Եվրոպային մի կողմից՝ թույլ են տալիս Հայաստանի շնորհիվ որոշակիորեն դիմադրողունակ լինել ռուս-թուրքական խնդրում

- in Հրապարակ
Hayastan EM

Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ, ԵԺԿ նոր նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի վարչապետի հետ մարտի 9-ին տեղի ունեցած հանդիպմանը քաղաքական աջակցություն է հայտնել նրան՝ ասելով, թե Փաշինյանը կարող է ապավինել նոր պաշտոնում իր աջակցությանը:

Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցը Հայաստանում ուշադրության արժանացավ առաջին հերթին Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ֆոնին, որը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, և որի ընթացքում Սարգսյանն էլ հանդիպել էր Տուսկին:

Այդ ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հանդիպման հանգամանքն իհարկե հետաքրքիր է և ունի առանձին անդրադարձի կարիք: Սակայն Փաշինյանի Բրյուսել կատարած այցը հազիվ թե պայմանավորված լինի Սերժ Սարգսյանի այցով, թեև կարող էր ստացվել դրա կամա թե ակամա պատասխան, իսկ որոշ առումով անգամ՝ հնարավոր շարունակություն:

Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցի առանցքային շարժառիթն ըստ ամենայնի արտաքին, ոչ թե ներքին հարցերն ու միջավայրն էին: Իսկ արտաքին միջավայրն անկասկած բավականաչափ հայտնի է իր որոշակի աննախադեպ իրողություններով՝ սկսած մերձավորարևելյան ռեգիոնում տարեսկզբից ծավալված ճակատագրական և փաստացի հեղափոխական իրողություններից, մինչև ռուս-թուրքական իդլիբյան բախում, մոսկովյան ժամանակավոր դադար և այդ ընթացքում վերադիրքավորման և վերադասավորման անխուսափելի իրողություն:

Հայաստանի վարչապետը Բրյուսել է այցելում այդ ֆոնին՝ հաշվի առնելով թերևս հանգամանքը, որ առկա ռազմաքաղաքական միջավայրում Եվրոպան մի կողմից՝ կարևորագույն հավասարակշռող գործոն է Հայաստանի համար ու եղել է այդպիսին, մյուս կողմից՝ Հայաստանն է Եվրոպայի համար ռեգիոնալ անփոխարինելի գործընկեր՝ Կովկասում անվտանգային ռիսկերը կառավարելու տեսանկյունից, այդ թվում՝ ռուս-թուրքական խաղի համատեքստում:

Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում մի քանի անգամ հայտարարեց ռեգիոնալ անվտանգության և կայունության առավել լայն նշանակության ու այդ հարցում Հայաստանի ու Արցախի հաստատակամ դիրքորոշման մասին: Այդ հանգամանքը փաստվեց նաև Վրաստան նրա պաշտոնական այցի ընթացքում՝ առավել ևս հաշվի առնելով Վրաստանի եվրաատլանտյան կուրսի և եվրաատլանտյան բևեռի ռեգիոնալ հենակետ լինելու հանգամանքը: Այդուհանդերձ, լինելով հենակետ, Վրաստանը գործընկեր լինելու հարցում չունի մի շարք էական գործոններ ու գործակիցներ՝ ի տարբերություն Հայաստանի: Միաժամանակ, Բրյուսել այցից առաջ հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումով Երևանը գործնականում նախանշեց եվրաատլանտյան անվտանգության ռեգիոնալ հնարավոր մեխանիկան և բանաձևը:

Բրյուսելյան քննարկումներն ըստ ամենայնի իրենց առանցքային տողատակում պարունակել են հենց այդ հարցերը, որոնք Եվրոպային մի կողմից՝ թույլ են տալիս Հայաստանի շնորհիվ որոշակիորեն դիմադրողունակ լինել ռուս-թուրքական խնդրում՝ երկու ուղղությունից բխող որոշակի շանտաժային ալիքների հանդեպ, Երևանին էլ հնարավորություն են տալիս նույն հարցում լինել առավել վստահ և դրանով իսկ դիտարկվել գործընկեր, ոչ թե մանրադրամ, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանում և թե՛ անգամ Թուրքիայում: Այլ հարց է, թե յուրաքանչյուրը ինչ վարքագիծ կդրսևորի այդ դիտարկման արդյունքում:

ԵԽ նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, չնայած ներկայումս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա չլինելու հանգամանքին, այդուհանդերձ ունի նշանակալի քաղաքական կշիռ: Ընդհանրապես, Ջոզեֆ Դոլից հետո եվրոպական ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնում Լեհաստանի նախկին վարչապետ, ԵԽ նախկին նախագահ Դոնալդ Տուսկի նշանակումը անկասկած առավել մեծացրել է ԵԺԿ քաղաքական տրամաչափը՝ նրա տրամաչափի շնորհիվ:

Այդ տեսանկյունից Տուսկի հայտարարությունն ըստ ամենայնի նշան է, որ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայում լսեցին և հրավիրում են գործակցության՝ լինի դա կառավարող ուժի՝ ԵԺԿ անդամության, թե պարզապես պարբերական շփումների մակարդակում: Այդ իմաստով առավել ևս սահմանադրական հանրաքվեի քարոզչական գործընթացի և, առավել ևս, Արցախում համապետական ընտրական գործընթացի ֆոնին բրյուսելյան այցը որոշակիորեն ավելացրել է անվտանգային կարևոր գործակիցներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments