Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ, ՖԲ իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել, եթե կորոնավիրուսով վարակման դեպք հայտնաբերվի ծերանոցներում, հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում կամ այլ փակ հաստատություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն այս մասին նշեց ԱԺ-ում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին:

«Եթե հայտնաբերվում է որևէ հաստատված դեպք, որը չունի ախտանշաններ, մեր առաջարկն է՝ պատրաստել մեկուսացված վայրեր՝ այդ քաղաքացիներին 14 օր մեկուսացված պահելու համար: Եթե լինեն միջին և միջինից բարձր ծանրության դեպքեր, արդեն այդ անձինք կանցնեն հոսպիտալացման»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց ընդունելու գործում հնարավոր է ներգրավվեն նաև մարզային հիվանդանոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:

«Երևան քաղաքում այս պահին առանձնացված է չորս մասնագիտացված բժշկական կենտրոն՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը: Կարող է այս խնդրի համար մարզային բժշկական հաստատություններ էլ առանձնացվեն: Այս պահին Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ եթե իրավիճակը վատթարանա, կորոնավիրուսով վարակվածների համար մահճակալները կծավալվեն արդեն ոչ բժշկական հաստատություններում: