Թրամփն ու Սի Ծինպինը պայմանավորվեցի՞ն. նոր աշխարհի բաժանումը

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառումով տեղեկացրել է կորոնավիրուսի թեմայով Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցի մասին:

Թրամփը նշել է, որ լավ զրույց է ունեցել նրա հետ, կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ: Չինաստանը բավականին առաջ է գնացել վարակի ճանաչման հարցում, ասել է Նահանգների նախագահը:

Նրա եւ Չինաստանի նախագահի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մեծ Քսանի տեսավեհաժողովի ֆոնին: Վեհաժողովը, որ կազմակերպել էր Սաուդյան Արաբիան, անցել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմում, ինչը վկայում է թերեւս այն թեժ քննարկման մասին, որ ծավալվելու էր առաջատար 20 երկրների միջեւ: Հայտնի է, որ կայացվել է համաշխարհային տնտեսություն 5 տրիլիոն դոլար ներարկելու որոշում, տնտեսական ճգնաժամի հետեւանքի դեմ պայքարի համար:

Սակայն, գլխավորն անշուշտ այն է, թե ինչպիսին է լինելու կորոնավիրուսի աշխարհքաղաքական հետեւանքը կամ ազդեցությունը: Աշխարհի վերադասավորումը, ուժերի հարաբերակցության վերանայումը թվում է անխուսափելի: Դրան զուգահեռ, հայտնի դարձավ, որ վարակվածների թվով ԱՄՆ գերազանցել է Չինաստանին: Միաժամանակ, հայտնի է դառնում, որ ներկայում պատմական առավելագույն է արձանագրում նախագահ Թրամփի վարկանիշը:

Մեծ Քսանի Վեհաժողովից առաջ Թրամփը հայտարարել էր, որ կորոնավիրուսը կվերանա հրաշքով: Հայտնի է, որ ԱՄՆ սկսել է պատվաստանյութի փորձարկումը: Չինաստանը ավելի վաղ հայտարարել է վարակը հաղթահարելու մասին, թեեւ դա աշխարհում ընդունում են կասկածով, մասնավորապես ԱՄՆ-ը, որը Պեկինին մեղադում է ամբողջական տեղեկատվություն չտալու համար:

Դրանից առաջ Նահանգներին զայրացրել էր այն, որ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կասկած էր հայտնել, թե վարակը Ուհան տեղափոխած կարող էին լինել ամերիկյան զինվորականները:

Վաշինգտոնն ու Պեկինը փոխադարձ կասկածից անցնում են պայմանավորվածությա՞ն: Թե՞ պայմանավորվում են շարունակել փոխադարձ կասկածները, որոնք թույլ են տալիս ձեւավորել համաշխարհային ազդեցության գոտիների համար մրցակցային երկուստեք բարենպաստ միջավայր, այլ խաղացողների հանդեպ մրցակցային առավելությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments