Գորիսի քաղաքապետի անվան հետ կապված երկու քրեական գործ է քննվում

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա եւ տեղակալ Մենուա Հովսեփյանը առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որեւէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել:

Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպքեր են եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Սակայն սա էլ ամենը չէ.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաեւ 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, եւ իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գործով անցնող որոշման տակ: Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments