«Մենք՝ պաշտպաններս դատական նիստին գնալու ենք, բայց Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա, քանի որ դեռ Էրեբունի ԲԿ-ում է և բուժումն է շարունակում»,- այս մասին նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Քոչարյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան։

Անդրադառնալով դատական նիստին՝ պաշտպանը նշեց, որ տեղեկություններ ունեն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և չի ներկայանա դատական նիստին, և, միգուցե, դատական նիստը չկայանա։

Նշենք, որ մարտի 17-ի դատական նիստի ընթացքում Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է հանդես գային Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

«Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ համարել չեմ կարող, որովհետև եթե նա գտնվում է հիվանդանոցում, ուրեմն դեռ լիարժեք ապաքինում տեղի չի ունեցել և դեռևս ստացիոնար բուժման ցուցումներ կան»,- այսօր լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ էթիկայից ելնելով՝ չի կարող հայտնել նրա առողջական վիճակի մանրամասները:

«Ուղղակի ինձ մոտ շատ լուրջ հարց է առաջացել, որի պատասխանը ես փորձելու եմ գտնել, թե ո՞նց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց: Ինձ համար այդտեղ հարցեր կան, և ես դրանք պատասխանները փնտրելու եմ»,- հավելեց փաստաբանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մարտի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում արել է անսպասելի հայտարարություն: Նա ասել է, որ հարցեր ունի այն առնչությամբ, թե ինչպես է բացարձակապես առողջ Ռոբերտ Քոչարյանը հիվանդացել, ունի առողջական խնդիրներ:

Հայտնի է, որ մի քանի ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվեց: Հետո նա պարբերաբար այցելում էր բժշկական կենտրոն, իսկ ներկայում ստացիոնար բուժում է անցնում Էրեբունի բուժկենտրոնում:

Հայկ Ալումյանի հայտարարությունը համենայն դեպս թողնում է կասկածի տպավորություն, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրներն առաջացել են ինչ որ միջամտության հետեւանքով: Փաստաբանն ասում է, որ ունի հարցեր եւ փորձելու է հետամուտ լինել դրանց պատասխանին:

Նա ակնարկում է, որ ինչ որ մեկը կամ մարդիկ միտումնավոր ազդե՞լ են Ռոբերտ Քոչարյանի առողջության վրա: Համենայն դեպս թվում է, որ հազիվ թե խոսքը բանտային պայմանների մասին լինի: Համենայն դեպս մինչ այժմ թե երկրորդ նախագահը, թե նրա պաշտպանական թիմը որեւէ կերպ չեն դժգոհել այդ պայմաններից եւ առողջության համար վտանգավոր լինելուց: Ավելին, հայտնի է նույնիսկ, թե ինչպես իր հարցազրույցներից մեկում Քոչարյանը կատակեց «թախտաբիթիների» բացակայության մասին:

Ուրեմն, է՞լ ինչը կարող էր ազդել երկրորդ նախագահի վրա, բացարձակ առողջից նրան դարձնելով առողջական խնդիրներ ունեցող եւ պարբերաբար բուժման կարիք ունեցող մարդ: Ընդ որում, այստեղ հատկանշական է, որ հանրային մի որոշակի հատված կասկածի տակ է դնում երկրորդ նախագահի վատառողջությունը, դա համարելով պաշտպանական հնարք: Մինչդեռ, նրա պաշտպանն էլ փաստորեն կասկածում է, որ իր պաշտպանյալի առողջությանը կարող էր հասցված լինել դիտավորյալ վնաս:

Համենայն դեպս, Հայկ Ալումյանն արել է իսկապես բազմիմաստ հայտարարություն, որից նաեւ հարց է առաջանում, թե արդյոք նրա շուրթերով արտահայտվում է երկրորդ նախագահի կասկածը, կամ պարզապես տագնապը, որ ինչ որ մեկն իրեն կարող է վնասել: Դժվար է պատկերացնել, որ Ալումյանն այդ կարգի հայտարարություն կամ կասկած հայտներ առանց երկրորդ նախագահի հետ խորհրդակցության:

Անշուշտ, պետք չէ նաեւ բացառել, որ դա հենց պաշտպանական մարտավարություն է: