Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին պետք է բազմապատկեն զգոնությունը ադրբեջանական սադրանքները կանխելու համար

- in Կեղտոտ լվացք
Zinvor

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Տավուշի սահմանի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի փորձն ու Ոսկեվան գյուղի ուղղությամբ կրակոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է քաղաքացիական անձ՝ 14-ամյա մի երեխա:

Հայաստանի թե՛ արտաքին գործերի, թե՛ պաշտպանության նախարարությունները, դատապարտելով և կոշտ արձագանքի արժանացնելով ադրբեջանական դիվերսիայի փորձը, որը հետ է շպրտվել հայ դիրքապահների պատասխանի շնորհիվ, ընդգծում են, որ Բաքուն փաստորեն դիմում է այդօրինակ սադրանքի կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայմաններում:

Ընդ որում, այն, որ դիվերսիան նախապատրաստվում էր քաղաքական մակարդակով, վկայում էր այն, որ վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում խոսում էին, այսպես ասած, հայկական սադրանքների մասին կամ այլ կերպ ասած՝ իրականացնում էին նախապատրաստվող դիվերսիայի ինֆորմացիոն հովանավորությունը: Այդ հանգամանքը վկայում է, որ պլանավորվող դիվերսիան ունեցել է քաղաքական նպատակ և ամենևին չի առնչվում զուտ զինվորական տեղային շրջանակի: Հետևաբար հարց է առաջանում, թե հատկապես ի՞նչ նպատակ կարող էր հետապնդել դիվերսիան, ինչո՞վ էր այն պայմանավորված, որ դրա նախաձեռնությունն ուղեկցվել է ընդհուպ տեղեկատվական նախապատրաստությամբ:

Կապել կրակոցները Արցախում այսօր մեկնարկած համապետական քվեարկությանը՝ թերևս այդքան էլ ռացիոնալ չէ: Ի վերջո, ինչի՞ է հասնում Ադրբեջանն այդ կրակոցներով, այն էլ Հայաստանի, ոչ թե Արցախի սահմանի ուղղությամբ: Գործնականում ոչնչի: Ադրբեջանական սադրանքն ունեցել է թերևս այլ նպատակ, ու թեև դիվերսիան ակնհայտորեն ունեցել է քաղաքական արմատներ, այդուհանդերձ գուցե հարկ է դրա նպատակի շարքում չդիտարկել քաղաքական որևէ մեսիջ: Նպատակի շարքում գուցե պետք է դիտարկել այն ակնարկը, որ անում են Հայաստանի ԱԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը՝ ուշադրություն հրավիրելով հենց հանգամանքի վրա, որ Բաքուն սադրանքի է գնում համաճարակի պայմաններում:

Արդյոք այդ ակնարկն այն մասի՞ն է, որ Բաքվի դիվերսիոն ներթափանցման փորձը կարող էր ունենալ այդպիսի ռիսկ՝ Հայաստանի հյուսիսային սահմանում անել գործողություններ, որոնք կարող էին բերել համաճարակային առումով նոր մարտահրավերների և անկառավարելիության իրավիճակի: Համենայնդեպս, պետք է արձանագրել, որ համաճարակի տեսանկյունից Ադրբեջանում չափազանց լարված վիճակ է, ինչի վկայությունն է այն, որ Բաքվում կարանտինը հսկելու համար ոստիկանությանը զուգահեռ ներգրավվել են նաև ներքին զորքերը: Ավելին, իրավիճակը այնպիսին է, որ անգամ կառավարությունը հայտարարում է, որ Ադրբեջանին կարող է սպառնալ եվրոպական պատկերը:

Այդ պարագայում Բաքուն խոշոր հաշվով կարող է դառնալ անկառավարելի համաճարակի ռեգիոնալ օջախ, ինչն էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ակնհայտորեն ոչ առողջ գլուխներում կարող է ծնել ամենաարկածախնդիր մտքեր անգամ:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը ներկայումս կարող է իրենից ներկայացնել ռեգիոնալ կենսաբանական վտանգ, ինչը նշանակում է, որ հայկական կողմերը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին պետք է բազմապատկեն զգոնությունը ադրբեջանական սադրանքները կանխելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments