Ժամանակն է վերանայել խայտառակ պայմանագիրը

- in Տնտեսական

Ժամանակն է, որ Հայաստանը դիմի ռուսական կողմին սահմանին գազի գնի նվազման հարցով: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հիշեցրել է, որ աշխարհում նավթի գները նվազում են, եւ կառավարությանը կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում սահմանին գազի գնի նվազման հարցով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ եթե եվրոպական երկրներում գազի գինը կապված է նավթի գնի հետ, ապա մեր դեպքում այդպես չէ: Բայց եթե աշխարհում էներգակիրների գներն ավելի նվազեն, ինչն արդեն տեղի է ունենում, Հայաստանը բանակցություններ կսկսի, ասել է նա:

Ռուսաստանը Եվրոպային գազ է վաճառում 1000 խմ դիմաց 90 դոլարով, իսկ Հայաստանում սպառողները 300 դոլար են վճարում: Նավթի ու գազի գները նվազում են, եւ փորձագետները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս  եւ միջնաժամկետ հեռանկարում գները չեն բարձրանա: Կարող է այնպես ստացվել, որ շուտով Հայաստանը կգնի աշխարհում ամենաթանկ գազը:

Գազպրոմ Արմենիա ընկերությունը պատրաստվում էր ապրիլի 1-ից հետո դիմել ՀԾԿՀ-ին գազի սակագինը բարձրացնելու համար: Բայց ներկա պայմաններում հայտը շատ անլուրջ է երեւալու: Դրա փոխարեն Հայաստանի կառավարությունը կարող է գազի գնի նվազման բանակցություններ սկսել ոչ միայն սահմանին, այլ նաեւ սպառողի համար, որովհետեւ համաշխարհային շուկայում գազի գնի նվազման պայմաններում Հայաստանին շուտով ավելի ձեռնտու կլինի գազի գնել Իրանից կամ էլ այլ երկրից:

Երեւանը պետք է օգտվի իրավիճակից ու վերանայի Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը գնագոյացման մասով: 2013 թվականին ստորագրված պայմանագրով Հայաստանը չի կարող միջամտել սակագնի ձեւավորմանը: Մինչդեռ, կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրների կախվածությունը միմյանցից նվազում է, եւ ամեն երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները: Պաշտոնական Երեւանն իրավունք ունի պահանջելու գազի ստրկական պայմանագրի վերանայում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments