Եթե այս տեմպերը պահպանվեն, տեղաշարժի սահմանափակումը 7 օրից ավելի չի տևի

- in Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ինչ իրավիճակ է երկրում։

«Ձեռքիս տակ ունեմ ընդհանուր ուղևորահոսքի թվերը, որոնք եղել են 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, օրական միջինը։ Մենք Երևան քաղաքում ունեցել ենք միջինը 550 հազար ուղևոր, որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով։ Երեկվա դրությամբ ունեինք 18 հազար ուղևոր, ինչը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Մոտավորապես նույն պատկերն է մարզերում։ Կարծում եմ՝ մեր քաղաքացիները բավական գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին, իհարկե, լինում են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումների»,- ասաց նա։

Ավինյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։ «Եվ պետք է խնդրեմ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև այս սահմանափակումներն  արված են միայն առողջապահական նկատառումներով՝ վարակի հնարավոր կանխումը տարածելու համար։ Եվ այս ժամանակահատվածը մենք օգտագործում ենք տեխնոլոգիապես վերազինվելու և կանխարգելիչ մեր մեխանիզմները բարելավելու համար, որը բավական արագ տեմպերով իրականացվում է»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանը հավելեց՝ եթե այս նվազ տեմպերը շարունակվեն, կառավարության նախանշած 7-օրյա ժամկետի մեջ կտեղավորվեն և սահմանափակ ռեժիմով տեղաշարժվելու ավելի օրեր չեն խնդրի քաղաքացիներից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments