Ինչո՞ւ են Արցախում պահանջում հեռացող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը

Bako Sahakyan

Մինչ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, Արցախը շարունակում է իր բնականոն կյանքը։ Մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններն ուժի մեջ են, թեպետ թեկնածուներից շատերը քարոզարշավ փակ տարածքներում չեն իրականացնում։

Երեկ նաև  մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել, փակել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն ու պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։

Արցախի ոստիկանությունից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. «Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին՝ ասաց. «Կարծում եմ՝ սա ինչ-որ կերպ կապված է նախընտրական գործընթացի հետ։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց մարտավարությունն ու ռազմավարությունն են մշակում։ Գուցե մի ուժ գտնում է, որ սրանով կարող է շահել ինչ-որ հատվածի ձայները՝ ժամանակը ցույց կտա։ Պարզ է, որ ներկայիս իշխանությունը արմատական փոփոխությունների է ենթարկվելու։ Մարտի 31-ից հետո Արցախում կունենանք  նոր պատկեր։ Ինձ թվում է՝ սա պարզապես ստրատեգիական հաշվարկ է ինչ-որ ուժերի կողմից»։

Ըստ Բաբայանի, սակայն, ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում. «Անթույլատրելի է. ով ուզում է լինի՝ ընդդիմություն, թե իշխանություն, Արցախի հերոս կամ հասարակ մարդ՝ բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակներում։ Սա մեր կուսակցության կարևորագույն գաղափարներից է»։

Մեր այն դիտարկմանը, թե այժմ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջելը տարօրինակ է թվում, քանի որ վերջինս այսպես թե այնպես չի առաջադրվել կայանալիք ընտրություններում և թողնելու է  այդ պաշտոնը  մարտի 31-ից հետո, Բաբայանն արձագանքեց. «Հենց դա է խնդիրը։ Գուցե ինչ-որ ընտրազանգվածի համար  նման բաները հաճելի են։ Պետք է այդ մարդկանցից ճշտել։ 10 օրից կլինի քարոզարշավի վերջին օրը, հետո լռության օր և արդեն մարտի 31-ին՝ ընտրություններ։ Չգիտեմ՝ դա իրենց հաշվարկն է, կարող եք իրենցից ճշտել»։

Հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահական ընտրություններին թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում ևս հայտարարել արտակարգ դրություն, արդյոք կա՞ այժմ նման անհրաժեշտություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այս պահի դրությամբ դեռևս չկա։ Մենք կորոնավիրուսի  գեթ մեկ դեպք չունենք։ Իհարկե, առաջնայինը մարդկանց առողջությունն է, բայց մենք պետք է շարժվենք ըստ իրավիճակի»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments