ETM

Երեկ երեկոյան Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում, «Ո՛չ» գրությամբ պաստառներով պիկետներ են անցկացվել:

Մի քանի դիմում է ներկայացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամկետները զրոյացնելու դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար, սակայն քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով մինչև ապրիլի 10-ը Մոսկվայում արգելվել են 5 հազարից ավելի մարդկանց մասնակցությամբ զանգվածային միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ։

Երեկ Պետդուման հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու կամ զրոյացնելու հարցը Պետդումայում անսպասելիորեն բարձրացրել էր իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:

Դեռ հունվարին թվում էր՝ Պուտինը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, որպեսզի 2024-ին՝ Կրեմլից հեռանալուց հետո, կարողանա տարբեր կարգավորումների միջոցով իր ձեռքում փաստացի պահել իշխանությունը։ Փորձագետները գրեթե համոզված պնդում էին, որ Պուտինն ընտրել է իշխանության տրանզիտի, այսպես ասած, ղազախական սցենարը, երբ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռացավ զբաղեցրած պաշտոնից՝ դե ֆակտո պահպանելով իշխանությունը։ Սակայն Պուտինի պլաններում կարծես փոփոխություններ են տեղի ունեցել, ու նա երեկ առնվազն օրենսդրորեն պահպանեց այն հնարավորությունը, որը թույլ է տալիս 2024-ից հետո պահպանել նախագահի պաշտոնը կամ, ինչպես որոշ փորձագետներ են պնդում, հավերժացնել իր ներկայությունը Կրեմլում։

Ըստ ամենայնի, նույնիսկ Պուտինը դեռ ստույգ չգիտի, թե որ սցենարով է շարժվելու 2024-ից հետո, որովհետև աշխարհում իրադարձությունները սրընթաց են զարգանում, և ժամանակը կարող է շատ բան սրբագրել։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Պուտինը գնալու է ավտորիտար կառավարումն ուժեղացնելու, անձնիշխանությունն ինստիտուցիոնալ մակարդակում ամրապնդելու ճանապարհով ու թերևս հակված է 2024-ից հետո էլ պահպանել իր այսօրվա պաշտոնը, եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն։

Մոսկվայում երեկ տեղի ունեցած զարգացումներն արտաքուստ կապ չունեն Հայաստանի հետ, համենայնդեպս՝ ուղղակիորեն չեն վերաբերում մեր օրակարգին։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից, ու առնվազն տեսանելի է, որ Պուտինի մտադրությունները արժեքային հարթության վրա հակադրության մեջ են Հայաստանի հետհեղափոխական օրակարգի հետ, այն նպատակների ու առաջնահերթությունների հետ, որոնք բարձրաձայնվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։

Պուտինը երեկ, ըստ էության, օրենսդրորեն ամրապնդել է իշխանության անփոփոխության ավտորիտար բանաձևը, որի դեմ ուղղված էր հայաստանյան թավշյա հեղափոխությունը։ Ռուսական նախադեպն անկասկած հոգեհարազատ է ԵՏՄ գրեթե բոլոր երկրներին՝ բացառությամբ Հայաստանի։ ԵՏՄ-ն ավելի է նույնանում ավտորիտար առաջնորդների ակումբի հետ, որտեղ ոչ միայն տեղ չկա հետհեղափոխական Հայաստանի ու նրա ղեկավարի, այլ նաև ժողովրդավարության անգամ ֆորմալ դրսևորումների համար։

Երեկվա իր նախաձեռնություններով Պուտինը Հայաստանին փաստացի դուրս դրեց ԵՏՄ-ից, համենայնդեպս՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ ԵՏՄ-ն դառնում է Հայաստանի զարգացման խոչընդոտ, ու այս իրավիճակում մեր երկրի քաղաքական ղեկավարությունը կողմնորոշվելու անհրաժեշտություն ունի։