«Ընդհանրապես պարզ է, որ այս ժամանակահատվածում սոցիալական, տնտեսական աջակցության թեման ամենահրատապ թեմաներից մեկն է։ Բայց ես ուզում եմ ուրվագծել կառավարության մոտեցումը, մեր մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց հարցը, որ արտակարգ դրության ու ճգնաժամի պայմաններում շատ ընտանիքներ կանգնել են խնդրի առաջ, չեն կարողանում աշխատել, կոմունալ վճարները վճարել և այլն։

Փաշինյանն ասաց, որ նախկին փորձը ցույց է տվել, թե ինչպես են նման իրավիճակներում աջակցությունից օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքն ընդհանրապես չունեն։ «Հետևաբար, մեր բոլոր գործողությունները՝ ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ուղղվածությամբ, այն են, որ հասցեականությունը մաքսիմալ թիրախավորված լինի, որովհետև մենք աջակցություն ենք ցուցաբերելու հանրայիյն միջոցներով։ Եվ պետք է նաև հանրությանը հաշվետություն տանք, թե այդ միջոցներն  ինչպես օգտագործեցինք։ Նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարներին, որովհետև այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարները հետաձգենք։ Հարց՝ օրինակ՝ պետական համակարգի աշխատողների կոմունալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում։ Կամ, կներեք, ապահովված խավի կոմունալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն։ Եվ նույնիսկ, կներեք, սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել, մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստառու, հիմա էլ է նպաստառու, մարդը նույն ձևով ստանում է իր նպաստը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարետն այս ընթացքում աշխատանք է տարել, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի։ «Այդ թվում՝ Գազպրոմ Արմենիա ընկերության հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն։ Ինչո՞ւ մենք սրա մասին շուտ չէինք խոսում, որովհետև չէինք ուզում, որ դա օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան։ Այսօր կարող ենք ասել, որ բոլորի հետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով ունենք այդ պայմանավորվածությունը։ Բայց իմ կոչը և խնդրանքն է, որովհետև նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունները, կոմունալ վճարումները չուշացնեն»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ենթադրենք ինչ-որ մեկի գազն անջատել են, եթե նա մեկ ամսում 2 մլն դրամի գազ է սպառել, ճիշտ են արել, թող անջատեն, նա թող տանի ու գումարը վճարի։ Բայց եթե անապահով խավի գազն են անջատել, կմիացնեն։ «Ես չեմ ուզում, որ մենք իրար հետ խթանենք սպեկուլյացիաները։ Շատ դեպքերում մենք այդ թեմաներով չենք խոսում, որ չխթանենք սպեկուլյացիան»,- նշեց նա։
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •