Բանավեճ՝ խորհրդարանի նիստը դադարեցնել, գնալ տո՞ւն, թե՞ շարունակել խորհրդարանի աշխատանքը

- in Կարծիք

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց բանավեճով՝ խորհրդարանի նիստը դադարեցնել, գնալ տո՞ւն, թե՞ շարունակել խորհրդարանի աշխատանքը, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, այդ թվում արտակարգ դրության պայմաններում:

Առաջին առաջարկի հեղինակը Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր:

«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով եւ մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, եւ ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել եւս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ», – ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, ի պատասխան, հայտարարեց, որ եթե պատգամավորը հանդես գա նման օրենսդրական նախաձեռնությամբ՝ պարտավոր են քննարկել, բայց քանի դեռ չկա նման նախաձեռնություն՝ օրենքով սահմանված կարգով պետք է իրականացնեն ԱԺ գործունեությունը:

«Ես կարծում եմ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, եւ որպես օրինակ մենք ոչ թե պետք է նստենք տանը, այլ աշխատենք»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ ոչ ոք չգիտի՝ ինչքան կշարունակվի արտակարգ դրությունը, երբ կավարտվի: Ուստի, ըստ Միրզոյանի, ԱԺ-ն չի կարող մեկ տարի չաշխատել:

Էդմոն Մարուքյանը շարունակեց պնդել իր առաջարկը: Արձագանքեց ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ խորհրդարանական պետությունում կարեւոր մարմինը խորհրդարանն է եւ պատգամավորները չեն կարող գնալ նստել տանը՝ իսկ ժողովուրդն ո՞ւմ է նայելու:

Մարուքյանը երրորդ անգամ բացատրեց իր առաջարկը՝ ընդգծելով, թե խնդիրը նրա մեջ չի, որ իրենք չեն ուզում աշխատել, խնդիրն այն է, որ վարակակիրների թիվն օր օրի ավելանում է: «Ավելանում է, որովհետեւ մենք էս ձեւով ենք վերաբերում ամեն ինչին։ Մի երկրի օրինակ եմ ուզում պատմել․ թիվ 31-րդ վարակակիրը գնում է ծնունդի, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60 տոկոսի վարակողն է դառնում։ Մի մարդ վարակում է 60 վարակաիրների տոկոսին: Մենք պատգամավորներ ունենք՝ Ֆրանսիայից ու այլ երկրներից եկել են, 14 օր չեն էլ ինքնամեկուսացվել, հազար ու մի բան կա, ժողովուրդ ջան, եթե մենք լուրջ չենք վերաբերում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու։ Ասում են՝ ա, սուտ բան ա այս ախպեր, ոչ մի բան չկա ու օրեցօր 30-40 դեպք ավելանում է», – ասաց Մարուքյանը՝ կոչ անելով 20 րոպե ընդմիջում վերցնել եւ խմբակցություններով քննարկել հարցը։

«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք բա»,- տեղից արձագանքեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մխիթար հայրապետյանը փակագծեր բացեց՝ տեղեկացնելով, որ երեկ խորհրդի նիստում այս հարցը քննարկվել է, ԱԺ նախագահն էլ տեղեկացրել է, որ ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս աշխատանքի, իսկ խոցելի, թիրախային խումբն ընդհանրապես չի գալիս:

Հայրապետյանը նկատեց, որ ինքն այսօր օրենքի նախագիծ է ներկայացնելու եւ չի նեղանա, եթե իր որոշ գործընկերներ դահլիճում չլինեն, իր խոսքին հետեւեն աշխատասենյակում նստած:

«Ես մտածում եմ, գուցե պարոն Մարուքյանը մտածում է գուցե մի պատգամավոր կվարակվի եւ դրանից հետո կարելի է լավ, ցցուն ելույթներ ունենալ ԱԺ ամբիոնից»,- եզրափակեց Հայրապետյանը:

Կրկին արձագանքեց Մարուքյանը՝ նկատելով, թե Մխիթար Հայրապետյանը ինքնահաստատվում է:

«Աստված չանի ձեր հույսին մնամ»,- պատասխանեց Հայրապետյանը:

ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Կողմ քվեարկեց նաեւ Լուսավոր Հայաստանը:

Բանավեճը եզրափակեց Սասուն Միքայելյանը՝ նկատելով, որ Մարուքյանի առաջարկից բխում էր, որ իր խմբակցությունը պետք է դեմ քվեարկեր օրակարգի հաստատմանը: «Չեմ ուզում վիրավորել, բայց ոնց որ պոպուլիզմ լինի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments