Ի՞նչ պատիժ է նախատեսվում մեկուսացման կանոնները խախտելու դեպքում

- in Իրավունք

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ ու ձեռնապահներ չկան:

«Խնդրում եմ, աշխատանքները կազմակերպել այնպես, որ ես հնարավորինս արագ ստորագրեմ օրենքը և ուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով պատիժներ են սահմանվում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը խախտելու համար, ինչպես նաև կարգավորումներ են սահմանվում լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտան դեպքում:

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի 8-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման ու տարածման կանոնները խախտելը»: Ըստ նախարաի՝ այստեղ ԶԼՄ-ներ հասկացությունը փոխարինվում է «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում ունենա այդ հասկացությունը:

«Բայց տեղեկացնեմ, որ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Այսինքն՝ կարող են նաև արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի կամ այլ իրավիճակներում: Նաև նույն հոդվածում մաս ենք լրացնում, ըստ որի՝ 8-րդ կետով նախատեսված տույժին ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում՝ նվազագույն աշխատավարձի հիգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»,- ասաց նա:

Բադասյանը նշեց, որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից տեղեկությունների հրապարակելու համար սանկցիան հանվել է: «Կառավարությունը հիմա դիտարկում է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կամ այլ շրջանակ լինի կամ առհասարակ չլինի: Առաջիկայում պարզ կլինի, քննարկումները շարունակվում են»,- ասաց Բադասյանը:

Նաև օրենսգրքում լրացվում է 10-րդ մասը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժի իրավունքի այլ սահմանափակումները խախտելը: «Եվ 11-րդ մասում տալիս ենք մեկուսացման և ինքնամեկուսացման հասկացությունները»,- ասաց նախարարը:

Քրեական օրենսգրքում, ըստ նախարարի, 277 պրիմ 1 հոդված են առաջարկում լրացնել՝ հետևյալ բովանդակութամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում: Այս խախտումը ենթադրում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելուց կամ որոշակի գործունեության իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա»: Երկրորդ մասը հետևյալ բովանդակությամբ է. «Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում»: Երրորդ մասը՝ «որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

«Այստեղ մեկ հոդվածով էլ անդրադարձել ենք դիտավորությամբ նույն արարքը կատարելուն, երկար քննարկվել է, վերջում որոշվել է, որ պետք է սահմանվի հենց նոր կորոնավիրուսային վարակով վարակելը: Դա դիտավորյալ արարքն է, որը դժվար է տեսականորեն պատկերացնել, որ դիտավորությամբ հնարավոր է նման դեպքեր, բայց պարտավոր էինք կարգավորումներ նախատեսել»,- ասաց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments