Բուհերն արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցումը

- in Կրթություն

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքներ են տարվում կրթության անընդհատությունն ապահովելու ուղղությամբ՝ հեռավար ուսուցման միջոցով: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վերջին մի քանի օրերին բուհերի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ բուհերը հաստատել են, որ իրենք այս ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ապահովելու են ուսումնական անընդհատությունը: Բուհերն արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցումը: Այսինքն՝ բուհերի առումով խնդիր չենք ունենա, առաջիկա օրերին մոնիթորինգ կանենք և կհասկանանք այդ գործընթացի ամբողջականությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, նախարարը նշեց, որ այստեղ մեծ ոգևորություն կա: «Առանց մեր միջամտության արդեն որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում դասարաններ, ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար: Եվ ես այդ մասնագետներին, այդ ուսումնական հաստատութունների ղեկավարներին ողջունում եմ, ասում եմ՝ դուք մեր գործընկերներն եք: Խոսքը չի գնում դպրոցներից հեռավար ուսուցման մասին, խոսքը գնում է ուսուցիչների տեխնիկական միջոցներով այս ուսուցումը կազմակերպելու մասին»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ սա ըստ էության դառնալու է հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր: «Եվ մենք կոչ ենք անում, որպեսզի ուսուցիչները, տնօրենները, աշակերտներն ու ծնողները ջանքեր գործադրեն, որպեսզի ունենանք հաջողություն: Սա միանգամայն այլ մակարդակի է բարձրացնելու մեր ուսումնական գործընթացները: Եվ, ինչպես վարչապետն էր նշում, սա լրացուցիչ հնարավորություն է, և մենք պետք է այս սահմանափակումները դիտենք որպես լրացուցիչ հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար: Կառավարության ծրագրով հեռավար ուսուցման համակարգի ներդրումը հանրակրթության ոլորտում սահմանված էր 2021 թվականի դեկտեմբերին: Բայց մենք կարող ենք ասել, որ այս հնարավորությունը կօգտագործենք՝ այս համակարգն ավելի շուտ ներդնելու համար»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք հեռավար ուսուցումը լրացնելու է առկային, նա պատասխանեց, որ այս պահին չեն կարող ասել՝ այո կամ ոչ: «Մենք ուզում ենք խրախուսել ջանքերը, որոնք ուսուցիչները կգործադրեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Մենք ուսումնասիրություն կանենք ու կհասկանանք՝ արդյոք սա առկային լրացնում է, թե չէ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments