Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։

Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,

❌ չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։

Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ շուկաները կշարունակեն աշխատել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ խոսելով խանութներ մատակարարվող սննդամթերքի որակական չափանիշների մասին։

«Շուկաների աշխատանքը շարունակվելու է, քանի որ սննդամթերքի վաճառքը արտակագ դրության օրերին արգելված չէ։ Մենք անընդհատ իրականացնելու ենք մշտադիտարկումներ, պարտադրելու ենք կատարել պարետի ցուցումները»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ շուկաներում աշխատակիցները պետք է դիմակ կրեն։

Անդրադառնալով քաղաքացիներից մեկի ահազանգին, որ Արարատի Գայդ վարչական տարածքում գտնվող Մեյմանդարի կոչվող բնամթերքի մեծածախ շուկայում չեն կատարվում պարետի ցուցումները, ՍԱՏՄ ղեկավարն ընդգծեց, որ արդեն այդ առումով հանձնարարականներ է տվել։

«Արարատի մարզային կառույցին հանձնարարել եմ զբաղվել այդ հարցով՝ իրականացնել շրջայց և պարտադրել վաճառողներին կրել դիմակ, ձեռնոց և ձեռքի տակ ունենալ ախտահանիչ նյութեր»,- ասաց Ավետիսյանը։