Ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը կհսկի ոստիկանությունը. ԱԱՏՄ-ն վարույթներ է հարուցել

- in Հասարակություն

Արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շրջանառության մեջ է դրվել ցուցման նախագիծ, որով սահմանվելու է, թե ինչպես են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը:

Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Այս պահի դրությամբ պարետատան մեր գործընկերներն աշխատում են մի նախագծի վրա, որը ժամեր անց կընդունվի: Այդտեղ հստակ կետ կա, որտեղ նշված է, որ մենք ծանուցում ենք ուղևորին, որը պետք է ինքնամեկուսացվի, և, եթե նա չմեկուսացվի, այդ տեղեկությունը բացի Առողջապահության նախարարությունից, կգնա նաև ոստիկանություն: Բացի այն, որ նա կենթարկվի վարչական պատասխանատվության, արդեն ոստիկանությունը կհսկի նրա ինքնամեկուսացված լինելու փաստը»,- ասաց Ավագյանը:

Ավագյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 հոգի:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը։ Հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,- նշեց Ավագյանը։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոբուսի կողաշրջման դեպքը ծառայողական քննության ենթարկելու ծանուցում է ուղարկել «Գլորիա» ընկերության տնօրենին: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Մենք այսօր տվել ենք ծանուցում «Գլորիա» ընկերության տնօրենին այն մասին, որ նրանք պարտավոր են իրականացնել ծառայողական քննություն, որպեսզի պարզեն, թե ում մեղքով է եղել այդ պատահարը և արդյունքների մասին տեղեկացնեն մեր տեսչական մարմնին: Արդյունքներից կախված՝ մենք կիրականացնենք նաև վարչական վարույթ, որպեսզի տեսնենք՝ այդտեղ գործատուի մեղքը կա՞, թե՞ ոչ, և արդյոք խախտվել են ՀՀ օրենսդրության կետերը»,- ասաց Ավագյանը:

Վթարից հետո պարզվել էր, որ ավտոբուսում եղել են «Գլորիա» ընկերության արտադրամաս մեկնող աշխատակիցները:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին ժամը 08։43-ին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել էր, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով 20 մարդ տեղափոխվել էր Սպիտակի բժշկական կենտրոն, 2 մարդ՝ Վանաձորի բժշկական կենտրոն։

ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Հունվարի 24-ից սկսած մեր սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի: Անձնակազմի թվաքանակի ավելացում է եղել մոտ երկու անգամ, տեխնիկական հագեցվածության, մեր աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և այլ համալրումներ: Հսկիչ կետերից անմիջական հոսպիտալացում է տեղի ունեցել 65 անձի համար, իսկ մեկուսացվածների թիվը հասնում է 100-ի»,- ասաց Ավագյանը:

Հակոբ Ավագյանը նշեց, որ մեկուսացված քաղաքացիների մեջ են նաև Իտալիայից չարթերային չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments