Գլոբալ հայերն անցնու՞մ են գործի՝ ժամանակն է. հրաշալի օրինակը

- in Հրապարակ
Hayastan

Կորոնավիրուսը աշխարհը բերում է «զրոյական մակարդակի», ստիպելով թերեւս «ամեն ինչ սկսել զրոյից»: Չակերտներն անշուշտ խորհրդանշում են այդ բնութագրերի պայմանականությունն ու հարաբերականությունը, սակայն գործնականում ընդունում են գրեթե բոլորը, որ հետվարակային աշխարհը թե տնտեսական մեխանիզմների, թե հանրային հոգեբանության իմաստով լինելու է բոլորովին տարբեր, քան աշխարհը վարակից առաջ:

Դա թե մարտահրավեր է, թե նաեւ հնարավորություն: Հնարավորություն առավել եւս այն հանրությունների ու պետությունների համար, որոնք նախավարակային աշխարհում ինչ-ինչ պատճառներով, ընդ որում զգալիորեն օբյեկտիվ, գտնվում էին համաշխարհային գնացքի հետին վագոններում:

Այստեղ առանցքային նշանակություն է ստանալու այն, թե հանրությունները որքան են ունակ օգտագործել պատմական պահը, իհարկե նախ եւ առաջ վարակի առողջապահական ռիսկերը կանխարգելելու եւ կառավարելու, հետո արդեն համաշխարհային նոր իրողություններին համընթաց քայլելու եւ շարժակազմում էական առաջընթաց արձանագրելու համար: Այդ ունակությունն անշուշտ պայմանավորվելու է որակական մի շարք հատկանիշներով, միաժամանակ նաեւ աշխարհայացքով, աշխարհի ընկալումով:

Այդ իմաստով հայկական հանրությունը գտնվում է որոշակի հակասականության միջավայրում: Եղել են խմբեր, որոնք տասնամյակներ շարունակ «քարոզել» են փակ աշխարհայացք, պսեվդոազգային կենսակերպ, որը սակայն իրականում ոչ թե ազգայինն է խորացրել ու հարստացրել, այլ խորացրել է գավառականությունը, ազգայինն ու ավանդութականը դարձնելով ընդամենը դրա ցուցանակ:

Միեւնույն ժամանակ, հայ ժողովուրդը այն բացառիկ ժողովուրդներից է, որը սփռված լինելով ամբողջ աշխարհում՝ ցուցաբերել է համաշխարհային կյանքի համարժեքության բարձր աստիճան, արձանագրելով էական ձեռքբերումներ համաշխարհային կյանքի ամենատարբեր ոլորտներում, էական դերակատարում ստանձնելով ամենատարբեր պետականությունների ստեղծման ու զարգացման գործում:

2016 թվականին այդ հանգամանքի արտահայտություններից կամ այսպես ասած ամփոփման փորձերից մեկը եղավ Գլոբալ հայերի կոչը հայտարարությունը, որով նրանք արձանագրում էին Հայաստանի եւ համահայկական վերելքի անհրաժեշտությունը, դրանում առանցքային դեր վերապահելով նաեւ հենց բաց աշխարհընկալմանն ու այդ ռեժիմում դիտարկելով նաեւ ազգային նկարագրի պահպանման, վերելքի ու միաժամանակ ինքնության ապագան: Մի քանի տասնյակ հայերի այդ կոչը, որոնք աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ոլորտներում հասել էին հաջողության, բավականին ոգեւորիչ էր:

Միաժամանակ, այն հնչում էր Հայաստանի համար քաղաքական էական, բավական ինտրիգային ժամանակահատվածում եւ դիտարկվեց նաեւ այդ լույսի ներքո:

Այդուհանդերձ, անկախ շարժառիթից, դրսեւորվեց հայկականության ահռելի ներուժ, որը առավել քան արդիական է համաշխարհային ներկայիս իրողություններում, թեեւ այդ ներուժը ինչպես դրսեւորվեց 2016-ի աշնանը, այնպես էլ կարծես թե լռության մատնվեց հետագա զարգացումների ֆոնին:

Այժմ թերեւս Գլոբալ հայերի գործի անցնելու ժամանակն է, որքան էլ գործիչների մի քանի տասնյակի առնչությամբ հայաստանյան հանրային, համահայկական մակարդակում կարող են լինել ամենատարբեր գնահատականներ ու կարծիքները: Դրանք երբեք մեկը չեն լինում, հետեւաբար երբեք պետք չէ սպասել մեկին: Միաժամանակ, չի սպասելու նաեւ աշխարհը: Իսկ պետությունը բոլորի համար մեկն է՝ բոլոր հայերի, որոնք գիտեն, որ կա Հայաստան, եւ իրենք կան Հայաստանով: Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հարաբերակցություն է Հայաստանում:

Ի վերջո, Գլոբալ հայերը պետք է այդպիսին լինեն նաեւ դրանով՝ գլոբալ, վերքաղաքական մտածողության ունակությամբ: Կանցնե՞ն նրանք գործի, հարստացնելով Հայաստանի համահայկական ներուժն ու իրենց ուժը ծառայեցնելով Հայաստանը համաշխարհային կյանքի նոր ճարտարապետությանը ներգրավելուն:

Ի դեպ, ավելի քան 2000 հայաստանյան հայեր գլոբալ հայերին տվել են հրաշալի օրինակ, ժամերի ընթացքում արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարի կամավորական աջակցության առողջապահության նախարարության կոչին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments