Ինչպիսի՞ պատկեր է Արցախում

LGHH

Որքան մոտենում է Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրության օրը՝ մարտի 31-ը, այնքան օրակարգում հայտնվում է ոչ թե հարցը, թե ում կընտրի Արցախի հանրությունը, այլ այն, թե արդյոք ընտրությունը կչեղարկվի՞ արտակարգ դրության հաստատումով՝ պայմանավորված կորոնավիրուսի վտանգով:

Արցախում ներկայումս կորոնավիրուս չկա, համենայնդեպս ինչպես հավաստիացնում են պաշտոնական կառույցները: Միևնույն ժամանակ, սակայն, ավելի ու ավելի են ուժգնանում խոսակցությունները ընտրության գործընթացի վարակային վտանգավորության մասին, որտեղ նաև դիտարկվում է Երևանից մեկնողների վտանգը: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ մեկնող դիտորդները պետք է անպայման թեստավորվեն՝ վարակ հանկարծ չտանելու համար: Խոսքն արագ թեստերի մասին է, որոնք մի քանի րոպեում կպատասխանեն, թե արդյոք մեկնող անձը վարակակի՞ր է: Հնարավո՞ր է այդպիսով կանխարգելել իրավիճակը: Բարդ է ասել: Համենայնդեպս ակնառու է, որ չկա ռիսկի բացարձակ կառավարման երաշխիք:

Մյուս կողմից՝ Երևանը հայտարարել է Արցախ այցերը ժամանակավորապես կասեցնելու մասին: Թույլ կտրվեն միայն բեռնափոխադրումները: Ակնառու է, որ Հայաստանի կառավարությունը առնվազն այս պահին ավելի հակված է ընտրությունն անցկացնելուն, քան հետաձգելուն: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ հետաձգել ընտրությունը նշանակում է անորոշ ժամանակով երկարաձգել Հայաստանի նախկին իշխող համակարգի ազդեցությունն Արցախում:

Իսկ ինչպիսի՞ պատկեր է Արցախում: Բակո Սահակյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանի իշխանամետ քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց թվում են նաև նախագահի երկու թեկնածուներ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանը: Նրանք առայժմ չեն արտահայտվել, թե ինչպես են վերաբերվում հետաձգելու հանգամանքին: Այսպես ասած՝ հիմնական ուժերից մյուս երկուսը Վիտալի Բալասանյանն ու Մասիս Մայիլյանն են: Վիտալի Բալասանյանը, որը դիտարկվում է որպես Հայաստանի նախկին իշխող համակարգի թեկնածու, արդեն մի քանի օր է՝ անում է ընտրությունը հետաձգելու և արտակարգ դրության կոչեր: Մասիս Մայիլյանը նախօրեին հայտարարել է, որ ըմբռնումով կմոտենա ցանկացած որոշման:

Այսօր հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը, որում նշվում է, որ ներկայիս իրավիճակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է սուր շնչառական հիվանդություններով դիմողների թիվը: Հայտարարության տողատակը թերևս այն է, որ պաշտոնական Ստեփանակերտն էլ առայժմ հակված չէ ընտրությունը հետաձգելուն: Մնացել է 4 օր, ինչ կլինի այս քառօրյայի ընթացքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments