Համաշխարհային ստեղծված իրավիճակում տարբեր երկրներ աջակցության տարբեր մեթոդներ են մշակում տնտեսության համար, և Հայաստանի կառավարությունունը առաջիկա օրերին կամբողջացնի իր աջակցության ծրագիրը, կառավարությունոմ հրավիրած ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կառավարությունում քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որպեսզի չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, որոնք բավական բարձրացրել են թե իրավագիտակցման, թե մշակույթի ձևավորման առումով: Մենք ձեռնպահ մնացինք հարկային արտոնություններ ու հակային արձակուրդներ տրամադրելու տեսքով աջակցություն ցուցաբերելուց: Եվ որոշեցինք, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, օժանդակություն: Կառավարության այսօրվա նիստում քննարկված նախագիծը պետք է ամբողջականացնենք այսօր ու վաղը: Ես կարծում եմ՝շատ մոտ ապագայում՝ երկու օրում կկարողանանք այդ օժանդակության կոնկրետ ձևն առաջարկել մեր տնտեսվարողներին»,- ասաց Անանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ՓՄՁ-ների համար կվերանայվի՞ հարկային պարտավորությունների կատարման գործընթացը, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ոչ, չի վերանայվի, որովհետև փոքր ու միջին ձեռնարկատիրության համար կլինեն աջակցության ծրագրեր: Դրանք չեն ենթադրում հարկային արտոնություններ ու հարկային արձակուրդներ»:

Դա վերաբերում է նաև այն ոլորտներին, որոնք տուժում են ստեղծված իրավիճակում, օրինակ, տուրիզմի ոլորտը: Անանյանն ասաց, որ մի քանի փուլով է լինելու աջակցությունը տնտեսվարողներին:

Ինչ վերաբերում է հարկային հավաքագրումների հնարավոր թերակատարմանը, Անանյանն ասաց, որ վարչապետն էլ է հայտարարել՝ երեկվա աշխարհն ու երեկվա տնտեսությունն արդեն գոյություն չունի:

«Եվ եթե երեկվա աշխարհը գոյություն չունի, և ընդհանրապես մենք համաշխարհային տնտեսությունում կոլապսների ենք ականատես լինելու, այսօր լոկալիզացնել այդ խնդիրը և խոսել ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին, ես կարծում եմ՝ դա հիպոթետիկ հարց է: Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի եկամուտների հավաքագրման թերակատարում, բայց թե ինչքան, ես այս պահին պատրաստ չեմ դա ասել: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարկ վճարողների վարքագիծը պահպանվի, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք: Կան նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու թե աղբյուրներ, թե հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության՝ առաջիկայում սպասվող դժվարությունները»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Պետական եկամուտների կոմիտեն աշխատելու է բնականոն ռեժիմով և իր գործառույթներն իրականացնելու է ամբողջ ծավալով, այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ հարկ վճարողներին հորդորում են վերջին մեկ ու կես-երկու տարում ստեղծված գործընկերային հարաբերությունները պահպանել:

«Մենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով կամ գրեթե 45 մլրդ դրամ աճ կնախատեսի: Բայց սա ըստ էության տարեսկզբից կամ  նույնիսկ 2019 թվականից իներցիոն թափի արդյունքներն են: Եվ մարտի սկզբից արդեն համաշխարհային համաճարակային իրավիճակում տնտեսության խնդիրներն իրենց հետևանքներն ունեն: Հետևաբար, այն աճի տեմպը, որ մենք ունեինք տարեսկզբից, կարելի է ասել, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած արդեն դանդաղում է»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ապագան շատ առումով անկանխատեսելի է և փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ այսօր շատ դժվար է  կանախատեսել, թե պետական բյուջեի հարկային եկամուտների առումով ինչպիսի պատկեր կունենանք ապագայում: