24-ամյա Ալլա Ս.-ն (անունը փոխված է) 2008 թվականի օգոստոսից մտերիմ և ինտիմ հարաբերությունների մեջ էր Վարդան Ս.-ի (անունը փոխված է) հետ:

2008 թվականի օգոստոսի 22-ին Վարդանը միակողմանիորեն խզել է կապը Ալլայի հետ: Վերջինս փորձել է տարբեր սպառնալիքներով ազդել Վարդանի վրա, ստիպել, որ նա վերականգնի իրենց կապը, բայց Վարդանը չի համաձայնել:

Ալլան որոշել է վրեժխնդիր լինել: Առանց երկար սպասելու՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 23-ին, նախապես պլաստիկե երկու տարաների մեջ բենզին է լցրել ու ժամը 18-ի սահմաններում գնացել է Երևանի Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի այն բնակարան, որտեղ շինարարական աշխատանքներ էր կատարում Վարդանը:

Ալլան նույն բնակարանում աշխատողներից մեկին խնդրել է Վարդանին կանչել աստիճանահարթակ: Երբ Վարդանը դուրս է եկել 9-րդ հարկի աստիճանահարթակ, Ալլա Ս.-ն, ըստ դատական ակտի, ցուցաբերելով առանձին դաժանություն, սպանության դիտավորությամբ Վարդանի վրա է լցրել բենզինը ու հրկիզել է նրան:

Մաշկածածկույթի 80 տոկոսի այրվածքների հետևանքով զարգացած ինտոքսիկացիայից Վարդանը 2008 թվականի օգոստոսի 31-ին հիվանդանոցում մահացել է:

Ալլա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ալլա Ս.-ն այս մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2008 թվականի մայիսին ծանոթացել է Վարդանի հետ վերջինիս քրոջ միջոցով:

2008 թվականի հունիսից մտերմացել է Վարդանի հետ: Ինքը ծանոթ է եղել Վարդանի մոր հետ և պատրաստվում էր ամուսնանալ Վարդանի հետ: Բայց Վարդանի հետ հարաբերությունները լարվել են նրա քրոջ պատճառով:

2008 թվականի օգոստոսի 22-ին ինքը Պռոշյան փողոցում հանդիպել է Վարդանին, զրուցել են, ինքը հասկացել է, որ Վարդանը որոշել է վերջ դնել իրենց հարաբերություններին: Այդ գիշեր մտածել է, որ պետք է մեկ անգամ էլ հանդիպի Վարդանին՝ պարզելու համար՝ նա ցանկանո՞ւմ է շարունակել իրենց հարաբերությունները:

Մտադրվել է, որ բացասական պատասխան ստանալու դեպքում բենզինը լցնելու է Վարդանի վրա, որ վախեցնի նրան, «ուշքի բերի ու սթափեցնի»:

Օգոստոսի 23-ի կեսօրին նախապես ձեռք  բերած 3 լիտր բենզինը լցրել է երկու պլաստիկե տարաների մեջ ու գնացել է այն բնակարան, որտեղ Վարդանը վերանորոգման աշխատանքներ էր կատարում: Շենքի մուտքում իր հեռախոսով զանգել է Վարդանի գործընկերոջը, նրան կանչել է երկրորդ հարկի աստիճանահարթակ: Երբ վերջինս եկել է, ինքը հարցրել է՝ Վարդանն իրեն սիրո՞ւմ է, թե՞ չէ: Ընկերը պատասխանել է, թե դժվար հարց է, չի կարող պատասխանել, ու բարձրացել է իններորդ հարկ:

Մտածելով, որ Վարդանը ընկերոջից իմանալով իր այցելության մասին, կփոխի դիրքորոշումը, քիչ հետո նորից զանգել է այդ նույն ընկերոջը, ասել է՝ եթե Վարդանը նրա կողքին է, ինքը ցանկանում է  տեսնել նրան: Ինքը լսել է Վարդանի ձայնը, որն ասում էր, թե չի ցանկանում տեսնել կամ լսել իրեն:

Ինքը հուսահատվել, բարձրացել է իններորդ հարկ՝ ցանկանալով դեմ առ դեմ հանդիպել Վարդանին ու խոսել: Երբ հասել է վերանորոգվող բնակարանի դռանը, լսել է Վարդանի ձայնը՝ նա իր հասցեին հայհոյում էր:

Նույն բնակարանում մեկ այլ աշխատողի միջոցով Վարդանին կանչել է աստիճանահարթակ: Երբ Վարդանը դուրս է եկել, ինքը բենզինի տարաներից մեկի բենզինը լցրել է Վարդանի գոտկատեղին: Հետո իր վիրավորվածության աստիճանը ցույց տալու համար Վարդանին ցույց է տվել ձեռքի լուցկին ու ասել է. «Զգա կյանքի քաղցրությունը, որը սպանեցիր իմ մեջ, բայց ես դա չեմ անի»: Այդ պահին Վարդանը իր կրակայրիչով այրել է ինքն իրեն… Ինքը չի տեսել՝ նա որտեղից հանեց կրակայրիչը: Վարդանը սկսել է բոցերի մեջ բղավել ու մտել է բնակարան: Ինքը վախեցել, իջել է իններորդ հարկից, քայլել է Մերգելյանի այգու մոտով: Հետո գնացել է իրենց բնակարան, փոխել է  շորերը, հավաքել է իրերը, որ մեկնի Վրաստան, որտեղ գտնվում էր իր մայրը: Տաքսիով գնացել է ավտոկայան, բայց երթուղային տաքսի չլինելու պատճառով գնացել է Առագաստ սրճարանի մոտակայք՝ գրավատուն փնտրելու, որ ոսկեղենը գրավ դնի ու տաքսիով մեկնի Վրաստան…

Ալլա Ս.-ն պնդել է, որ ինքը Վարդանին սպանելու մտադրություն չի ունեցել, միայն ցանկացել է նրան վախեցնել…

Տուժողի իրավահաջորդը՝ Վարդանի մայրը, հայտնել է, որ Վարդանն իրեն ծանոթացրել էր Ալլայի հետ: Դեպքից հետո հիվանդանոցում սկզբնական շրջանում Վարդանի գիտակցությունը տեղն էր, նա պատմել է, որ Ալլան է բենզինը լցրել ու այրել: Նույնը Վարդանը հայտնել է նաև քրոջը: Միաժամանակ Վարդանը խնդրել է Ալլայի արածի վերաբերյալ ոստիկաններին  չհայտնել…

Որդու մահից հետո հանդիպել է Վարդանի նախկին ընկերուհիներից մեկին, ով աշխատում էր դեպքի վայրի մոտ՝ խանութում: Նա ասել է, որ դեպքի օրը, ժամը 18-ի սահմաններում խանութ է մտել մի աղջիկ, ցույց է տվել ձեռքի լուցկին ու ասել է, թե վառել է Վարդանին, որը ներկա պահին վառվում է: Նա ասել է, թե Վարդանին վառել է, որ «վերացնի աշխարհի երեսից»:

Վարդանի քույրը հայտնել է, որ դեպքից հետո իրեն զանգել ու դեպքի վայր բնակարան է կանչել եղբոր գործընկերը:

Եղբայրը մերկ վիճակում լոգարանում էր, նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկը մտնի ներս, բայց ինքը նրա կամքին հակառակ ներս է մտել ու տեսել է նրան՝ վաննայի մեջ նստած: Եղբայրն ասել է, թե Ալլան է բենզին լցրել ու այրել, բայց մանրամասները չի հայտնել: Ինքը զանգել է շտապօգնություն, եղբորը տեղափոխել են հիվանդանոց: Եղբայրը, քանի դեռ գիտակցությունը տեղն էր, ոստիկաններին չէր ասում, որ Ալլան է այրել, եղբայրն իրեն ասել է, թե խղճում է Ալլային, չի ուզում, որ նա «նստի»…

Դատարանը Ալլա Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել է 9   տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2008 թվականի օգոստոսի 24-ից:

Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ:

Spread the love