Երեկվանից լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հանթավիրուսից մահվան դեպքի մասին մի լուր՝ Չինաստանում այժմ էլ գրանցվել է հանթավիրուսից առաջին մահվան դեպքը: Տղամարդը հանկարծամահ է եղել ավտոբուսում։

https://www.armtimes.com/ Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված չի եղել, սակայն ախտորոշումը ցույց է տվել հանթավիրուսի առկայություն: Ավտոբուսի մյուս 32 ուղեւորներին եւ վարորդին մեկուսացրել են. իրար փոխանցելով ու շարունակելով՝ հայտնում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Ինչպես տեղեկանում ենք Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կայքից, հանթավիրուսները վիրուսների ընտանիք են, որ ամբողջ աշխարհում տարածվում են հիմնականում կրծողների միջոցով և կարող են առաջացնել տարբեր հիվանդությունների ախտանիշներ:

ԱՄՆ-ում տարածված հանթավիրուսի տեսակները հայտնի են որպես «Նոր աշխարհ»-ի հանթավիրուսներ և կարող են առաջացնել հանթավիրուսային թոքային համախտանիշ (HPS): Հանթավիրուսի այլ տեսակներ, որ հայտնի են որպես «Հին աշխարհ»-ի հանթավիրուսներ և հիմնականում հանդիպում են Եվրոպայում և Ասիայում, կարող են առաջացնել հեմոռագիկ տենդ՝ երիկամային համախտանիշով (HFRS):

Հանթավիրուսի յուրաքանչյուր տեսակ ունի իր տարածմանը հատուկ կրծողների տիպը և մարդկանց վարակում է տվյալ կրծողի մեզի, արտաթորանքի և թքի հետ գոլորշիանալու, օդի մեջ անցնելու միջոցով, շատ ավելի քիչ՝ կծելու հետևանքով:

Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-2 շաբաթ է: Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Նշենք, որ հիվանդությունը համարվում է քիչ ուսումնասիրված: Բուժվելու հավանականությունը մեծապես կախված է հիվանդության վաղ շրջանում բուժկենտրոն դիմելուց: Երբեմն ոչ միայն շնչառական ապարատների կիրառման անհրաժեշտություն է լինում, այլև՝ հեմոդիալիզի:

ԱՄՆ-ում կատարված վիճակագրական դիտարկումները ցույց են տվել, որ այս հիվանդությունից մահացության տոկոսը բավական բարձր է՝ HPS-ինը՝ 38 տոկոս է, HFRS-ինը՝ մոտ 15 տոկոս:

Ինչպես և կորոնավիրուսի պարագայում՝ հանթավիրուսի կանխարգելման առաջին գործոնը հիգիենայի կանոնները պահպանելն է․ տանը, բակում բաց սնունդ չթողնել, տան, ավտոտնակի ու խորդանոցի հնարավոր բոլոր անցքերն ամուր խցել, առավելագույնս խուսափել կրծողների հետ հնարավոր շփումներից: Եթե անհրաժեշտ է մտնել այն փակ տարածքը, որտեղ հնարավոր է, բուն են դրել կրծողներ, դուռը բացելուց հետո մի որոշ ժամանակ օդափոխել տարածքը նոր միայն ներս մտնել, տարածքը մանրէազերծելու համար օգտագործել մաքրող-ախտահանող միջոցներ:

Արդյո՞ք լրջորեն մտահոգվելու առիթ կա

Independent-ի դիտարկմամբ՝ այս լուրերն ապակողմնորոշող են: Հանթավիրուսն, իրոք, պատկանում է վիրուսների վտանգավոր ընտանիքի, սակայն այդ վտանգը համեմատելի չէ նոր կորոնավիրուսի հետ: Նախ, հանթավիրուսն ամենևին էլ նոր չէ. դրա մասին հայտնի է արդեն տասնամյակներ, գուցեև ավելի: Այն հեշտությամբ չի անցնում մարդկանց, այլ՝ միայն առնետների կամ մկների «կենսական հեղուկների» հետ հաղորդակցվելու միջոցով:

Նշվում է, որ կեղծ հաղորդագրություններով, որ տարածում են whatsupp-ով ու սոցցանցերով, կարծես, փորձում են ահաբեկել և նոր կորոնավիրուսի բռնկման ու տարածման հետնանկարին խուճապ առաջացնել, որպեսզի ոմանք ավելի շատ մտահոգիչ տեղեկություններ տարածեն՝ անհարկի անհանգստություն առաջացնելով համավարակից արդեն իսկ անհանգստացած մարդկանց մոտ:

Կարմեն Մարտիրոսյան, www.armtimes.com

Spread the love