Ինչպիսի՞ն տեսա Արցախն ու արցախցուն, էլ անմիտներ, էլ ինքնասիրահարվածներ, էլ …

LGHH

Ամեն ճանապարհ իր ձայնն ունի, դեպի Արցախ ճանապարհը, որ հիմա Գեղարքունիքի մարզով դեպի Քարվաճառն է դարձել՝ յուրօրինակ, սակայն, երբ աշխատանքային գործուղմամբ ես գնում մտքերն այնքան շատ են, որ ձայնին բանի տեղ դնելու ժամանակ էլ չեղավ:

Իսկ Արցախում 2020 թ. մարտի 31-ին ԼՂՀ նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ են, առաջադրվել են նախագահ դառնալ ձգտող 14 թեկնածուներ, իսկ 12 կուսակցություն – դաշինքներ էլ փորձում են զբաղեցնել խորհրդարանի պարտադիր երեք տեղերը, եթե անցողիկ շեմը ավելի շատ ուժեր հաղթահարեն, ապա՝ գուցե ավելի:

Առաջադրված 14 նախագահացուներից 5-ն ինքնաառաջադրմամբ են, այսինքն նրանց ետևում քաղաքական ուժ չկա, որ հավակնում է հայտնվել ԱԺ-ում, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսն էլ ԼՂՀ նախագահի թեկնածու չունեն, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ կոմունիստները: Իսկ Սամվել Բաբայանի Միասնական Հայրենիքը սատարում է Մասիս Մայիլյանին:

2007 թվականից ի վեր Արցախում չէի եղել, սակայն առանձնապես փոփոխություն չկար էլ, միայն Ստեփանակերտի և Շուշիի կենտրոններն էին բարեկարգվել, շենքերը գունազարդվել, մայրաքաղաքի հրապարակի մի մասը փակվել ու միայն հետիոտնի համար էր:

Առաջին օրը դեռ նախընտրական քարոզարշավը չէր սկսվել, ու համեմատաբար հեշտ էր թեկնածուներին հանդիպելը: Առաջինը Հայկ Խանումյանի հետ էր՝ Ազգային Վերածնունդ կուսակցության գրասենյակում՝ զրուցեցինք, թեյեցինք, իսկ տեսահարցազրույցը կարող եք դիտել կայքի Ընտրություններ և Տեսանյութեր խորագրերում:

Դավիթ Բաբայանի Պահպանողական կուսակցության գրասենյակի բացմանը հասանք, նա ինքը հարգանքով ընդունեց մուտքի մոտ, հյուրասիրությանն էլ մասնակցեցինք, զրուցեցինք, դե արդեն գիտեք, թե որ խորագրերում է նաև նրա ու մյուսների հետ տեսահարցազրույցները:

Ցավոք, չմտածեցի, որ հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին դժվար է լինելու նախագահացու գտնելը, որովհետև մեկնարկեց նախընտրական քարոզարշավն ու բոլորը նետվեցին շրջաններ՝ հանդիպումների: Առիթից օգտվելով ԿԸՀ այցելեցինք, զրույց ունեցանք նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ, ճշտեցինք մեզ անհայտ ու առաջին անգամ հանդիպող անուններով թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների հեռախոսահամարներն ու հաջորդեցին զրույցները նորահայտների հետ՝ Մելսիկ Պողոսյան, Աշոտ Դադայան, Բելլա Լալայան …

Անգամ հասցրեցինք հուզվել զրույցներից մեկից հետո՝ անմիջական շփման ժամանակ: Զոհված ազատամարտիկի որդի ու էլի շատ հարազատների պատերազմում կորցրած Մելսիկ Պողոսյանը պատմում էր քառօրյա պատերազմին իբրև հետախույզ իր մասնակցության մասին ու, թե՝ Մտածում էի դեմ առ դեմ մի թուրքի սատկացնեմ, սիրտս հովանա, ստացվեց՝ սատկացրեցի, բայց էլի չհովացավ, էդ պահին մտածեցի, որ մի ընտանիք էլ, թեկուզ ադրբեջանցի, հորից զրկվեց …

ԼՂ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանին աստղայինը կամ՝ ինքնասիրահարվածությունը տարել է, կամ՝ պարոնը թերևս ներկայումս զգացել է իր աստեղային ժամը, որի արդյունքը եղավ այն, որ փոխարեն նորմալ պայմանավորվելու և զրուցելու Ա. Ղուլյանը միջնորդեց խոսել օգնականի հետ, երիտասարդուհին էլ՝ հարցերը պահանջեց, ու երկուստեք դարձան անհասանելի՝ չէին պատասխանում հեռախոսազանգերին, ավելի ուշ օգնականուհին հաղորդագրություն ուղարկեց, թե քիչ հետո կզանգի, սակայն աչքներս ջուր կտրեց զանգին սպասելով …

Մեզ համար անհայտ Քրիստինե Բալայանի լիազոր ներկայացուցիչները նույնքան անհասկանալի էին, որքան ինքը՝ ԼՂՀ նախագահի թեկնածուն: Լիազոր ներկայացուցիչներից մեկը բացառությամբ ռսերեն էր խոսում ու կայքը թեթից չէր տարբերում, մյուսը՝ մի պարոն, խոստացավ այսինչ ժամին, այսինչ տեղում հանդիպել և ուղեկցել թեկնածուհու մոտ, սակայն ինչպես հետո պարզվեց, նա անգամ Ստեփանակերտում չէր, ստիպված Քրիստինե Բալայանի հեռախոսահամարը տրամադրեց, նա էլ՝ ինչպես լիազորը, նախ՝ խոստացավ հաջորդ օրը հանդիպել, արդեն պայմանավորված օրն էլ, թե պատկերացնո՞ւմ եք ես ինչ վիճակում եմ … վիճակը – վիճակ, բայց հասկացանք, որ միտք չունի:

ԼՂՀ նախագահի մի անմիտ թեկնածու էլ Սերգեյ Ամիրյանն է, ով ասաց, թե հեռուստաընկերություն նկարահանման է գնում ու անմիջապես կզանգահարի, կհանդիպենք, սակայն ոչ միայն ինքը չզանգահարեց, այլև Ղուլյանի ու օգնականի պես չէր պատասխանում հեռախոսազանգերիս, ստիպված էի հաղորդագրություն ուղարկել, թե կարելի՞ է այդքան անլուրջ լինել 🙂 էլի ոչ մի պատասխան: Այստեղ են ասում՝ գտեք 3 տարբերություն այս թեկնածուների միջև 🙂 գուցե մի սանրի՞ց են … ով գիտե:

ԼՂՀ նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանի նախընտարական շտաբ մտա ու տպավորություն էր, թե Հայաստանում եմ, ով ասես որ չկար հայաստանյան քաղաքական ներկա ու նախկին գործիչներից ու գործիքներից: Սակայն, ցավոք, պարոն Բալասանյանի հետ մեր հանդիպումը չկայացավ, մինչ նրա գրասենյակ այցելելը հեռախոսազրույցում նա ասաց՝ Թալիշում եմ, բնակիչները պատիվ են տալիս, իսկ գրասենյակում տղամարդիկ ասացին մի կես ժամ, 40 րոպեից կլինի, հետո հայտնվեց մամուլի խոսնակն ու, թե՝ շուտ չի գա: Ոնց չեմ սիրում աշխատել քարտուղարուհիների ու մամուլի խոսնակների միջնորդությամբ 🙂 Մյուս օրն արդեն ժամանակ չկար, վերադարձա Հայաստան:

Արցախում փետրվարի 26-ին՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը, ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը միասնության ու խաղաղության մեծ երթ ու մոմավառություն էր կազմակերպել մայրաքաղաք Ստեփանակերտում: Եկեղեցու մոտ էլույթ էլ ունեցավ բազմահազար կողմնակիցների ներկայությամբ, իսկ ավելի ուշ Ար հեռուստաընկերության տեղի թղթակցի հետ Արայիկ Հարությունյանին հանդիպեցինք Արմենիա հյուրանոցում և կարճ տեսահարցազրույց ունեցանք …

Մի լավ, հարազատ ընտանիք ունեմ Արցախում, նրանց որդին էլ ուղեկցում էր ու անկախ նրանց քաղաքական նախընտրությունից, որովհետև հարազատությունը մի բան է, քաղաքականությունն այնտեղ տեղ չունի: Ահա ամեն անգամ որևէ տեղում կանգառելիս էլ խնդրում էի մեքենան փակել՝ տեսախցիկ, համակարգիչ կա, ու զարմացա, երբ տեսա, որ Ղարաբաղում շատերը մեքենայի դուռ ու պատուհան բաց են թողնում, գնում իրենց գործին, ասում է՝ ցավոք, Արցախում, եթե գողություն է լինում, ապա Հայաստանից եկած որևէ մեկի ձեռքի գործն է, անցակետերի տեսագրությունները նայում ու արագ բացահայտում են: Արցախում գողություն չկա: Հետո՝ կեսկատակ, կեսլուրջ էլ պատմեց, թե Ղարաբաղում թևածող խոսք է դարձել՝ եթե հայաստանցին ասում է ախպերս, ուրեմն՝ պատրաստվում է քցել, իսկ եթե արդեն՝ ցավդ տանեմ, ուրեմն արդեն քցել, պատրաստվում է թռնել 🙂

Շնորհակալություն հարազատությանը …

Շուշիի հայտնի Ղազանչեցոց եկեղեցում աստիճանահարթակը տանում է ներքևի հարկ ու հենց գավիթի տակ էլ մի անցք կա առաստաղին, որի տակ կանգնած խոսելիս – աղոթելիս – երգելիս էլ յուրօրինակ ակուստիկա է՝ հետաքրքիր բացահայտում: Եկեղեցու հարևանությամբ էլ արցախյան ժինգյալով հաց ճաշակելու սրահ: Հետաքրքիր էր նաև, որ վճարելիս գումարներս թափվեցին, ու ևս մեկ թղթադրամ ավելի էր մնացել ու ազնիվ ղարաբաղցի վաճառողը չգրպանեց այն 🙂

Արցախում սովորական մարդիկ ապրում են, ինչպես Հայաստանում՝ համեստ կենցաղով, սակայն լավ է, որ հանդարտ պայմաններում, թեև այն կոչում ենք՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն:

Հաջորդիվ կներկայացնեմ նաև վերլուծությունս ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին՝ առանձին հոդվածով: Եվ մեր փորձառությանը համաձայն, չափահաս 500 արցախցիների շրջանում արված հարցումներով պայմանավորված կանխատեսումներս, թե ով կամ ովքեր կընտրվեն, թեև՝ ինչպես հայաստանյան համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, իրավիճակը փոփոխական է նաև Արցախում:

Սիմոն Սարգսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments