Եվրամիության փլուզման մասին, որի բավականին շոշափելի ազդակները կամ ռիսկերը կորոնավիրուսն արդեն բերել է

- in Միջազգային
Makron France

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Եվրամիության երկրների ղեկավարների տեսահամաժողովի ընթացքում նշել է, որ ջանքերը չհամատեղելու դեպքում կկորցնեն Եվրամիության հիմնասյուները, այդ թվում՝ Շենգենյան գոտին:

Ֆրանսիայի նախագահը ազդարարել է կորոնավիրուսի ամենամեծ վտանգը Եվրոպայի համար՝ իհարկե, մարդկային առողջությունից հետո: Խոսքը Եվրամիության փլուզման մասին է, որի բավականին շոշափելի ազդակները կամ ռիսկերը կորոնավիրուսն արդեն բերել է: Ավելին, նույն տեսակոնֆերանսի արդյունքում վարակի դեմ պայքարի համատեղ կոմյունիկեն չի ստորագրել Իտալիայի վարչապետ Կոնտեն՝ Եվրամիությանը տասը օր ժամանակ տալով իր պահանջած շտկումները կատարելու համար:

Իտալիայում, որը ամենից տուժածն է եվրատարածքում, բացահայտ են խոսում այն մասին, որ ԵՄ երկրները օգնության ձեռք չեն մեկնել, որ Եվրամիությունը բավարար չի աջակցել վարակի դեմ պայքարում: Սա գուցե ունի որոշակի զգայականություն, որովհետև ԵՄ մյուս երկրներում իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, և ամեն պետություն զբաղված է իր քաղաքացիների, տնտեսության և շահերի պաշտպանությամբ: Բայց ահա հենց այդ հանգամանքը ակնառու է դարձնում, որ Եվրամիությունը, լինելով միասնական տնտեսաքաղաքական, հանրային միասնական համակեցության աննախադեպ գոտի, առաջին իսկ խորքային ճգնաժամի պարագայում կանգնում է միասնական գործելու մարտահրավերի առաջ՝ ըստ էության ցույց տալով, որ ռազմավարական խորք՝ որպես միասնական կառույց, Եվրամիությունը չունի:

Այդ հանգամանքը իհարկե պետք է արձանագրել ցավով, որովհետև համենայնդեպս իր առօրյա տեսքով Եվրամիությունը մարդկային, հասարակական համակեցության գրեթե իդեալ էր, և մեծ հաշվով տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ իդեալի փլուզում:

Մյուս կողմից, սակայն, եթե արձանագրվում է, որ վճռորոշ մարտահրավերի պայմաններում առաջանում է այդ փլուզումը, ուրեմն իդեալը եղել է խաբկանք, եղել է պատրանք, իսկ դրա գոյությունն ավելի վտանգավոր է, քանի որ հղի է ինքնախաբեությամբ: Ընդ որում, այն երկրների համար, որոնք Եվրամիությունն ու եվրոպական քաղաքակրթությունն ընտրել են որպես զարգացման ուղենիշ: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Տվյալ պարագայում, սակայն, ակնարկն ամենևին այն չէ, որ պետք է հրաժարվել այդ ուղենիշից: Բոլորովին:

Բանն այն է, որ Հայաստանը ևս պետք է վերագնահատի, թե ինչ ասել է Եվրոպա, Եվրամիություն, և ինչ է իրենից այն ներկայացնում որպես ուղենիշ և առաջին հերթին՝ որպես ապագայի գործընկեր: Կորոնավիրուսը Եվրոպան դնելու է էական վերանայումների օրակարգի առաջ, բերելու է նոր քննարկումներ ու գործընթացներ: Հայաստանի համար շատ կարևոր է դառնալ դրանց մասնակից, կարողանալ ներգրավվել դրանցում, ունենալ գաղափարներ, առաջարկներ, մոդելներ: Հնարավոր է, որ նաև այդ հանգամանքը նկատի ուներ ԵԺԿ նախագահ Տուսկը, որը մարտի առաջին կեսին Բրյուսելում հանդիպելով Հայաստանի վարչապետի հետ՝ նրան իր աջակցությունն էր հայտնել Եվրոպայի ամենամեծ քաղաքական միավորման նախագահի իր դիրքից: Տուսկը գուցե ակնարկում էր, որ Հայաստանը կարող է և պետք է դիտարկի ԵԺԿ-ն իբրև ոչ միայն հայ-եվրոական հարաբերության խորացման հարթակ, այլև այժմ արդեն դրանից առաջ նախ՝ եվրոպական արդիականացման անխուսափելի թվացող օրակարգին միանալու հարթակ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments