Ինչ է առաջարկել ՆԱՏՕ-ն Հայաստանին. ՌԴ դեսպանը շտապեց ՊՆ

Նախօրեին պաշտպանության նախարարության հյուրն է եղել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է դեսպանին եւ քննարկել երկկողմ գործակցության, նաեւ ռեգիոնալ անվտանգային թեմաներին, Սիրիայի իրավիճակին առնչվող հարցեր:

Իդլիբում ռազմական բախման մեջ են Թուրքիան եւ Ռուսաստանը: Այդ իրողության՝ Հայաստանին առնչվելիության հնարավորությունների եւ ազդեցության մասին խոսելու առիթ եղել է եւ դեռ կլինի: Այդ իմաստով ամենեւին անսպասելի չէ, որ Ռուսաստանի դեսպանը Երեւանում քննարկելու հարցեր ունի:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի շեշտադրումներով եւ հատկապես ինչ ուղղությամբ: Մի կողմից՝ ռուս-թուրքական հարաբերության առումով Հայաստանը մշտապես եղել է «հարմար մանրադրամ», այդ թվում ողբերգական հետեւանքով: Մյուս կողմից, ներկայում համաշխարհային իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ինքն է գտնվում Թուրքիայի «մանրադրամի» վերածվելու իրողությունից շատ քիչ հեռավորության վրա: Նաեւ թերեւս դա է պատճառը, որ Մոսկվան փորձում է ատամ ցույց տալ Իդլիբում:

Եվ այստեղ իհարկե մի կողմից հատկանշական է, որ ռուս-թուրքական հարաբերությունը ռիսկ է Հայաստանի համար պատմականորեն, մյուս կողմից՝ ներկայիս իրողությունների պայմաններում Հայաստանը Ռուսաստանի համար կարող է լինել հենարան, Ռուսաստանի Իդլիբում ցույց տված ատամը Կովկասում չկոտրվելու համար:

Դա իր հերթին քաղաքական սուբյեկտային խաղի հնարավորություն է Հայաստանի համար, որը պետք է օգտագործել: Առավել եւս, որ այդ իրավիճակը անշուշտ բխում է նաեւ միջազգային անվտանգության համակարգի տրամաբանությունից: Այդ իմաստով էլ հատկանշական է, որ ՌԴ դեսպանի այցը տեղի է ունենում ոչ միայն ռուս-թուրքական բախման պայմաններում, այլ նաեւ Հայաստան՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակի Ղարիբաշվիլիի այցից հետո:

Այդ այցի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանը 2020 թվականին կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ վարժանքին: Թերեւս կասկած չկա, որ այդ հանգամանքը պայմանավորված է ոչ միայն հայ-վրացական պայմանավորվածությամբ, այլ դա եղել է խողովակ Հայաստան-ՆԱՏՕ պայմանավորվածության համար: Հայաստանին ըստ էության արվել է առաջարկ, որը Երեւանը չի մերժել:

Այստեղ իրավիճակը բազմիմաստ է, որովհետեւ մի կողմից ունենալով Երեւանի սուբյեկտային ամրության կարիքը՝ Թուրքիայի հետ խնդրահարույց վիճակում, Ռուսաստանը մյուս կողմից թերեւս չի վարանի առնվազն ենթագիտակցորեն խաղալ թուրքական վտանգի լարի վրա, որպեսզի «փոխհատուցի» Երեւանի հարցում ունեցած անհրաժեշտությունը եւ այդպիսով չմնա «պարտքի» տակ:

Ահա այդ պարագայում ՆԱՏՕ առաջարկը կարող է լինել կարեւոր հավասարակշռող գործոն, որը վկայում է, որ Երեւանը ռուս-թուրքական բախման պարագայում անվտանգային առաջարկ է ստանում ՆԱՏՕ-ից: Ինչպես 2018 թվականի հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում արեց ամերիկյան սպառազինության առաջարկը, ինչի արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանը ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանի նոր սպառազինությունը մատակարարեց ժամանակին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments