Ինչո՞ւ չի ստեղծվում կորոնա վիրուսի դեմ պատվաստանյութը

- in Կարծիք

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2000-ը, իսկ մահացածները մինչ այս պահը 43-ն են։

ԱՄՆ-ի նման հզոր պետությունը, որը չունի առողջապահական հետազոտական կենտրոնների եւ ոչ էլ ֆինանսների խնդիր, ինչո՞ւ չի կարողանում կամ չի ուզում ստեղծել կորոնա վիրուսի դեմ պատվաստանյութը։ Այս հարցն առավել լրջանում է երբ նկատի ենք առնում, որ 2003-ից մինչ օրս աշխարհը տեսել է կորոնա վիրուսի տարբեր տեսակներ՝ 2003 թվականին՝ ՍԱՐՍ վիրուսը, 2012 թվականին՝ ՄԵՐՍ վիրուսը։

Խնդիրն այն է, որ արագ կերպով ցանկացած պատվաստանյութի պատրաստումը շատ թանկ է, բացի այդ, շուկայի պահանջարկը գնահատելը բավականին բարդ է, եւ դեղագործական ընկերություններն այդքան էլ չեն ցանկանում այդ բնագավառում ներդրում կատարել։ Երբ 2003- ին ՍԱՐՍ վիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստմանը ձեռնամուխ եղան մի քանի ընկերություններ, հիվանդությունն սկսեց նահանջել, ու պատվաստանյութի պատրաստման ծրագրերն անավարտ մնացին։

ԱՄՆ-ի կառավարության այսօրվա հրամանը, որի համաձայն երկրում արտակարգ դրություն է հայտարարվել և շուրջ 8 մլրդ դոլար է հատկացվելու կորոնավիրուսի պատվաստանյութի պատրաստման համար, իրավիճակը մի քիչ փոխելու է։ 2001 -ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի կառավարությունը ստեղծեց մի ինստիտուտ, որի հիմնական պարտականությունը պատվաստանյութեր ստեղծելն է եւ բիոլոգիական հարձակումներին դիմագրավելը։ Այդ տարի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնաբերել էին, որ ԱՄՆ-ն ապահովագրված չէ լայնամասշտաբ վիրուսների տարածումից։ Նույն թվականին առաջացավ անհայտ հասցեից ուղարկված թունավոր փոշիներով նամակների խնդիրը, ինչի հետեւանքով 5 մահվան դեպք եղավ։ Նույն ժամանակ ԱՄՆ-ում ու աշխարհում տարածվեց թռչնագրիպը, ինչը ԱՄՆ կառավարության համար պարզ դարձրեց, որ երկիրը համաճարակի ժամանակ ի վիճակի չէ պատվաստանյութերի ու դեղամիջոցների լայնածավալ մատակարարում իրականացնել։ Իսկ ազատականցված շուկայում նմանատիպ դեղամիջոցների եւ պատվաստանյութերի պահպանումն ու կոնսերվացումը ձեռնտու տարբերակ չի դիտարկվում։

ԱՄՆ-ի կառավարությունը որոշեց ստեղծել «Զարգացման և կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտ»՝ մի քանի մլրդ դոլար հատկացնելով։ Այդ ինստիտուտը դեղագործական ընկերությունների հետազոտությունների և զարգացման գումարը վճարում է, որպեսզի զերծ պահի արտադրանքի վաճառքը շուկայում ապահովելու մտահոգությունից եւ հնարավորություն ընձեռի աշխատել ռազմավարական կարեւորության կենսաբանական նշանակության պատվաստանյութերի վրա։ Օրինակ՝ գրիպի պատվաստանյութի ստեղծումը բավական ծախսատար ու ժամանակատար աշխատանք է։

Նշյալ ինստիտուտի աշխատակից Ռիք Բրայթը բացատրում է, որ մի քանի միլիոն ձվի սպիտակուցի մեջ ամեն օր հատուկ ներարկիչների միջոցով ներարկվում են գրիպի վիրուսներ։ Հետո ներարկիչներից առաջացած անցքերը փակում են ու դնում հատուկ պահպանման, որպեսզի վիրուսները բազմանան ու աճեն։ Որոշակի ժամանակից հետո կրկին հատուկ սրսկիչների միջոցով հեռացնում են սպիտակուցը ու տեղադրում ցենտրիֆուգի մեջ եւ առանձնացնում բազմացած վիրուսները մնացած սպիտակացուցից։ Ապա սպանում են այդ վիրուսները եւ դրանք կիրառում գրիպի պատվաստանյութը պատրաստելիս։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում գրիպի համաճարակի դեպքում օրական 900 000 ձու, 6 ամիս ժամանակ եւ երկրի բոլոր գիտահետազոտական կենտրոնների աշխատանքն է պահանջվելու։ 2001-ին ԱՄՆ-ի այդ գիտահետազոտական կենտրոնների տեղերն անհայտ էին, եւ նրանց աշխատանքը համարվում էր հույժ գաղտնի։

Նյութը պատրաստել է Հայաստանի ժողովրդական շարժման վերլուծական կենտրոնը BBC-ի տեղեկությունների հիման վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments