Դրախտի նոր բնակիչը. Տոնինո Գուերան` ինչպես տեսա

- in Մշակույթ

(հատվածներ էսսեից)

Դեռ 80-ականների սկզբին, մոսկովյան կինոփառաոններից մեկի ժամանակ ցուցադրված նրա սցենարով Տավիանի եղբայրների նկարահանած ֆիլմերից մեկը, մեկին-մեկ մեր մասին էր՝ հայկական հոգեբանությամբ ու կոլորիտով, մեր պես մի աչքը դեպի դուրս, դեպի Ամերիկա, դեպի լավ կյանք, ավանդական ընտանիքի բարորության ու լավ, արժանապատիվ ու ամեն ինչով ապահովված ապրելու ձգտումով. չնայած էն գլխից է հայտնի ,որ երկու երնեկը հազարից մեկ է մի տեղ տրվում, բայց Իտալական կինեմատոգրաֆին, ի դեմս Տոնինո Գուերայի սցենարներով նկարված իտալական կինոնկարներին էն գլխից արդեն տրված էր, նրա կինոմուտի առաջին փորձից սկսած, այսինքն 1950 թվականից…

Իսկ մոսկովյան կինոփառատոններոում, որտեղ կարելի է ասել ամեն երրորդ մրցույթային ֆիլմը պարտադիր Իտալական էր լինում ու շահողների էլ համարյա կեսը, սովետական կինոգործիչները շշուկով խոսում էին այն մասին, որ Գուերան չնայած պաշտում է ռուսական արվեստն ու գրականությունը, բայց նորից մերժել է փառատոնին ներկա գտնվելու հրավերը, որովհետև չի կիսում սովետական վերնախավի վերաբերմունքը Սոլժենիցինի, Փարաջանովի, Տարկովսկու և մնացած հանրահայտ այլախոհների նկատմամբ, ավելին, խոսվում էր նույնիսկ այն մասին, որ Տոնինո Գուերան է Ֆեդերիկո Ֆելինիի հետ հեղինակել Լուի Արագոնի հայտնի նամակը ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ի պաշտպանություն Սերգեյ Փարաջանովի, ինչի արդյունքում վերջինս բանտից ազատ արձակվեց և կարելի է ասել հրաշքով փրկվեց…
Այո՛, Տոնինո Գուերան չէր ընդունում սովետների վերաբերմունքը Բարձր Արվեստի և նրա կրողների նկատմամբ, որովհետև ճահճի մեջ թաղված սովետների գաղափարախոսները <հերքում էին անհերքելին, պղծում էին սուրբը և սրբացնում պղծին>…

Մոտավորապես քառորդ դար էր անցել այդ ժամանակներից և բախտը մեզ հանդիպեցրել էր Երևանյան <Ոսկե Ծիրան> միջազգային կինոփառատոնի շրջանակներում…

Կապուտակ Սևանում էինք: Տոնինո Գուերան կոշիկներն ու գուլպաները տեղավորել էր պայուսակի մեջ, տաբատի ճտքերը Բակունցի ջրվորի պես քշտել էր մինչև ծնկները և բոբիկ վայելում էր Կապուտակ Սևանի ավազն ու ջուրը: Աթոռակին նստած, ոտքերը Սևանում ու աչքերը կիսափակ` նա նայում էր հեռուն. կարծես աղոթում էր մայրենի իտալերենով, կարծես զրուցում էր ինչ-որ մեկի հետ, հորիզոնից այն կողմ, երկնքի երկայնքով մեկ և կինը` Լորան, որ ծնունդով մոսկվացի էր. ասաց. <Աղոթքը հասկանում էի, իսկ զրույցից բան չեմ հասկանում: Ինչ-որ հին լեզու է…>:

Հետո` ավելի ուշ, երբ բռնել էինք Գեղարդի ճանապարհը, Տոնինոն ասաց. <Սևանը դրախտի դուռն ու սկիզբն էր և ինձ այնտեղ օծեցին>:

Գեղարդում Լորան համոզում էր նրան, որ բոկոտն չքայլի, այդժամ Տոնին ութսունվեց տարեկան և չորս ամսական էր, Լորան նույնիսկ սկսեց անհանգստանալ, բարձրաձայն աղաչել, չստացվեց. <Ես սուրբ հողի վրայով եմ քայլում, ինչպես կարելի է, միթե չես հասկանում>. Արձանագրեց Տոնին ռուսերենով, բոլորիս համար: Երկխոսությունն ավարտված էր, վերջակետը դրված: Լորան ինքն էլ ազատվեց սանդալներից, իսկ ավելի ուշ խոստովանեց, որ երախտապարտ է Տոնիին, որովհետև ինքն էլ մի քիչ ընդգրկվեց նրա նոր աշխարհի ու մի քիչ էլ Գեղարդի գաղտնիքների մեջ:

Պետք էր կողքից տեսնել, թե ինչպես Տոնինո Գուերան փարվեց ու ձուլվեց Գեղարդի և նրա պատմության հետ և աջ ափը դնելով ձախ կողին, տխուր հնչերանգով ու ցավով Լորայի համար արձանագրեց. -Հենց այստեղ բերված գեղարդով են խաչի վրա խոցել Հիսուսին, երկու օր առաջ Էջմիածին սուրբ կենտրոնում ես այն գրկել եմ, համբուրել, սեղմել եմ կրծքիս ու թող ների ինձ Բարձրյալը, ծայրի մասով ուժեղ խփել եմ ձախ կողոսկրներիս, որպեսզի փոքր ինչ հասկանամ Որդուն… Օրը կիրակի էր, մենք Գեղարդ էինք հասել պատարագի վերջին մասին և մեղաների հնչեցման պահն էր, ներկաներից շատերը ծնկաչոք աղոթում և ապաշխարհում էին ու Տոնինոն շատ բնական, հընթացս միացավ նրանց իր հետ ծնկի բերելով նաև կնոջը ու մինչև պատարագի ավարտը նրանք մեխված էին Գեղարդի քարե հատակին: Հետո որպես հին ու հնազանդ ուխտավորներ նրանք պատարագիչ քահանայի ձեռամբ հաղորդություն ստացան և Տոնին մտահոգ, բայց ժպտալեցուն խոստովանեց, որ Սեվանում սկսված իր օծման արարողակարգը ավարտվեց Գեղարդում…

Մենք շարժվեցինք դեպի ժայռափոր տաճարի գաղտնաթաքույց լաբիրինթները, որի պեղողն ու ուխտագնացը, ոչ այլ ոք էր, եթե ոչ ամբողջ աշխարհը իր հանճարով բազմիցս նվաճած բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ , ճարտարապետ ու կինոսցենարիստ Տոնինո Գուերան …

Երեք, գուցե չորս, գուցե հինգ ժամից ավելի նա շշնջալով ու ոչ մեկիս, նույնպես և` Լորայի համար անհասկանալի, գուցե տիեզերական լեզվով զրուցում էր քարի, զարդանախշի, խաչի, մամուռի, քարայրի, և քարայր ներխուժած լույսի շողը թաքուն շարժող քամու հետ:

Նա շոյելով տարածքի քարե ձեռագործ սրբությունները, անցավ այն ամբողջությամբ՝ սրահ առ սրահ, կամար առ կամար, խուց առ խուց, գետնուղի առ գետնուղի, խաչքար առ խաչքար, աստիճան առ աստիճան, ոլորան առ ոլորան: Նրա աչքերն անընդհատ փակ կամ կիսափակ էին: Նա ոչ թե քայլում, այլ սահում ու թռչում էր, որպես աղոթքի հնչյուն ու տող, որպես գույնի երանգ, որպես ուխտագնաց մի շունչ` փարված ու մերված հայոց հավատի նշխարներին:

Եղավ մի պահ, երբ ինձ թվաց, որ Տոնինոն զրուցում է Գեղարդը կերտող վարպետի հետ: Ես փորձեցի տեսնել նրան ու չտեսա, միայն հեռվից, շատ հեռվից զգում էի նրա աղոթքի զորությունը և ավելի հեռվից լսողությունս շոյում էր կտրիչի ու մուրճի համաչափ համահունչ կտկտոցը, որով նա կարծր ժայռաբեկորները վերակերպավորում ու վերածում էր սուրբ-սրբոց աղոթարանների և այդ նույն մուրճի ու կտրիչ-հատիչի կտտոցներով Տոնինոյին պատմում էր երկար տարիների ընթացքում իր ու իր վարպետի` չարչարանաց տառապանքի, ժայռից լուսապատկեր տաճար կերտելու և իրեն տիեզերական ներդաշնակության ակունքներին մոտեցնող արահետի ու այնտեղից իրեն կանչող մշուշապատ շղարշների և շղարշապատ մշուշների մասին… Քարայրներով խաչաձևված լաբիրինթոսի արահետներն իսկապես ներբեռնված էին ինչ-որ գաղտնալեզու խորհրդավորությամբ, որի թարգմանը դառնալու շնորհը ի վերուստ ու այդժամ տրվել էր Տոնինոյին, բայց քանի որ լաբիրինթոսի արահետները վտանգաշատ էին, մենք` Տոնինոյին ուղեկցողներս, դժվարանցանելի հատվածներում անհանգստանում էինք Դրախտի նոր-նոր օծված բնակչի համար, մտաբերելով նրա 86 ամյա տարիքը… բայց ի ուրախություն մեզ նույն պահին լուսավորվում էինք մեզ ակամա պարուրող այն մտքից, որ նա մեր մեջ ամենամանուկն ու ամենակայտառն է` մարմնով մեր կողքին, հոգով Այնտեղ: Եվ այդ Այնտեղը ոչ-ոք այդ պահին չէր կարող վկայել. անցյալն էր, թե ապագան: Գուցե անցյալը նույն ապագան էր, որ մեզ այդպես ամուր պահում էր մեր նախնյաց արմատների վրա…

Մի մութ քարայրով անցնլիս, Լորան, որ քայլում էր Տոնինոյի ներբանններին կպած, վախվորած շշնջաց, թե կորցրել է Դրախտի բնակչին, իսկ մի պահ անց քարայրը լցվեց նրա կես ռաուսերեն-կես իտալերեն անհանգիստ հնչերանգների արձագանքով.

– Տո՛-նի՛-ն ո-ո – ո՜ …

Լապտեր չունեինք, լուսանկարիչն անմիջապես վառեց ֆոտոապարատի լույսը, և ով զարմանք. Տոնինոն մերվել էր մեզնից 10-15 մետր հեռավորության վրա գտնվող մի հնամենի խաչքարի ու երբ նրան հայտնաբերեցինք աղոթքի ու բանաստեղծության պես մի բան սկսեց արտասանել, բարձր ու հասանելի բոլորիս, նաև քարայրին, խաչքարին, լաբիրիթոսին… Լորան շշուկով թարգմանում էր, և աղոթքն այդ մեր Երկիր-ավետյացի, Արմենիայի մասին էր, որտեղ մենք ապրում և չեինք գիտակցում, վայելում և չեինք գնահատում, աղոթքի մեջ էինք ու չեինք հավատում, ամեն օր խախտում էինք Տիրոջ տասնաբանյան ու չէինք զղջում, չէինք ապաշխարհում… Երկար էր աղոթքը և սիրով լի, և կանչում էր մեզ դեպի Տիրոջ դուռը, կոչում էր մեզ գթասրտության ու կամեցողության` յուրայինների և օտար բարեկամների նկատմամբ, կոչ էր անում զգոնության օդում ու մեր ներկա և պատմական սահմաններում թաքնված վտանգներին և վերադարձնում էր մեզ մեր նախնյաց արմատներին, ուր նրանք խաչի հավատով ամուր էին և կամքով` հզոր, և այդ ամենը անցյալում էր ու ապագայում…

Դրախտի նոր բնակիչը ընդհատեց, կամ՝ ավարտեց իր վերերկնյա շփումները և սովորականի պես Լորայից անձեռոցիկ խնդրեց, ճակատից թափվող և աչքերը լցվող արցունքներն ու քրտինքը սրբելու համար և կողքից տեսնել էր պետք Լորայի անընդգրկելի ուրախությունը , այս անգամ ոչ թե Դրախտի բնակչի, այլ իր օրինական ամուսնու վերադարձի համար և պահը չկորցնելով նա նորից փորձեց Տոնինոյի բոկոտն ոտքերը կոշիկներով բանտել.

No, No, No, No… Բարկանալով ըմբոստացավ և ըմբոստանալով բարկացավ Տոնին և այս անգամ կինը շատ ընդգծված և շատ արագ տեղի տվեց, որ հանկարծ ամուսինը նորից չլքի իրեն…

Փոքր ինչ ավելի ուշ, երբ մենք արդեն մոտիկ հացատունը մտանք ընթրելու և հագեցած օրն ամփոփելու համար, Տոնինո Գուերան խնդրեց, որ ճաշացանկի պատվերը և վճարը այս անգամ իրեն թողնենք, ապա ժպտալով ու մեր աչքերին նայելով, ավելացրեց. _Լավ, լավ, լավ, մի նեղացեք, դու՛ք, հայերդ, ոնց-որ իտալացի լինեք, խնդրում եմ մի նեղացեք, պատվիրում եմ ես, վճարում է Արմենիան, բայց պայմանով, ամեն ինչից քիչ-քիչ… գարսոն ներկայացեք իմ մոտ…

Մենք ընթրեցինք հայկական ու իտալական խոհանոոցների և երաժշտության համադրմամբ, ցողելով այդ ամենը տտիպ գինով, եղբայրական սիրով ու բարեկամությամբ առլեցուն , կենացներով իրար բախվելիս մեր գավաթները կարմիր ցոլք ու շրխշրխկան զրնգոցներ էին շռայլաբար տարածում հյուրասեր ու հյուրապաշտ այդ պանդոկում և պատուհանից գայթելով դեպի մոտակա ձորը, մեղմ արձագանքվում էին Գեղարդի խոնարհ, լռակյաց ու հավատաշունչ կամարների տակ ու նրանից սկիզբ առնող քարայրների գագաթներին…

Մի քանի օր անց, երբ Երևանյան կինոփառատոնի հիմնադիր տնորեն Հարություն Խաչատրյանի հետ Զվարթնոց օդանավակայանի թռիչքասրահից արդեն ճանապարհում էինք Գուերա հրաշազույգին, Տոնինոն ի լուր մեզ և առ երկինք ասաց , որ հաջորդ <Ոսկե Ծիրանին> , անպայման կգա արդեն իր ամենամոտ ու անբաժանելի ընկերոջ ու գործընկերոջ, իտալական կինոյի վերջին մոհիկանի , Միքելանջելո Անտոնիոնիի հետ.

-Նա արժանի է, նա վաստակել է Արմենիայում լինելու, Նոյ նահապետի ոտնահետքերով քայլելու և մի քիչ հայ դառնալու իրավունքը…

Հավատացեք ինձ, նա շատ է տկարացել, նա Արմենիա գալու, հետևաբար վերակենդանալու կարիքն ու անհրաժեշտությունը ավելին ուներ , քան ես, մենք եկող տարի անպայման կգանք… Եվ հազար ափսոս որ Ֆեդերիկո Ֆելինին այլևս չկա ու չի կարող մեզ ընկերակցել… բայց ոչինչ, ավելի ուշ ես նրան կպատմեմ իմ օծման արարողության մասին…

…Եվ իմացեք ամենակարևորը, այն որ ես հայտնագործեցի իմ Ուխտագնացության ժամանակ, այստեղ.

-Դժբախտ է այն մարդը, ով կյանքում գոնե մեկ անգամ չի եղել ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ, լուրջ արվեստագետը դժբախտ է կրկնակի…

Վանուշ Շերմազանյան

На изображении может находиться: 1 человек, сидит, ребенок, стол и на улицеНа изображении может находиться: 4 человека, люди стоят, ночь и на улицеНа изображении может находиться: 4 человека, люди стоят

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments