Իտալիան բաժանվու՞մ է. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պատրաստվել

- in Միջազգային

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը դաշտային հոսպիտալ է ուղարկել Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել միջազգային մամուլում, որ Իտալիայի պաշտպանության նախարարությունն այդ պայքարում օգնություն էր խնդրել Պենտագոնից:

ՆԱՏՕ անդամ Իտալիա է ժամանել նաեւ ՌԴ ռազմական մասնագետների խումբը: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ վարակաբանների, ռազմաբժիշկների մոտ 100 հոգանոց խումբ եւ տարբեր պարագաներ է ուղարկել Իտալիա: Դրանից առաջ Իտալիա էին ժամանել չինացի բժիշկները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձն են բերել այդ երկիր:

Կորոնավիրուսի իտալական ողբերգությունը ցնցել եւ ապշեցրել է շատերին, թե ինչու՞ հանկարծ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության, Մեծ Յոթնյակի անդամ այդ պետությունը դարձավ համաճարակից ամենաշատ տուժած եւ փաստորեն նաեւ Եվրամիության ու այլ երկրների ամենից շատ «վարակած» օջախ:

Ի՞նչը սխալ արեցին իտալացիները: Հնչում է կարծիք, թե նրանք թերագնահատել են վտանգը՝ իրենց բնորոշ կենսախինդ թեթեւությամբ: Միաժամանակ տպավորություն է, որ Իտալիային պարզապես պատժում են՝ «անհնազանդ կենսախնդության» համար: Կորոնավիրուսը միաժամանակ զարկ է տվել կոնսպիրոլոգիային, ընդ որում, թերեւս ոչ առանց հիմքերի: Ի վերջո, ժամանակակից աշխարհն իր տեխնոլոգիական գերհեղափոխությամբ հնարավոր է դարձրել գրեթե անհնարին թվացողը:

Ակնառու է, որ Իտալիան դարձել է ոչ միայն վարակի, այլեւ գործնականում աշխարհքաղաքականության կարեւորագույն օջախ: Կբաժանի՞ կորոնավիրուսն Իտալիան, կամ կսկսի՞ բաժանել այդ թերեւս ամենակոնտրաստային երկրներից մեկը, որի հյուսիսից հարավ տարբեր ռեգիոնների «անհամադրելիությունը» աչք է ծակել միշտ:

Արդյոք Իտալիան դառնում է նոր աշխարհակարգի յուրօրինակ մանրակերտերից կամ այսպես ասած մոդելավորման առանցքային հարթակներից մեկը, ուր վտանգի դեմ պայքարի հիմքով ծավալվում է ամերիկյան, ռուսական եւ չինական յուրօրինակ մրցակցություն:

Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ կարող է տեւել ավելի երկար, քան թվում էր, կառավարությունում արտակարգ դրության վերաբերյալ հերթական քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, որ պետք է գտնել հայաստանյան կյանքի կազմակերպման այնպիսի մոդել, որը թույլ կտա համաշխարհային անորոշության պայմաններում հասնել կենսագործունեության բնականոն ռեժիմի:

Հայաստանում իրավիճակի կայծը եւս Իտալիայից էր: Իտալիայից էլ սկսելու՞ է համաշխարհային շիջումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments