Եվրամիությունը մեռնու՞մ է Իտալիայում. նոր Յալթայի օրակարգը

- in Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ափսոսանքով նշել է, թե Իտալիայի կառավարությունը քիչ է նկատում Եվրամիության երկրների, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի աջակցությունը եւ միաժամանակ շատ ուշադրություն դարձնում Ռուսաստանից եւ Չինաստանից եկող օգնությանը:

Մակրոնը թերեւս արձանագրում է իրականությունը, որը Եվրամիության համար այդքան էլ հաճելի չէ: Կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած Իտալիան ներկայում յուրօրինակ «մարդասիրական պոլիգոն» է Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ, աշխարհակարգային դիրքավորման խտացված պայքարի ասպարեզ «ժանտախտի» պայմաններում:

Եվրամիությունը նկատելիորեն դուրս է մնում այդ ասպարեզից, ինչը անհանգստացնում է Ֆրանսիայի նախագահին: Իտալիայում կորոնավիրուսը «սպանում» է Եվրամիությունը, կամ գուցե ավելի շուտ արձանագրում դրա «կլինիկական մահը», որովհետեւ գործընթացը Եվրամիությունում թերեւս ունի շատ ավելի խորքային պատմություն ու պատճառներ:

Վարակը փակել է Եվրոպայի բաց սահմանները, արգելակել միասնական տարածության ռեժիմը, որով Եվրամիությունը բացառիկ օրինակ էր աշխարհում: Փաստացի պարզվեց, որ այդ բացառիկ օրինակն ադապտացված չէ ճգնաժամերի համար, ինչը վեր հանեց համակարգային բացեր:

Մեծ հաշվով, Եվրամիության այն վերբեռնման, վերափոխման, վերակառուցման անհրաժեշտությունը, որի մասին եվրոպական առաջնորդները խոսում են արդեն երկար տարիներ, ներկայում կարծես թե անխուսափելի է դառնում:

Իտալիայում արձանագրվում է հին Եվրոպայի «կլինիկական մահը», ներկայում առավել արդիական է հարցը, թե որտեղ է ծնվելու նոր Եվրոպան եւ ինչպիսին է այն լինելու: Տարիներ շարունակ Եվրոպայի վերափոխման, կենսունակության եւ դիմադրունակության բարձրացման մասին խոսող եվրոական առաջնորդները գործնականում ավելի շատ խոսում էին, քան գործում այդ ուղղությամբ: Հետեւանքն այն էր, որ Եվրամիության դիմադրունակությունն ընկնում էր տարեցտարի: Ընդ որում, դրա առաջին շոշափելի վկայությունը վարակը չէ, այլ օրինակ Թուրքիան, որը արդեն մի քանի տարի հաջողությամբ շանտաժի է ենթարկում Եվրամիությանը միգրանտների հարցում:

Վարակը պարզապես եվրոպական առաջնորդներին դրել է փաստի եւ այլեւս անխուսափելի հրամայականի առաջ՝ կամ կլինի նոր Եվրոպա, կլինեն գործնական քայլեր, առարկայական խոսակցություն այդ ուղղությամբ, կամ Եվրամիության «կլինիկական մահը» կարձանագրվի շղթայական ընթացքով այնքան, մինչեւ իր ցավալի հետեւանքը կթողնի մյուս երկրներում, գուցե այլ՝ նորանոր առիթներով, որոնք կարող են կապ չունենալ վարակի հետ եւ արձանագրվել անգամ համաճարակի հաղթահարումից հետո:

Մեծ հաշվով, իրավիճակը արտացոլում է որոշակի պատմական օրինաչափություն ու ճշմարտություն: Այն Եվրոպան, որ դարձել էր ճաշակի էտալոն, ի վերջո ոչ թե եվրոպական, այլ ամերիկյան «ստեղծագործություն» էր՝ Յալթայի պայմանավորվածությամբ շրջանակված: Հասունանում է Նոր Յալթան՝ Չինաստանի ներգրավվածությամբ: Ըստ այդմ, ԵՄ համար դրան մասնակից լինելու մարտահրավերը, որպես նվազագույն ռազմավարական խնդիր, Եվրամիության ճակատագիրը նոր Յալթայի օրակարգից դուրս բերելը եւ ինքնուրույն տնօրինելն է: Ունի՞ ԵՄ-ն այդքան ուժ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments