նաեւ այն, որ ամենեւին ոչ դրական զգացողությունների առաջացման հարցում կան շահագրգռված «երրորդ երկրներ», ապա իրապես բախվում ենք խորքային ռիսկի: Ռիսկ, որը հնարավոր է առաջացվել է նաեւ միտումնավոր՝ պաշտոնական պրոպագանդայի առաջնային պլան բերելով եւ կոռուպցիոն ռիսկերի կապելով հայկական ազգանունով մարդկանց:

Անկասկած է, որ ցանկացած ժողովուրդ ունի իր ամենատարբեր ներկայացուցիչները, որոնք պատրաստ են վեհությունից մինչեւ ստորության: Բայց հենց այդ առումով, հայ-ռուսական իրապես բարեկամական եւ գործակցային, առողջ հարաբերության հարցով մտահոգ ցանկացած հայ եւ ռուս, հայաստանցի եւ ռուսաստանցի, պետք է խորհի թերեւս հարցով՝ հայկական ի՞նչ ազգանուններ են ավելի հայտնի ռուսաստանցիներին, եւ ի՞նչ գործով:

Դա ամենեւին միայն հայերի խնդիրը չէ, որովհետեւ հայ-ռուսական իսկապես առողջ հարաբերությունը ռուսական պետականության թիկունքն է: Պետականություն, որը «թուրքական սուլթանի» հարեմից չէ, ինչպես ռուսական առաջին ալիքով մի ժամանակ ցուցադրվող «Իմ սրտի սուլթանը»:

Հայերն ու Հայաստանն այդտեղ ունեն առանցքային դեր եւ փոխադարձ էական շահեր, որովհետեւ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, Հայաստանի հետ փաստացի դաշնակից լինելով է հնարավոր ռուսական այդպիսի պետականությունը:

Իսկ հայ-ռուսական իրական բարեկամության ու դաշնակցության հարցում խիստ էական չափորոշիչ է, թե ինչով, ումով են երկու ժողովուրդները ճանաչում միմյանց, ովքեր եւ ինչ գործերով, մտքերով ու գաղափարներով են բերվում առաջին պլան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments