Ի՞նչ տարբերակ է դիտարկում Հայաստանը, որտեղ տնտեսությունը ևս զգալու է վարակի հարվածը

- in Վերլուծական
hayastan-armenia

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը 850 միլիարդ դոլարի աջակցություն կցուցաբերի ԱՄՆ գործարար շրջանակներին, փոքր ու միջին բիզնեսին կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքի դեմ պայքարի շրջանակում:

Կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահի այդ քայլը գործնականում թելադրված է նախընտրական տրամադրությամբ, քանի որ 2020 թվականին տեղի է ունենալու նախագահի ընտրություն, և Թրամփը կարող է ունենալ դեմոկրատ ուժեղ մրցակից՝ ի դեմս նախկին փոխնախագահ Ջո Բայդենի:

Միաժամանակ նաև կասկածից վեր է, որ կորոնավիրուսը թողնում է ահռելի տնտեսական հետևանք, և հատկապես փոքր ու միջին բիզնեսը, ավիաընկերությունները ունեն աջակցության կարիք: ԱՄՆ-ն ունի փող, և փաստորեն Թրամփը դիտարկում է այդ փողով օժանդակության տարբերակը:

Ռուսաստանի նախագահ Պուտինն էլ հայտարարել է, որ նավթադոլարներով համալրվող Ազգային բարեկեցության հիմնադրամը կօգնի ռուսաստանցիներին կորոնավիրուսի տնտեսական ազդեցության սոցիալական հետևանքը մեղմելու հարցում: Իհարկե, այստեղ հարցեր է առաջացնում նաև նավթի նվազող գինը, որը լրացուցիչ մարտահրավեր է ՌԴ-ի համար: Սակայն իշխանության խնդրի առաջ կանգնած Պուտինը չունի այլընտրանք, քան նավթադոլարներն ուղղել սոցիալական կայունությունը պահելուն:

Ի՞նչ տարբերակ է դիտարկում Հայաստանը, որտեղ տնտեսությունը ևս զգալու է վարակի հարվածը և արդեն իսկ զգում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ են բիզնեսին «նպաստ» տալու տրամաբանությանը: Այստեղ, իհարկե, հարցը գուցե նաև այն է, որ Հայաստանը չունի նավթադոլարներ կամ ամերիկյան տնտեսական հզորություն: Մյուս կողմից՝ զուտ մասնագիտական տեսանկյունից ամենևին միարժեք չէ այն, որ պետք է ելքը փնտրել «նպաստի» տրամաբանության մեջ: Ի վերջո, դա կարող է բերել որոշակի կարճաժամկետ էֆեկտի, սակայն տվյալ պարագայում խնդիրը տնտեսության երկարաժամկետ մրցունակության հարցեր լուծելն է, որովհետև մենք չենք գտնվում «վարակային ընդմիջման» ռեժիմում, մենք վարակային անցման ռեժիմում ենք, որի ժամկետը հայտնի չէ, և որի տնտեսական հետևանքի ծավալը հայտնի չէ, ու հայտնի չէ, թե ինչ ռեժիմ է լինելու դրանից հետո: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը կարծես թե չունի այն, այսպես ասած, քաղաքական խնդիրը, որ ունեն նախընտրական տարում գտնվող Թրամփը կամ իշխանության վերարտադրության բարդ խնդրի առաջ գտնվող Պուտինը:

Ու այստեղ իրապես պետք է արձանագրել Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության նշանակությունը, որը ապահովելով հանրային վստահությամբ կառավարություն՝ պետությանն ընդհանրապես տվել է տնտեսական շոկերը հաղթահարելու հարցում լեգիտիմության ավելորդ բեռից զերծ լինելու և ըստ այդմ՝ ավելի սթափ, երկարաժամկետ, պոպուլիզմից հնարավորինս զերծ որոշումներ ու մեխանիզմներ ձեռնարկելու հնարավորություն: Հայաստանի կառավարությունից պահանջվում է առավելագույն արդյունավետությամբ իրացնել հեղափոխության փաստի այդ էֆեկտը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments