Ես ինչու պետք է վճարեմ, պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, թող ինքն էլ հոգ տանի քաղաքացիների մասին: Այդ միտքը արտահայտել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյո՞ք վճարելու է իր այն աշխատակիցներին, որոնք այս օրերին ստիպված են չաշխատել:

Գագիկ Ծառուկյանը կամա թե ակամա պայթեցրել է իր միֆը՝ «ժողովրդի համար» միֆը: Ծառուկյանի վիճակի հակասականությունն այն է, որ արտակարգ դրության պայմաններում ոչ միարժեք իրավիճակներն իսկապես շատ են, որոնք տարընթերցում են առաջացնում գործատու-աշխատող հարաբերությունում:

Մի կողմից չկա համընդհանուր աշխատանքի դադարեցման պատասխանատու որոշում, մյուս կողմից՝ կառավարությունից եկող ազդակները միտում ունեն քաղաքացիների եւ գործատուների շրջանում ստեղծել ավելի շուտ ոչ աշխատանքային ռեժիմի տրամադրվածություն եւ որոշումներ:

Սակայն, դա իհարկե խնդրի մի կողմն է, քանի որ մյուս կողմում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի այսպես ասած չգրված կանոններն են, որոնց թվում մարդկային արժեքներն ու առաքինություններն են: Ինչպես օրինակ այն 2000-ից ավելի կամավորականներինը, որոնք միացան պետության ջանքին, որպեսզի օգնեն կարիքավորներին:

Երբ աշխատակիցներին վճարելու բարդության մասին է խոսում եւ պատասխանատվությունն ամբողջությամբ պետության վրա է դնում փոքր կամ միջին որեւէ գործարար, որը պարապուրդի պայմաններում բավարար շրջանառու միջոցներ չունի մեկ կամ երկու ամիս աշխատավարձի վճարը իր վրա վերցնելու համար, այդ դժգոհությունը լիովին հասկանալի կլինի:

Բայց փոքր ինչ տարօրինակ է, երբ Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը կատարում է այդօրինակ հղումներ, պատասխանատվությունը դնելով պետության վրա, շատ լավ հասկանալով, թե որքան սուղ են այդ պետության միջոցները: Եվ դրանք սուղ են նաեւ այն պատճառով, որ Հայաստանում մոտ երեք տասնամյակ իշխել է մի համակարգ, որի պայմաններում պետության սուղ հնարավորությունների պայմաններում հանրային-պետական ռեսուրսների հաշվին ծաղկել են տարբեր անձանց բիզնեսներ:

Օրինակ, ինչպե՞ս կվերաբերի Գագիկ Ծառուկյանը, որն ասում է թե արտակարգ դրություն է՝ թող պետությունն էլ հոգ տանի, եթե արտակարգ դրության պայմաններում պետությունը պարզապես որոշի հանրությանը վերադարձնել այն հանրային հանքարդյունաբերական ռեսուրսը, որի մի հատված էլ սեփականության իրավունքով հանձնվել է Գագիկ Ծառուկյանի տնօրինությանը:

Սեփականության իրավունքը անշուշտ պետք է լինի հայկական պետականության ռազմավարական հեռանկարի հիմքը, սակայն այդ պետականության հիմքում պետք է լինեն նաեւ քաղաքական ու տնտեսական էլիտայի առաքինությունները, սոցիալական պատասխանատվությունը հանրության առաջ՝ անկախ քաղաքական միավորների հաշվարկից:

Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով հանրությանը լավ օրինակ ցույց տալու ամենամեծ ներուժն ունեցող անձանցից է, որը սակայն միայն մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ոտքի վրա մսխեց այդ ներուժի մի ահագին մասը: Բայց դեռ ուշ չէ:

Spread the love