Երեք արտակարգ դրությունների միջակայքն էլ 12 տարի է

- in Կարծիք

Եթե Հայաստանի Հանրապետության նախագահի 1996 թվականի հրամանագիրը եւս հաշվենք, ապա նորանկախ Հայաստանի պատմության մեջ արտակարգ դրություն հայտարարվել է երեք անգամ (որոնք հանրությունն ընդունելի կամ անընդունելի լուծումներ է համարել):

Առաջինը նույն 96-ին էր, երբ ընդդիմությունը վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքները եւ դուրս էր եկել փողոց: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը կոչվում էր «Իրավիճակից թելադրվող անհետաձգելի միջոցառումների մասին»: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետով, ըստ որի՝ Հանրապետության նախագահը, նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ, որոշում եմ. 1. Հանրապետությունում ժամանակավորապես արգելել ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպումն ու անցկացումը»,- մասնավորապես ասվում է հրամանագրում:

Հաջորդ արտակարգ դրությունը 2008-ին էր, երբ դարձյալ նախագահական ընտրություններ էին անցկացվել, եւ դարձյալ ընդդիմությունը համոզված էր, որ արդյունքները կեղծված են ու քվեները գողացված, ինչին էլ հետեւեցին մարտիմեկյան արյունալի իրադարձությունները՝ տասը զոհով: Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը նույն մարտի մեկին էր: «Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով՝ որոշում եմ»,- պատճառաբանվում էր արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում ու թվարկվում սահմանափակումները:

2020 թվականի մարտի այս արտակարգ դրությունը եւս, իհարկե, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի պատճառով է, որը, սակայն, առաջացել է նոր կորոնավիրուսի տարածման անկանխատեսելի ընթացքով:

Գործող Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում է երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, ու նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար՝ վտանգելով սահմանադրական կարգի՝ սոցիալական պետության բաղադրիչը եւ մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, պետությանը պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար:

Հետաքրքրական է, որ երեք արտակարգ դրությունների միջակայքն էլ 12 տարի է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments