Թուրքիան զգուշանում է Արցախի ընտրությունից. Անսպասելի հայտարարություն

LGHH

Բաքվի զլմները տարածում են Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որով միջազգային հանրությանը կոչ է արվում չճանաչել ընտրությունները Լեռնային Ղարաբաղում: Փոխարենը, Անկարան պատրաստ է աջակցել Մինսկի խմբին «արդար լուծում» գտնելու համար:

Միջազգային հանրությունը հրապարակավ նախկինում էլ չի ճանաչել Արցախի ընտրությունները, բայց բոլորը, այդ թվում հատկապես Թուրքիան ու Ռուսաստանը ստիպված են հաշվի առնել Արցախի գործոնը:

Թուրքիան զգուշանո՞ւմ է Արցախի միջազգային ճանաչումից: Թե՞ փոխզիջում է առաջարկում միջազգային հանրությանը, Ռուսաստանի հետ սեպարատ համաձայնության չգնալու դիմաց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում թուրքական ղեկավարները դժգոհություն են հայտնում Մինսկի խմբի ձեւաչափից:

Մյուս կողմից, Թուրքիայում հասկանում են, որ մարտի 31-ի ընտրությունից հետո Արցախի գործոնն արդեն այլ է լինելու, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում Հայոց ցեղասպանության բանաձեւերի եւ 1921 թ. ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի 100-ամյակի ֆոնին:

Այդ պայմանագրերն ըստ էության այլեւս չեն գործում Արցախում հայկական հաղթանակից հետո: 2016-ի ապրիլյան ագրեսիան եւ Վիեննայի օրակարգը չեղարկելու Մոսկվայի ու Բաքվի ջանքը չփոխեցին իրավիճակը: Իր հերթին, Ռուսաստանը Հայաստանի ուղղությամբ իր 100-ամյա քաղաքականության արդյունքում կանգնել է բազմաթիվ խնդիրների առաջ, եւ որքան էլ տարօրինակ կարող է թվալ՝ նրա միակ «փաստարկը» ներկայում մնացել է ինքնիշխան Արցախը:

Մոսկվան Անկարային ձայնակցելով կդիմի՞ միջազգային հանրությանը՝ չճանաչել Արցախի ընտրությունը: Թե՞ կփորձի շտկել իր աղետալի իրավիճակը, որի առաջին քայլը պետք է լինի ռուս-թուրքական պայմանագրերը չերկարացնելն ու Նախիջեւանի վերադարձը օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը: Արցախի ընտրությունն առավել հրատապ է դարձնում այս իրողությունը:

Թուրքիան պատճառ ունի պահպանելու 1921 թ. անօրինական այդ պայմանագրերը: Իսկ Ռուսաստանը՞, որը 1921 թվականին էլ ստիպված չէր կնքել դրանք:

Հայկական տարածքները միասնական ռազմական-ռազմավարական միավոր են, դրանց արհեստական բաժանումը չի կարող երկար տեւել: Ռուսաստանը ներկայում քաղում է իր այդ բաժանման աղետալի հետեւանքները, հարվածի տակ դնելով նաեւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments