Ինչ է ասել Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին. Արմեն Գրիգորյանը շտապ գործուղվում է Արցախ

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Արցախ գործուղելու մասին: Այցը տեղի կունենա մարտի 24-25-ին: Որն է այցի նպատակը, գործուղման մասին որոշման մեջ չի նշվում:

Արցախում եզրագծին է մոտենում նախագահի եւ խորհրդարանի համապետական ընտրության արշավը, որն աննախադեպ է իր մրցակցայնությամբ, իսկ ավելի շուտ նրանով, որ առաջին անգամ արցախցիները իրենք են ընտրելու իրենց նախագահին ու խորհրդարանը՝ առանց վերեւից իջեցված սցենարի, որը նախապես մշակվում ու հաստատվում էր Երեւանում:

Այդ հանգամանքը տեղի է ունենում Հայաստանում թավշյա հեղափոխության հեղափոխությունից հետո Արցախի սուբյեկտության նշաձողի միջազգայնորեն բարձրաձայնման ֆոնին, որը Երեւանը հայտարարել է պաշտոնական քաղաքականության օրակարգային հարց:

Արցախի սուբյեկտության ելակետային հանգամանքը հենց արցախյան հանրության ազատ կամարտահայտմամբ ձեւավորված իշխանության, նախագահի եւ խորհրդարանի իրողությունն է, իշխանություն երեւույթի հիմնանորոգումն ու լեգիտիմության նոր աստիճանով ու բովանդակությամբ օժտումը:

Այդ հարցերի վերաբերյալ էական ակնարկներ հնչեցին օրերս՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Արցախ այցի ընթացքում: Հայաստանի նախագահը հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Արմեն Սարգսյանն ասել էր, որ ընտրական գործընթացը պետք է արձանագրի քաղաքական հաջողություն, որը պետք է ապահովի Արցախի քաղաքական հաղթանակը միջազգային ասպարեզում:

Արմեն Սարգսյանի այցին Արցախում նախորդել էին նախընտրական շրջանի երեւույթներ, որոնք հանրությանը թույլ էին տվել խոսել այն մասին, որ ինչ-ինչ շրջանակներ, որոնց Արցախում բավականին լավ են ճանաչում կամ նույնականացնում, փորձում են Արցախի նոր հնարավորությունը սեւացնել հին համակարգի մեթոդներով եւ տրամաբանությամբ:

Այդ իմաստով հատկանշական էր թե Արմեն Սարգսյանի այցն Արցախ, թե դրանից հետո ԱԽ քարտուղարին Արցախ գործուղելու Նիկոլ Փաշինյանի որոշումը: Արդյոք նախագահ Սարգսյանը Երեւան վերադարձով Նիկոլ Փաշինյանին փոխանցել է տեղեկություններ, որոնք առաջացրել են արդեն անմիջականորեն վարչապետի միջամտության անհրաժեշտություն՝ ԱԽ քարտուղարի գործուղմամբ: Արցախում քվեարկության օրից մի քանի օր առաջ ինչ ուղերձ է փոխանցելու պաշտոնական Ստեփանակերտին Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments