Vitali Balasanyan

Արցախի նախագահի թեկնածու, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել Արցախում արտակարգ դրություն հայտարարելու կոչով.

«Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը՝ համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը: Արցախը և Հայաստանը իրարից մեկուսացած տարածքներ չեն: Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող՝ չիմանալով իր հիվանդ լինելու մասին»։

Բալասանյանը նաև ընդգծել է. «Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան հիվանդությունների առանձին դեպքեր, կամ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը, իհարկե, փակ է մարդկանց համար, բայց ոչ՝ կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր: Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կիսում Բալասանյանի կարծիքը. «Ես ասում էի, որ Հայաստանում ԱԺ նիստով պետք է ՍԴ հարցը լուծվեր, բայց չարեցին ու սխալվեցին։ Երկրում ներքաղաքական լարում երկար ժամանակ չի կարելի թույլ տալ։ Այնպիսի հզոր պետություններ, որոնց կենսագործունեությունն ավելի բարձր է, և հիմա ավելի աղետալի վիճակում են, օրինակ՝ Ֆրանսիան, ՏԻՄ ընտրություններ անցկացրին առանց խուճապի։ Իսրայելն էլ Կնեսետի ընտրություն անցկացրեց արտակարգ իրավիճակում, թեպետ կորոնավիրուսի հետ կապված ավելի բարդ է վիճակն այնտեղ։ Բայց պետությունները բնավորություն ունեն իրենց կենսագործունեությունը կազմակերպել արտակարգ դրության ժամանակ՝ որոշակի միջոցառումներ ձեռնարկելով։ Մենք դրան որպես ազգ, պետություն պետք է սովորենք։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ կորոնավիրուսից հետո ջրհեղեղ չի լինելու կամ այլ վիրուս։ Սխալ է քաղքենու հոգեբանությամբ սպասել ավարտին»։

Ըստ Շիրինյանի՝ քանի որ կորոնավիրուսի հետ կապված Արցախում խնդիր չկա, չկա նաև արտակարգ դրության, առավել ևս ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն. «Առանց արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավոր է պետական ինստիտուտների, անհատների զգոնությունը բարձրացնել ու անցկացնել ընտրությունները։ Անթույլատրելի է հետաձգելը»։

Ինչո՞ւ է նման կոչով հանդես գալիս Բալասանյանը։ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ ակնհայտորեն իր հաջողությունները գրանցելի չեն: «Ինքն էլ «Սասնա ծռերից» սկսած՝ ինչ-որ բանի համար պայքարում էր, պարզ է, սակայն, որ հիմա չի անցնելու։ Երկրորդ հարցն էլ կա ՝ հավանաբար իր հետ չի կապված։ Նախկին համակարգը մտածում է՝ եթե ոչ Բալասանյանը, գոնե Արայիկ Հարությունյանը, որն էլ այս օրերին զբաղված է զեղծարարությամբ, և որի մասին մամուլն անընդհատ ահազանգում է։ Իրենց ձեռնտու է այս պահին հետաձգել ընտրությունները։ Բայց ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն մի փռշտոցից եթե պետական միջոցառումները հայտարարենք չկայացած՝ պետություն չենք դառնա ու չենք կարողանալու անվտանգությունն ապահովել։ Ենթադրում եմ՝ Արցախում երկրորդ փուլ կլինի, որտեղ Բալասանյանն իրենց չի տեսնում։ Իսկ ՀՀ իշխանությունները մի խնդիր պետք է դնեն Արցախի ակտիվի առաջ՝ հին ռեժիմը չպետք է վերարտադրվի, պետք է հաղթի այն նախագահը, որն ընդունում է Հայաստանի Հանրապետության գերակայությունը Արցախի Հանրապետության նկատմամբ, անկախ նրանից՝ կլինի ֆեդերացիա, թե մարզ»,- եզրափակեց քաղաքագետը։

Spread the love