Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը և մարտի 13-ին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունենալու կորոնավիրուսի հարցով: Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Փաշինյանն ասել է նաև, որ վաղվա քարոզչական միջոցառումները հետաձգվելու են:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հայտնաբերվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ: Փաշինյանի խոսքով, նրանք երեկ հաստատված էջմիածնեցի կնոջ ամուսինն ու բարեկամն են:

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում ասաց, որ մարտի 13-ին դասապրոցեսը բոլոր ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախակրթարաններում, դադարեցվում է: Փաշինյանը նշեց, որ մարտի 13-ին կառավարությունում խորհդակցություն է անցկացվելու, որտեղ որոշումներ կկայացվեն հետագա օրերի վերաբերյալ:

ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են  ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ:

Մանասավորապես, մարտի 12-ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումները:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ որոշումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ: