Եթե Խաչատուրովը կամ Սերժ Սարգսյանը խորհրդարան չեն ներկայանում, ապա անուղղակիորեն հաստատում են …

Khachaturov

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս ստացել է Յուրի Խաչատուրովի գրավոր պատասխանն առ այն, որ վերջինս չի ներկայանա հանձնաժողով։

Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնենք, նման գրավոր առաջարկ էր ուղարկել Խաչատուրովին, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Սա ընդունենք՝ որպես փաստ, և արձանագրենք, որ խորհրդարանական հանձնաժողովը որևէ մեկին «բերման ենթարկելու» կամ այլ սանկցիա կիրառելու իրավասություն չունի և մեծ հավանականությամբ՝ հաշտվելու է այն փաստի հետ, որ Խաչատուրովը ժամանակավոր հանձնաժողով չի ներկայացել։

Հետաքրքիր է հասկանալ այն մոտիվացիան, որ պաշտոնանկ գեներալին դրդել է նման «բոյկոտի» ու սա այն դեպքում, երբ ՊՆ գործող և նախկին բազամաթիվ պաշտոնյաներ ներկայացել են խորհրդարան ու ժամերով պատասխանել են պատգամավորների հարցերին։

Իհարկե, ոմանք կարող են ասել, որ Խաչատուրովն՝ որպես մեղադրյալ, անցնում է Մարտի 1-ի գործով, այլ խոսքով՝ իրեն արդեն «դատված» է համարում ու այդ պատճառով էլ չի ներկայացել Քննիչ հանձնաժողով։ Սակայն այս փաստարկը համոզիչ չի կարող թվալ, որովհետև հանձնաժողով արդեն ներկայացել է Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն, որն, ի դեպ, մեղադրվում է այլ՝ կոռուպցիոն մեղադրանքով ևս։ Այստեղ տեղին է նկատել, որ Քննիչ հանձնաժողով ներկայանալը՝ հակառակը, կարող էր «մաքրել» Խաչատուրովին, եթե նա հերոսական որևէ դրվագ ներկայացնելու առիթ ուենանար կամ գոնե վստահ լիներ, որ օրենսդիրների հարցերն իրեն անհարմար վիճակի մեջ չեն դնի։

Ենթադրում եմ՝ ինչ-որ ռիսկեր, մտահոգություններ ստիպեցին, որ ԳՇ նախկին պետը խորհրդարան չներկայանա։ Գուցե նա այդ քայլով «փրկեց» Սերժ Սարգսյանին, որովհետև նույն Անդրանիկ Քոչարյանը չէր էլ թաքցրել, որ Խաչատուրովին լսելուց հետո հասունանալու է երրորդ նախագահի հրավերը։ Հիմա՝ Սերժ Սարգսյանը Քննիչ հանձնաժողով չգալու ալիբի ստացավ, ծայրահեղ դեպքում՝ կարող է գալ ու ամեն ինչ բարդել ԳՇ նախկին պետի վրա՝ ասելով, թե կոնկրետ հարցերի պատասխանների չի տիրապետում։

Ինչևէ, թվում է՝ Խաչատուրովի չներկայանալը փակուղու առաջ է կանգնեցրել Քննիչ հանձնաժողովին, սակայն իրավունք ունի գործել նաև մյուս վարկածը՝ եթե Խաչատուրովը կամ Սերժ Սարգսյանը խորհրդարան չեն ներկայանում, ապա անուղղակիորեն հաստատում են հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն բան չէ, որ կարգին է եղել՝ սկսած զորքերի պատրաստության հարցից, վերջացրած՝ արտաքին քաղաքական բաղադրիչով։ Համենայն դեպս, նման կասկածները կարող են խորանալ ու այդպիսի կարծիք հնչեցնողների տեսակետենրն ավելի լեգիտիմ կդառնան։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments